կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-28 15:30
Քաղաքական

Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր

Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր

Հայ ականավոր քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):

Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, Ախալքալակում: Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են  Ջավախք: 1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում: 1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում, որը գերազանցությամբ ավարտելով՝ ստանում է ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին: 1910թ. ամռանը Քաջազնունին ձերբակալվում է հայտնի հակադաշնակցական գործի շրջանակներում: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում: 1917-ին նա ընտրվում է Հայոց Ազգային Խորհրդի անդամ, 1918-ին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ:

Նա ստանձնեց վարչապետությունը Հայատանի համար բավական դժվար պայմաններում,  Հայաստանում ժողովրդի վիճակը մնում էր բավականին ծանր. սնունդ չկար: Վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդին առաջարկեց՝ սովի դեմն առնելու համար՝ դիմել դաշնակից պետություններին, մասնավորապես ԱՄՆ-ին:

Հայաստանի խորհուրդը հանձնարարեց վարչապետին՝ ուղևորվել Եվրոպա և ԱՄՆ՝ խնդրին լուծում տալու համար: Քաջազնունու վարչապետության շրջանի բնորոշիչը հիմնականում համարվում է այն, որ օրհասական այդ օրերին երկրի վարչապետն իր անձնական մասնակցությամբ կարողացավ լուծել Հայաստանի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով: 

Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է. «Իբրև արևելցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ՝ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք: Իբրև գրասեր գրել եմ դեսից-դենից: Իբրև տնաբույս փիլիսոփա՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին», - նրա հետ հաճախ էր փոխկանչի մեջ մտնում մեկ ուրիշ վարչապետ՝ Երրորդ հանրապետության ութերորդ վարչապետը՝ Վազգեն Սարգսյանը. նա հաճախ էր սրտի ցավով հիշում, թե ինչպես, «վագոն չլինելու պատճառով» Հայաստանի առաջին կառավարությունը չէր կարողանում Թիֆլիսից Հայաստան գալ. հետո էլ կառավարությունը եկել էր Հայաստան ու չէր կարողանում Եռագույնի համար կտոր ճարել իր հայրենիքում, ու ստիպված էր դրսից բերել կտորը: 

Քաջազնունու վարչապետությունը տևեց մինչև 1919թ. օգոստոսը: Նույն թվականի փետրվարին որոշում կայացվեց նրան ուղարկել ԱՄՆ, որպես պաշտոնակատար նրան փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Թումանյանի մասին նրա հուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն: 
Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում: Սակայն 1924թ. վերադարձավ Երևան և տարիներ հետո՝ 1937թ. ձերբակալվեց: Իր մահկանացուն կնքեց 1938թ.-ին, ՆԺԿ բանտում: