կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-24 17:10
Հասարակություն

Ինչո՞ւ Քաջազնունին գրեց «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկը

Ինչո՞ւ Քաջազնունին գրեց «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկը

Yerkir.am-ը  ներկայացնում է ականավոր պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Հակոբյանի ծավալուն անդրադարձը՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու  «Հ.Յ.Դաշանկցութիւնը անելիք չունի» աղմկահարույց հրապարակման ի հայտ գալու դրդապատճառներին:  

Զուտ գիտական փաստերի և եզրակացությունների հիման վրա շարադրված սույն աշխատանքը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, հիմնովին մերկացնում խորհրդային, իսկ այնուհետև՝ վերանկախացած Հայաստանի տերպետրոսյանական իշխանությունների շահարկումները և վերջակետ դնում այս թեմայով ծավալվող էժանագին քննարկումների ընթացքին: 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Մաս առաջին

Սմենովեխական խարխափումներից մինչև ստալինյան հալածանքներ

ՄՈՒՏՔ

Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որ կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տարբեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դատապարտելի քայլերի բացատրությունը:

Հայ քաղաքական մտքի տարեգրության մեջ Հովհաննես Քաջազնունու անունը երբեմն նույնացվել է ոչ թե Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետի՝ ավելի քան պարտավորեցնող իրողության, այլ 1923-ին Բուխարեստում հրատարակած «Հ.Յ.Դաշանկցութիւունը անելիք չունի»1 գրքույկի հետ, որը բոլշևիկյան քարոզչամեքենայի կողմից կատարված «այլ ևս2» հավելումի միջոցով  70 տարի շարունակ օգտագործվում էր իբրև հակադաշնակցականության յուրօրինակ «Մանիֆեստ»:

Պատմության բեկումնային պահերին անգամ ամենահամոզված քաղաքական գործիչների մոտ նկատվող հուսալքության ու տատանումների դեպքերը փոքր թիվ չեն կազմում համաշխարհային պրակտիկայում և Հայոց պատմությունն այդ առումով ամենևին էլ բացառություն չէ: Ուստի մեր օրերի պատմագրության խնդիրը ոչ թե նման իրողությունների վրա քաղաքական կապիտալ  կուտակված քարոզիչների փաստարկների կրկնությունն է, այլ տարբեր պատճառներով խարխափումների մեջ հայտնված պատմական անհատների պահվածքը հասկանալու և բացատրելու ունակությունը: Հասկացման տեսությունը՝ հերմենևտիկան, մեզ ընձեռնում է նման հնարավորություն, ուստի օգտվելով նրա մեթոդաբանական մոտեցումներից՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում 1920-ական թթ. հայ իրականության մեջ ևս դրսևորված՝ խորհրդային վարչակարգի հետ հաշտվելու և համակերպվելու ընդհանուր մտայնության թակարդն ընկած Հովհ.Քաջազնունու (նաև այլ գործիչների)՝ սմենովեխական խարխափումների պատմությունը: Սույն հրապարակման երկրոդ մասում, իբրև հարցի շարունակություն, պատրաստվում ենք տպագրել 1937-ի ձերբակալությունից առաջ և հետո Քաջազնունու դեմ խորհրդային չեկայի հավաքած նյութերը, նրա հարցաքննության, գնդակահարության դատապարտվելու, տանջալից մահվան և ապա քաղաքական արդարացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք նոր-նոր են միայն բացվել ուսումնասիրողների համար:

   1. Եղե՞լ է արդյոք «հայկական սեմենովեխականություն»

Հայաստանի խորհրդայնացումից, 1921թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից ու հատկապես Հայկական հարցի փակուղի մտնելուց հետո, հուսալքման հոռետեսական տրամադրություններ առաջացան հայ ազատական, մասամբ նաև՝ դաշնակցական մտավորականության առանձին ներկայացուցիչների մոտ: Հայտնվելով օտար ափերում՝ նրանք սկսեցին մտածել հետագա քաղաքական հեռանկարի, իրենց անելիքների, խորհրդային վարչակագի հետ «լեզու գտնելու», երկրի տնտեսական ու մշակութային վերաշինությանը այս կամ այլ կերպ մասնակցելու մասին: Ուստի բոլշևիզմի հետ հաշտվելու և համակերպվելու՝ ռուս վտարանդիական շրջանակներին բնորոշ սմենովեխական գաղափարախոսությունն իր արտահայտությունը գտավ նաև արտասահմանում հայտնված հայ մտավորականության մեջ և հայտնվեցին այդ մտանության հայ հետևորդներ:

Քաղաքացիական պատերազմից հետո ռուս վտարանդիական մտավորականության շրջանում առաջ  եկած և բոլշևիկների կողմից «Սմենովեականություն» («Сменовеховство») բնորոշված հոսանքը որոշակի ազդեցությոն է ունեցել նաև հայ իրականության վրա: Հասկացությունը ծագում էր մի խումբ ռուս-վտարանդիական գործիչների՝ Ն.Ուստրյալովի, Յու Կլյուչիկովի, Ա.Բոբրիշչև-Պուշկինի և ուրիշների կողմից 1921թ. ամռանը Պրահայում լույս տեսած «Смена вех» («Ուղենիշների փոփոխություն») ժողովածուի անվանումից: Ռուսաստանում Նոր տնտեսական քաղաքականությամբ (ՆԷՊ) պայմանավորված քաղաքական նոր իրողությունների լույսի տակ նրանք կոչ էին անում բոլշևիկներից  պարտված մտավորականությանը համագործակցել  խորհրդային իշխանությունների հետ, մասնակցություն ունենալ երկրի վերաշինության գործին՝ միաժամանակ հույս փայփայելով, որ ժամանակի ընթաքում բոլշևիկյան ծայրահեղական գաղափարախոսությունն ու քաղաքականությունը կփոխվի, խորհրդային պետությունը կբարեշրջվի, և ի վերջո՝ ազատական, ժողովրդավարական գաղափարները կհաղթանակեն:

Ռուս վտարարանդիական այդ հոսանքը դեմ էր «սպիտակ» վտարանդիների (վրանգելյան)3 թևի գործելակերպին, որոնք փորձում էին զինված պայքարի միջոցով տապալել խորհրդային վարչակարգը:  Ուստի մինչև 1920-ական թթ. կեսերը կումկուսը փորձում էր սմենովեխականների հանդեպ վարել շատ թե քիչ հանդուրժողական քաղաքականություն: Բայց 1920-ական թթ. վերջից, այպես կոչված՝ ամբողջական ճակատով սոցիալիզմի հարձակման կուրսի պայմաններում երկրում տարվող մեղմ քաղաքականությունը ևս կտրուկ փոխվեց: Փաստերը ցույց են տալիս, որ ճիշտ նույն քաղաքականությունը իր երկու փուլով՝ հանդուրժողական և ապա՝ հարձակողական, գործադրվել է նաև Խորհրդային Հայաստանում:

1920-ական թթ.կեսերին սմենովեխական համարվող գործիչների մասին անգամ թույլատրվեց վերադառնալ և աշխատել հայրենիքում: Խորհրդային երկիր վերադարձան Ա.Տոլստոյը, Ե.Տառլեն, Մ.Շահինյանը, Վ.Բոգոռազ-Տանը և ուրիշներ4: Հայրենիք վերադարձավ նաև սմենովեխականության հիմնադիր ու գաղափարախոս, փիլիսոփա Նիկոլայ Ուստրյալովը: Սակայն 1930-ական թթ. հարյուր հազարավոր մտավորականնների ու գործիչների նման, Ն.Ուստրյալովը ևս դարձավ քաղաքական բռաճնշումների զոհ: Նա մեղադրվեց լրտեսության, հակահեղափոխական ու հակախորհրդային քարոզչության մեջ և ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի վճռով 1937թ. սեպտեմբերին գնդակահարվեց:

Հարց է ծագում. արդյո՞ք ճիշտ նույն ճակատագրին արժանացած Հ.Քաջազնունուն և մյուս հայ գործիչներին բնորոշ՝ բոլշևիկների հանդեպ համաձայնողական-հաշտվողական վերաբերմունքը ընդօրինակված էր ռուսականի իրականությունից, թե՞ ուներ նաև տեղական սոցիալական և գաղափարական նախադրյալներ ու առանձնահատկություններ: Մեր կարծիքով՝ այդ հոսանքը հայ իրականության մեջ նույնպես մտավորականության առանձին ներկայացուցիչների անխուսափելի արձագանքն էր ստեղծված իրավիճակին: Ինչպես ռուսական «սպիտակ» շարժումը, այնպես էլ ՀՅԴ-ն, իշխանության համար պայքարում պարտվել էին, առանձին գործիչների մոտ առաջացել էին անկումային տրամադրություններ, ոմանք կարծում էին, որ պետք է հարմարվել ու հաշտվել  իրականության հետ:

Բայց իբրև տեղակայան առնաձնահատկություն՝ հայ սմենովեխականության ներկայացուցիչների մոտ, ի տարբերություն ռուսականի, ի հայտ եկավ ընդգծված ազգային թեքում: Քանզի անկումային տրամադրությունների տեսակետից հայկական սմենովեխականության վրա, անպայման իրենց ազդեցությունն ունեցան Հայկական հարցի փակողի մտնելու իրողության ծնունդ՝ հակաարևմտյան տրամադրություները: Հիասթափված Արևմուտքի տերություների մեծապետական, շահամոլ քաղաքականությունից և ի հակակշիռ դրա՝ բոլշևիզմը և խորհրդային պետությունը դիտելով որպես նոր ուժ՝ նրանք սկսեցին մտածել, համագործակցելով փոքր, հարստահարված ժողովուրդների ազատագրության մասին խոսող խորհրդային-բոլշևիկյան հզորացող պետության հետ՝ միգուցե հնարավոր է նրա օգնությամբ լուծել Հայկական հարցը: Այդ մտայնության ներկայացուցիչները դատում էին հետևյալ  կերպ. եթե ՀՅ Դաշնակցությունը՝ իբրև քավության նոխազ, հեռանա ասպարեզից, միգուցե՝ համագործակցելով բոլշևիկների կուսակցության հետ՝ հնարավոր լինի ժամանակի ընթացքում լուծել հայկական հողերի հարցը: Ցավոք, նման պատրանք ունեցել են ոչ միայն ռամկավարներն ու արմենականները կամ՝ հնչակյանները, այլև՝ ամենովեխական որակումը ստացած ՀՅԴ առանձին գործիչներ՝ Հ.Քաջազնունին, Ա.Ղազարյանը և ուրիշները:

Իբրև մեկ այլ յուրահատկություն՝ հարկ է նշել, որ Հայաստանի խորհրդայանցումից հետո բացի ՀՅ Դաշանակցությունից՝ հայ ազգային գրեթե բոլոր կուսակցությունները լոյալ վերաբերմունք են դրսևորել և պատրասատակամություն են հայտնել համագործակցելու խորհրդային պետության հետ: Խոսքը վերաբրվում է դրսի ու հատկապես ներսի Ս.Դ.Հնչակին, Հայ ռամկավարներին (ՌԱԿ), Հայ Ս.Դ. մենշևիկներին, այսպես կոչված Ինտերնացիոլանիստ ձախ դաշնակցականներին, սպեցիֆիկներին և այլն: Ուստի՝ ՀՍԽՀ հասարակական-քաղաքական  և գաղափարական կյանքում առանցքային նշանակություն ունեցած ՀԿ(բ)Կ ԿԿ-ի 1928թ. նոյեմբերյան պլենումում Հայհեղկոմի նախկին նախագահ Ս.Կասյանը համոզմունք էր հայտնում, որ հայ սմենովեխականության հիմնական մոտիվը ռուսական օրիենտացիան է5: Այլ խոսքով՝ հայ սմենովեխականների քաղաքական կողմոնորոշումը եղել է անվերպահորեն ռուսական: Բայց դա չէր նշանակում անպայման՝ խորհրդային: Օրինակ՝ Հայ ռամկավարները դրսևորել են անսքող ռուսական կողմնորոշում, սակայն լինելով ազատական ու ժողովրդավարական արժեքներ կրողներ՝ դեմ էին խորհրդային վարչակարգին: Ի դեպ, խորհրդարամետ դիրքորոշում է ունեցել նաև Անդրանիկը: Խորհրդային Հայաստանի ու նրա  բոլշևիկյան ղեկավարության մասին Անդրանիկի ունեցած համոզմունքներն ընդհանուր գծերով համապատասխանում էին գաղութահայության մեջ գործող Ս.Դ.Հնչակի և ՌԱԿ-ի, ինչպես նաև նոր առաջացող կոմունիստական խմբերի տեսակետներին: Զորավարը Պողոս Նուբարի շնորհվ ավելի կապված էր ՌԱԿ-ին: Նա չէր կիսում ՀՅԴ-ի՝ խորհրդային կարգերի և բլշևիզմի մասին ունեցած պատկերացումները6: Ուստի Անդրանիկի հեղինակությունը և վերը նշված կուսակցությունների ողջ հոսանքը իբրև քաղաքական զենք օգտագործվում էր ՀՅԴ դեմ պայքարում:

Հայտնի էր նաև, Հայաստանի խորհրդայնացումից հետո, հանգմանանքերի թելադրանքով, սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների ներկայացուցիչները անհատական կամ խմբային ձևով պատրաստակամություն են հայտնել հրաժարվել իրենց կուսակցություններից և զանգվածաբար մտնել կոմկուսի շարքերը: Բայց հետագայում հենց միայն նախկինում այլ կուսացության պատկանելու համար արդեն 1930-ական թթ.նրանք պիտի ենթարկվեին քաղաքական բռնաճնշումների: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները, ի տարբերություն սմենովեխական կոչվածների, ամենևին էլ ակնկալիքներ չեն ունեցել, թե, համագործակցելով բոլշևիկների ու խորհրդային պետության հետ, իբր՝ դրանով
կնպաստեն խորհրդային պետության վերափոխմանըՆրանք նման խնդիր չեն իրենց առջև: Ավելին՝ սոցիալիզմին նվիրվելու ու ծառայելու տեսակտեից հնչակյանների գործելակերպը էապես չի տարբերվել բոլշևկյանից:  Տարբերությունը նրանում էր, որ իբրև ազգային կուսակցություն՝ հնչակյաննները շարունակել են հետամուտ լինել Հայկական հարցի լուծմանը, անգամ հույսեր են կապել Կոմիտերնի ու համաշխարհային հեղափոխության հաղթանակի հետ7:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, ապա նա խորհրդային իշխանության դեմ զինված առճակատման ռազմավարություն չի որդեգրել և նրա հակամտությունն արտահայտվել է քաղաքական-գաղափարական դաշտում: Դրանում կարելի է համոզվել Փետրվարյան ապստամբությւոնից հետո՝ 1920-ական թթ. և հետագա տարիներին նրա խորհրդաժողովների ու ընդհանուր ժողովների պաշտոնական որոշումների քննությունից:  ՀՅԴ արտասահմանյան մարմինների Վիեննայի (1923թ. ապրիլ-մայիս) արտակարգ խորհրդաժողովը Խորհրդային իշխանության հանդեպ վարվելիք քաղաքականության հարցում որոշում է՝ մնալով «ընդդմադիր պոլշևիկեան ամբողջատիրթեան և անոր մեթոտներուն» ՀՅ Դաշնակցությունը «…Հայաստանի համայանվար վարչաձևը տապալելու նպատակաւ բռնամիջոցներու և զէնքի պիտի չդիմի: Ընդհակառակն, Դաշնակցութիւնը ամեն կերպով պիտի աջակցի Երկրի վերաշինութեան գործին»8: Անգամ խորհրդային պատմակուսակցական գրականության մեջ բացահայտ հակախորհդային ու հակառուսի որակում ստացած Ռուբեն Դարբինյանը (Արտաշես Չիլինգարյան) «Հայրենիք» թերթի խմբագրականում գրում էր. «մենք բացարձակապէս հակառակ ենք ապստամբական որևէ շարժման Հայաստանի մէջ, ներկայ խորհրդային ռեժիմի դէմ, որքան ատեն որ միջազգային  քաղաքական պայմանները մեր երկրի շուրջը հիմնական ու մեզի համար նպաստաւոր փոփոխութեան մը ենթարկուած չեն (ընդգծումները բնագրին են-Ա.Հ.)»9:

Բացի Բուխարեստի 1921թ. ապրիլի և Վիեննայի 1923թ. ապրիլ-մայիսի հայտնի խորհրդաժողովներից՝ խորհրդային իշխանության հադեպ լոյալ կեցվածք որդեգրելու որոշում էր կայացրել ՀՅԴ Ամերիկայի շրջանակի 1924թ. պատգամավորական ժողովը: Նրանում շեշտվել էր, որ «Մեր ազգային գերագոյն շահերն ու իդեալները իրականացնել կարենալու համար Հ.Յ. Դաշնակցութիւնը պարտաւոր է մնալ լոյալ ընդդիմադիր (որոշմանն է –Ա.Հ.) իր նախկին դիրքին մէջ հանդեպ խորհրդային կառավարությանը (նույնը-Ա.Հ.) շարունակելով միաժամանակ բոլոր տրամադրելի միջոցներով նպաստել Հայաստանի վերաշինութեան, հայ ժողովրդի ազգահավաքման, տնտեսական զարգացման ու ազգային-կուլտուրական առաջադիմութեան գործին»10: Ինքնին հասկանալի է, որ վերը բերված վավերագիր նյութը վկայում է ՀՅԴ պաշտոնական դիրքորոշման մասին, ինչը որևէ աղերս չունի «սմենովեխականություն» կոչված երևույթի հետ:

Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծված ոչ ապահով վիճակը ինքնին պայմանավորվում էր հայ քաղաքական կուսակցությունների առավել հանդուրժողական ու լոյալ վերաբերոմունքը խորհրդային պետության ու կոմինիստական կուսակցության հադեպ: ՀՅԴ-ն դեմ էր բոլշևիկյան վարչակարգին, բայց ոչ Ռուսաստանին ու ռուս ժողովրդին: Հայ քաղաքական կուսակցություներից, թերևս, միայն ՀՅԴ-ն չընդունեց բոլշևիկյան վարչակարգը, սկզբունքային ու տևական գաղափարական պայքար մղեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը և կոմունիստական մենիշխանության ավարտը:

Դրա հետ մեկտեղ՝ ռուսական սմենովեխականությանը նմանվող մտայնությունը այսպես թե այնպես դրսևորվեց դաշնակացական առանձին անհատների մոտ, որոնք կարծում էին, որ պետք է հաշտվել բոլշևիկների հետ, օժանդակել խորհրդային պետությանը, անգամ հեռանալ քաղքական ասպարեզից՝ հույս ունենալով , որ այդ վարչակարգը բարիք կբերի Հայաստանին ու հայ ժողովրդին և ի վերջո կլուծի հայկական հողերի հարցը: ՀՅԴ գործիչների շարքում նման մտայնության ամենատիպական ներկայացուցիչը համարվում է Հովհաննես Քաջազնունին՝ շնորհիվ իր հանրահայտ գրքույքի11:

       
         2. Հովհաննես Քաջազնունու դիքորոշման անսպասելի փոփոխությունը

 Երբ ծանոթանում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Հովհ.Քաջազնունու ցնցող վերնագրով գրքույկին, առաջին հայացքից թվում է, թե լուրջ ճգնաժամ էր տիրում Դաշնակցության շարքերում, որովհետև դրանվ բարձրացվում էր երեք տասնամյակից ավելի բեղուն գործունեություն ծավալած, հայ քաղաքական կյանքն ու միտքը հիմնականում իր ուսերին տարած, Առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական կուսակցության գործունեության դադարեցման հարցը: Բայց երբ իրերի վիճակը քննում ենք ըստ էության, ապա տեսնում ենք, որ ներկուսակցական ճգնաժամի խնդիր չկար: Դա կուսակցության մի քանի գործիչների, այդ թվում՝ Հ.Քաջազնունու սուբյեկտիվ արձագանքն էր նոր իրավիճակին՝ փոփոխված կացությանը:

Դժվար է միաժամանակ բացատրություն տալ Քաջազնունու հայացքների կտրուկ փոփոխության պատճառներին: Դա միգուցե կարելի էր բացատրել 1921թ. Փետրվայրյան ապստամբությունից հետո նրա հուսալքումով, անկայուն հոգեվիճակով կամ էլ  խորհրդային երկրում որդեգրած ՆԷՊ-ի քաղաքականությամբ: Վերջինս սմենովեխական մտայնության ոգով երկրի ազատականացման հույս էր ներշնչում:Հնարավոր է, որ Հ.Քաջազնունու դիրքորոշման փոփոխության վրա ազդեցություն են գործել միաժամանակ և՛ հուսալքությունը, և՛ ՆԷՊ-ով պայմանավորված նոր հանգամանքները և՛ անձնական հարցը լուծելու՝ ընտանիքի վերամիավորմանը հասնելու ցանկությունը: Վերջինիս հանգամանքը հաստատում են հոր ողբերգական մահից հետո Հ.Քաջազնունու դստեր՝ Մարգո Քաջազնունու կատրած անկեղծ խոստովանությունները: Հ.Քաջազնունու ընտանիքի մետերիմ բարեկամ, նշանավոր պատմաբան Դերենիկ Մուրադյանի վկայությամբ՝ 1950 թվականին իրենց տանը տեղի ունեցած զրույցի ժամանակ Մարգո Քաջազնունին անկեղծորեն խոստովանել է, որ իր հայրը «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գիրքը գրել է զուտ անձնական շարժառիթներով՝ հայրենիք վերադառնալու, ընտանիքի հետ վերամիավորվելու և սիրած գործով՝ ճարտարապետի աշխատանքով զբաղվելու համար, ուստի՝ «Հ.Քաջազնունու գիրքը յուրահատուկ անցաթուղթ-пропуск է եղել Հայաստան գալու համար»12:

Իսկապես, մինչև իր գրքույկի շարադրանքը Հ.Քաջազնունին ունեցել է խոհրդային վարչակարգի հետ համակերպվելու և համագործակցելու սմենովեխական տրամադրություններ, սակայն, դրանք հիմնավորել է ՀՅԴ-ի հետագա գոյության անհրաժեշտության դիրքերից: Այսինքն՝ նա նոր խնդիրներ է դրել կուսակցության առաջ, ածխատել է գործունեությունը տանել որոշակի ուղղությամբ և ոչ թե հիմնավորել անելիքի կատարյալ բացակայությունը: Վերջին իրողությունը բնորոշ էր ոչ թե սմենովեխական հովերով տարված Հ.Քաջազնունու և Ա.Ղազարյանի նման դաշնակցականների, այլև ՀՅԴ «ինքնալիկվիդացման» մարմանջով տառապող հայ բոլշևիկներին:

Որպես ասվածի ապացույց նշենք, որ Հ.Քաջազնունին 1922թ. ՀՅԴ Կ.Պոլսի «Ճակատամարտ» թերթի մայիսի վերջի և հունիսի 6 համարներում տպագրել էր տվել «Ի՞նչ պետք է ըլլա մեր ուղին»  խորագրով հոդվածաշարը: Թերթի խմբագիրը, համաձայն չլինելով նրանում ՀՀ անդրանիկ վարչապետի առաջ քաշած շատ տեսադրույթներին, այնուամենայնիվ, չէր առարկել, որ հոդվածաշարը հրապարակվի բաց քննարկման համար: Այստեղ, Հայաստանի խորհրդայանցումից հետո ստեղծված իրադրության պայմաններում Հ.Քաջազնունին պետականաշինության գործում Դաշնակցության մասնակցության երկու հնարավոր տարբերակ էր մատնանշում: Առաջին՝ ՆԷՊ-ի քաղաքականության պայմաններում բոլշևիկյան կուսակցությունը աստիճանաբար կհրաժարվի նախկին ուղղափառությունից, կսահմանափակի բռնի մեթոդները, այլախոհ կուսակցությունների գործունեության համար կապահովի որոշ ազատություններ: Նման պայմաններում Դաշնակցությունը պետք է հանդես գա իբրև քաղաքական ընդդիմություն և փորձի բոլշևիզմի դեմ պայքարել օրինական միջոցներով: Երկրոդ՝ Հ.Քաջազնունին հնարավոր էր համարում, որ բոլշևիկները գնան ավելի հեռու՝ ընդդիմության հետ կազմելու քաղաքական կոալիցիա: Այս դեպքում, ըստ նրա, Դաշնակցությունը ՝ իբրև Հայաստանում ամենակազմակերպված քաղաքական ուժ, պատրաստ պետք է լինի բոլշևիկների հետ կոալիցիային՝ վերցնելով պատասխանատվության իր բաժինը: Ավելին, Քաջազնունին չէր բացառում նաև երրորդ  տարբերակը. այն է՝ դեպքերի բերումով «Դաշնակցությունը նորից կոչված լինի ղեկավարող դեր ստանձնելու»13:

Ինչպես տեսնում ենք այս հոդվածաշարում, Քաջազնունին խորհրդային վարչակարգի պայմաններում որոշակի տեղ ու դեր էր հատկացնում Դաշնակցությանը՝ օրինական ընդդիմությունից մինչև ղեկավար դերակատարության ստանձնում: Սակայն, Հ. Քաջազնունու կողմից ներկայացված հնարավոր տարբերակների, արտահայտած մտքերի ու դատողությունների մեջ դժվարանում ենք իրատեսական որևէ բան նկատել: Ով քիչ թե շատ ծանոթ էր բոլշևիզմի գաղափարախոսությանը, նրա մենիշխանական ձգտումներին, ծայրահեղական գործելակերպին, ծրագրային հավակնություններին, կարող էր առանց վարանելու չհամաձայանվել այս անգամ տեսաբանի դերակատարություն ստանձնած նախկին վարչապետի դատողություններին: Նշված հոդվածաշարում արտահայտված մտքերից էականն այն էր, որ Հ.Քաջազնունին ընդունում էր խորհրդայնացած Հայաստանում Դաշնակցության կշռելի դերակատարության հնարավորությունը, մի բան, որը դրանից ամիսներ անց՝ 1923թ.  մարտին, չենք տեսնի Բուխարեստում նրա գրած զեկուցագիր-գրքույկում: Այստեղ Հ.Քաջազնունին քաղաքական կտրուկ շրջադարձ է կատարել:

Սակայն «Ի՞նչ պետք է ըլլա մեր ուղին» հոդվածաշարում, ուշադրություն են գրավում Քաջազնունու առաջ քաշած մի քանի տեսադրույթներ, որոնք իրենց հետագա զարգացումը ստացան նրա գրքույկում: Նա իրավացիորեն հիմնավորում էր այն գաղափարը, որ Հայաստանը գյուղացիական, մանր սեփականատիրական երկիր է և դեռ պատրսատ չէ ընկերվարական կարգերի համար: Ինչպես նկատում ենք, Հայաստանի տնտեսական վերաշինության ճանապարհին մանրապրանքային տնտեսության զարգացման առումով Քաջազնունու մատնանշած հեռանկարը համահունչ էր խորհրդային երկրում գործադրվող ՆԷՊ-ի քաղաքականությանը: Ավելի կոնկրետ՝ Հայաստանի վերաշինության ճանապարրհին նա դեմ էր արտահայտվում հողերի համայնացման (կոլեկտիվացման) ծրագրին: Դրա փոխարեն, իրավացիրոն, Հայաստանի համար ընդունելի էր համարվում անհատական (ֆերմերային) տնտեսության զարգացումը:

Ուշագրավ է, որ Հ.Քաջազնունու տնտեսական ոլորտին վերաբերվող այս մտքերին,  անդրադարձել է ՀԿ(բ)կ ԿԿ-ի այն ժամանակվա քարտուղար Աշոտ Հովյանննիսյանը: Վերջինս գտնում էր, որ անհատական, մանր ապրանքային տնտեսության վերականգնման ու զարգացման իր առաջարկներով Հ.Քաջազնունին փաստորեն հանդես է գալիս «Կապիտալիզմի ռեստավրացիայի պահանջով»14:  Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարաի հարցերում հենց այս մոտեցումները նկատի ունենալով՝ Աշոտ Հովհաննիսյանը Քաջազնունուն նմանեցնում էր ռուս սմենովեխականներին:

Հավատարիմ էսեռների, նաև Դաշանակցության ագրարային ծրագրին, որն ինչպես հայտնի է 1917-ին իր նպատակաների համար իրագործեց Վ.Լենինը, սկզբում Հ.Քաջազնունին կարծում էր, որ հողը պետք է տրվի գյուղացուն մշտական օգագործման,  բայց ոչ որպես սեփականություն: Ցավոք, Առաջին հանրապետությանը բաժին ընկած ծանր իրավիճակի, ժամանակի սղության, թշնամական շրջափակման, մշտական պտերազմների և այլ պատճառներով հնարավոր չեղավ կյանքի կոչել հողերի սոցիալիզացիայի էսեռադաշնակցական ծրագիրը: Սակայն, բոլշևիկների հետ համագործակցելու համար հետագայում ՀՀ առաջին վարչապետ Քաջազնունին նրանց հետ կոմպրոմիսի դաշտ էր փնտրում: Նա կարծում էր, որ Դաշնակցությունը պետէ հրաժարվի իր տնտեսական պլատֆորմներից, օրինակ՝ առաջարկում էր գնալ հողերի պետականացմանը կամ ազգայնացմանը, ինչն ինչպես հայտնի է բոլշևիկյան ծրագրային դրույթներից էր15: Չնայած սկզբունքի տեսակետից Քաջազնունու համար անըդունելի էր նման քաղաքական կացությունը, ըստ նրա, թելադրում էր գործակցել բոլշևիկների հետ, մինչև որ հետագա վիճակը պարզվի:

Հ.Քաջազնունին իր «Ի՞նչ պետք է ըլլա մեր ուղին» հոդվածաշարի 6-րդ՝ ավարտական հոդվածում հարցադրում էր անում՝ ՀՅԴ-ն պե՞տք է արդյոք կրկին իր ձեռքը վերցնի Հայաստանի պետական ղեկը, թե՞ թողնի ասպարեզը ուրիշներին: Եվ դրան պատասխանում էր հետևյալ կերպ. «Անշուշտ, լավ կլիներ, եթե հայ իրականության մեջ գոյություն ունենար Դաշնակցությունից ավելի կարող և ավելի ձեռնահաս քաղաքական կազմակերպություն: Դժբախտաբար այդպիսի կազմակերպված ուժ չկա ասպարեզում և դարձյալ Դաշնակցությունն է, որ պիտի ճգնի անել իր լավագույնը»16:

Ինչպես, տեսնում ենք ՀՀ նախկին վարչապետը «Ճակատամարտ»-ի հոդվածաշարում փորձել էր ներկայացնել Խորհրդային Հայաստանի և ՀՅ Դաշնակցության հետագա հարաբերությունների, այդ թվում ՝ համագործակցության հնարավոր տարբերկաները:Բայց ինչպես արդեն ասվեց, ամիսներ անց նա արձանագրում է քաղաքական կտրուկ կերպարանափոխություն և պնդում, որ Դաշնակցւթյոքւնը սպասել է իրեն և, պետք է հեռնանա ասպարեզից և ղեկը հանձնի բոլշևիկներին: Պահի քաղաքական նպատակահարմարության (կոնյունկուրայի) ազդեցությամբ Հ.Քաջազնունին այն ժամանակավա շատ գործիչների և մտածողների նման որոշակի ակնկալիք է՝ ունեցել զորեղացող Խորհրդային Ռուսաստանից: «Հայաստան,-կարդում ենք նրա գրքույկում,-պէտք ունի բօլշևիկներին, որովհետև պէտք ունի Ռուսատանին», քանզի «մեր երկրի դժբաղդ աշխարհագրական դիրքը կապում է մեր ձեռներն ու ոտները»: «Այսօր Ռուսաստանի բարեացակամութիւնն ու պաշտպանութիւնը ունենալու համար, Հայաստանը ինքը խորհրդային պիտի լինի: Ուրիշ ելք չկա՝ ես գոնէ չեմ տեսնում»17: Այս հիմանվորմամբ, քաղաքական-գաղափարախոսական կտրուկ նահանջ կատարելով, նա գտնում էր, որ «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս, ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում. Նա վերջ պիտի դնի իր գոյութեան»18Նախկին վարչապետի ասածից ստացվում է, որ մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում փաստորեն հայտնվել էր Դաշնակցությանը փոխարինող համարժեք քաղաքական ուժ…

Ավելին, Հ.Քաջազնունին կարծում էր, որ եթե հայ բոլշևիկների գլխավոր ախոյան ՀՅԴ-ն հեռանա քաղաքական ասպարեզից, ապա խոհրային պետւթյունը խաղաղ և հանգիստ պայմաններում կիրագործի երկրի տնտեսական վերաշինությունը և աստիճանաբար կլուծի Հայ Դատը: Մեկ ալյ տեղ նա ակնարկում էր՝ «Հասկանանք.հայ բօլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են- ու արդեն շարունակում են –մեր գործը»19: Մոտավորապես այսպիսին էր Հ. Քաջազնունու սեմոնվեխական պատկերացումների հիմնական իմաստը, որոց արանքում նրա կատարած տարօրինակ ցատկը՝ բոլշևիկների հետ ՀՅԴ համագործակցության անհրաժեշտությունից դեպի ՀՅԴ բացակայության մասին հայտնի թեզը, որևէ քաղաքական կամ գաղափարական պատճառաբանություն չուներ, ինչը գալլիս էր հաստատելու հետագայում նրա դստեր կատարած խոստովանության իսկությունը: Հայրենիք վերադառնալու և ընտանիքին միանալու համար նրան անհրաժեշտ էր «քաղաքական անցաթուղթ», ինչը ՀՅԴ «ինքնալիկվիդացման» 1923թ. Բեմականացումը նախապատրաստող հայ բոլշևիկի համար կարող էր լինել միայն «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» տեսադրույթը:


   3. Հ. Քաջազնունու նոր դիրքորոշման քննադատները

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ նախկին վարչապետ Հ.Քաջազնունին՝ իբրև անհատ դաշնակցական, ՀՅԴ արտասահմանյան մարմինների Վիեննայի (1923թ. Ապրիլ-մայիս) խորհրդաժողովին նեկայացրեց մի ընդարձակա զեկուցագիր, որում, ինչպես ասվեց, զարգանում էր այն միտքը, թե ՀՅԴ-ն պետք է ինքնալուծարման որոշում կայացնի, որովհետև նրա համար այլևս անելիք չի մնացել  հայ կյանքում: Սակայն ինչպես նշում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արշակ Ջամալյանը, խորհրդաժողովը Քաջազնունու առաջարկը մերժեց միաձայնությամբ, քանզի կոնֆերանսի անդամները «անլուրջ համարեցին, որ մինչև անգամ ավելորդ նկատեցին նրա քննությունն ըստ էության»20:

Վիեննայի խորհրդաժողովից հետո Քաջազնունին հեռացավ Դաշնակցության շարքերից ու հրատարակության ներկայացրեց իր զեկուցումը «Դաշնակցությունը անելիք չունի» խորագրով: Ի դեպ, ՀՅԴ ղեկավար մարմինները ոչ մի անգամ խոչընդոտ չեն հարուցել գրքույկի հրատարակմանը, մինչդեռ սովորաբար հակառակն է լինում այլ կուսակցությունների պարագայում: Նույն թվականին գրքույկը հրատարակվեց չորս տարբեր քաղաքներում՝ Բուխարեստում, Վիեննայում, Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում: Հետագայում գրքույկն ունեցավ այլ վերահրատարակումներ, այդ թվում հետխորհրդային շրջանում երկու անգամ Երևանում: Սա վկայում է Դաշնակցության մահը բաղձալի համարող հակառակորդ քաղաքական ուժերի, էլ չենք խոսում՝ օտար թշնամական կուսակցությունների հետաքրքրության մասին՝ այդ գրքույկի վերնագրի և նրանում արտահայտված ոչ ստանդարտ մտքերի հանդեպ: Նման արտասովոր վերնագրով գրքույկի լույս ընծայումը «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը համարեց ցնցող լուր և ի արձագանք դրա՝ տպագվեց «Հովհ.Քաջազնունու կարապի երգը» հոդվածը21: Քաջազնունու սույն գրքույկը ջուր էր լցնելու Դաշնակցությունը լուծարելու և քաղաքական ասպարեզից հեռացնելու բոլշևիկյան քաղաքականույան ջրաղացին:  Եվ պատահական չէր, որ 1923թ. նոյեմբերին Երևանում հրավիրված Հայաստանի «նախկին դաշնակցականների» համագումարում թևավոր խոսք էր դարձել «Դաշնակցությունը անելիք չունի» արտահայտությունը:

Բնականաբար, ՀՅԴ գործիչների մեծագույն մասը, դեմ լինելով Քաջազնունու արտահայտած մտքերին, դրանց հակադարձեցին պատասխան աշխատություններով՝ ցույց տալով, որ ՀՅԴ դեռ անելիք ունի:  Քաջազնունուն առաջիններից մեկն մեկը պատասխանեց Ս.Վրացյանը՝ «Խարխափումներ» աշխատությամբ22: Ս.Վրացյանը անհամաձայնություն էր արտահայտում Դաշնակցության գործունեությանը տրված գնահատականներին և եզրահանգումներին, փաստի շարադրման միակողմանիությանը, անգամ մատնանշում- փաստական անճշտությունները:

Գրեթե համանման փատարկումներով Հ.Քաջազնունու գրքույկին հակադարձեց նաև Վահան Նավասարդյանը: Քաջազնունու երկամյա գաղափարակից գործընկերը ցավով արձանագրում էր, որ նախկինում հղկված մտքի ու հստակ գրչի տեր Քաջազնունուն այս անգամ ցավալիորեն դավաճանել է միտքը23:  Վ.Նավասարդյանը ևս համոզմունք էր հայտնում, որ գրքույկը գրված է «ժամանակաշրջանի թարմ հույզերի և քաղաքական որոշակի նկատառումների ազդեցության տակ»24:

Տպագրված գրքույկի տաք հետքերով, առանձին աշխատությամբ ու ավելի խիստ տոնայնությամբ Քաջազնունուն պատասխանեց ՀՅԴ մեկ այլ գործիչ՝ Ռուբեն Դարբինյանը: Իրավագետ, տեսաբան և հրապարակախոս Ռ.Դարբինյանը կշտամբում է Քաջազնունուն այն բանի համար, որ նա ՀՅԴ շնորհիվ դառնալով ՀՀ անդրանիկ վարչապետ, այսօր հանկարծ հեռանում է Դաշնակցությունից25: Ռ.Դարբինյանի մեկնաբանությամբ՝ «Յ.Քաջազնունին սակայն դասալքոըւթեանը կ՛ուզէ գաղափարական (ընդգծումը-Ռ.Դ.) բնոյթ տալ, և, մինակ չլինելու համար, որիշներին ալ դասալքութեան մղել»26: Ռ.Դարբինյանը Քաջազնունուն բնութագրում էր որպես «անուղելի կոմմունիստ», ինչպես որ հենց ինքը՝ Քաջազնունին է խոստովանել27:
 

Ավելի ուշ սփյուռքահայ մեկ այլ հեղինակ Ս. Բարսեղյանը Հ.Քաջազնունու գիրքը համարել է այն ժամանակվա քաղաքական կտրուկ դեպքերի ազդեցության արգասիք: Ըստ հրապարակագիր Ս. Բարսեղյանի՝ «Այն գրված է հորդ զարգացումներով, զուրկ է տրամաբանական հաջորդականությունից և պատմական վավերագրերից»28: Կարելի է համաձայնել, որ գրքույկը իրոք գրված է զգացումների և հույզերի տպավորությունների տակ, սակայն տեղի չէ պատմական վավերագրերի բացակության մասին ակնարկը, քանզի պետք է հաշվի առնել, որ գրքույկը գրված է քաղաքական շարժառիթներով:

Մեր կարծիքով՝ Հ.Քաջազնունու գիրքը Դաշնակցության 1914-1923թթ. բուռն ու հագեցած գործունեության վերագնահատաման փորձն է, որին էլ հաջորդել են վիճահարույց գնահատականներն ու եզրահանգումները:  Պատմական շատ իրադարձությունների վերաբերյալ  Հ. Քաջազնունու դատողությունների մեծ մասը կառուցված է ենթադրությունների վրա: Այդ մասին հենց ինքն է խոստովանում29: Այս կապակցությամբ կարելի է բավարարվել՝ մեջտեղ բերելով երկու փաստ: Օրինակ՝ բոլշևիկների համակրանքը շահելու համար Քաջազնունին ըստ էության ժխտում է խորհրդա-թուրքական գործակցության փաստը30: Մինչդեռ հայտնի է, որ սկսած 1920թ. օգոստոս ամսից, այդ գործակցությունը դրսևորվել է ցամաքով ու ծովով Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերած օգնության տեսքով՝ զենքով, զինամթերքով, ոսկով, և այլն, որի վերաբերյալ հրապարակի վրա կան մեծաքանակ նյութեր ու գրականություն31:  Հ.Քաջազնունին հավանաբար ծանոթ չի եղել Մ. Քեմալի 1920թ. ապրիլի 26-ին Վ.Ի. Լենինին ուղղված նամակի բովանդակությանը կամ Արևելքի ժողովուրդների 1920թ. Բաքվի համագումարի արդյունքում ստեղծված «Արևելքի ժողովուրդների քարոզչության և գործողության  խորհրդի» նախագահության ընդունած սեպտեմբերի 17-ի որոշմանը, որով թուրքական և ռուսական զորքերի առաջ խնդիր էր դրվում Հայաստանի վրա համատեղ հարձակվելու միջոցով տապալել իր «սեփական ժողովրդին հարստահարող դաշնակների լուծը» և «հաստատել  խորհրդային իշխանություն»32: Քննադատության չի դիմանում նաև գրքույկի հեղինակի այն պնդումը, թե «Ալեքսանդրօպօլի պայմանագիրը (ոչինչ, որ հեղինակը պայմանագրի կնքման օրը սխալմամբ նշում է իր ասելով «դեկտեմբերի 1-ը, թէ նոյեմբերի 30-ը») շատ էլ չէր տարբերոււմ Բաթումի դաժան դաշնագրից»33: Բերված միտքն անըդունելի է հենց միայն այս տեսակետից, Բաթումի հայ-թուրքական պայմանագրով պետական սահմանն անցնում էր Արագածի լեռան ամենաբարձր գագաթով, Էջմիածնի շրջագծով, Սև ջուր գետով և այլն, այն դեպքում երբ Ալեքսանդրապոլի պայմանագրով հայ-թուրքական սահմանը անցնում է Արաքս և Արփաչայ (Ախուրյան) գետերի հունով: Հավանաբար Քաջազնունու արտահայտած միտքը, խորհրդահայ շատ հեղինակներ մեխանիկորեն կրկնելով ըստ էության նույնացրել են այդ երկու պայմանագրերը, և, որպես փաստարկ շահարկել են նրա արտահայտած էլի շատ ոչ ճիշտ մտքեր ու դատողություններ:

Ինչպես տեսնում ենք, բազմաթիվ են արձագանքերը  Հ.Քաջազնունու մեծ աղմուկ հանած գրքույկի վերաբերյալ: ՀՅԴ շարքերի վերաբերմունքն ու գնահատականը բնականաբար եղել  է գերազանցապես մերժողական: Ինչ վերաբերվում է խորհրդային շրջանի և Սփյուռքի ոչ դաշնակացական շրջանակաների վերաբերմունքին ու գնահատականներին՝ ՀՅԴ քաղաքական ասպարեզից հեռացնելու մասին գրքույկի հեղինակի առաջարկը հիմնականում ընդունվել  բավականությամբ, իսկ տեղ-տեղ էլ՝ ցնծալի:

4. Հ. Քաջազնունու վերադարձը Հայրենիք

     ՀՅԴ Վիեննայի 1923թ. խորհրդաժողովից հետո կուսակցության շարքերից հեռացված Հ.Քաջազնունին ցանկանում էր վերադառնալ հայրենիք: Ուստի նույն թվի նոյեմբերի 14-ին իր դստեր՝ Մարգարիտային (Մարգոյին) ուղղված նամակում նշում էր,որ մտադիր է «վերադառնալ Հայաստան և աշխատել հայ ժողովրդի համար, ինչ աշխատանք էլ լինի՝ թեկուզ Երևանի փողոցները սալահատակել»34: Խորհդային իշխանությունների համաձայնությամբ ու հայրենիքի վերաշինությանն անկեղծորեն մասնակցելու պատրաստակամությամբ ծերունի ճարտարապետը 1925թ. հունվարին վերադարձավ Հայաստան35: Այդ նպատակով նա դիմել էր Բեռլինում Խորհրդային Միության ներկայացուցչությանը36: Արխիվային վավերագրերը ցույց են տալիս, որ Հ. Քաջազնունու Հայաստան վերադարձին նպաստել է ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղար Ա.Մյասնիկյանը: Նա 1924թ. սեպտեմբերի 25-ին հեռագրով հայտնում էր, որ ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Քաղբյուրոն չի առարկում, որ Հովհ.Քաջազնունին մուտք գործի ԽՍՀՄ սահաններից ներս37: Հ. Քաջազնունու ճանապարհը բաց էր, որովհետև նա կատարել էր իիրենից պահանջվող քայլը:

Հարկ է նշել, որ սկզբում բոլշևիկների կուսակցությունը Հ.Քաջազնունու անձի նկատմամբ առանձնակի թշնամանք չի ունեցել, քանզի նրան կարելի էր բնութագրել ոչ այնքան կուսակցական, որքան պետական մտածելակերպի գոծիչ: Խոստովանենք, որ անգամ իր վարչապետության օրոք, Հ.Քաջազնունին հանդուրժելի է եղել ոչ միայն սովորական քննադատների , այլ նաև ծայրահեղական ընդդիմություն համարվող բոլշևիկների համար:

Հ. Քաջազնունու Հայաստան վերադարձի վերաբերյալ փոքր տեղեկություն է տպագրվել «Խորհդային Հայաստան» թերթում՝ «Զրույց Հ.Քաջազնունու հետ» վերտառությամբ: Հայտնվում էր, որ 1925թ. հունվարի 19-ի երեկոյան Թիֆլիսից Երևան է հասել «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» գրքի հեղինակն ու նախկին դաշնակացական կառավարության նախագահ Հ.Քաջազնունին: Մինչ Հայաստան գալը նա մեկ ամիս ապրել է Թիֆլիսում, ուր զբաղված է եղել իր ընտանիքի գործերի կարգավորմամբ: Կնշանակի, Հ. Քաջազնունին խորհդային երկիր մուտք է գործել  1924թ. վերջերին: Արմենտայի38 աշխատակցի այն հարցին, թե՞ «ի՞նչն է ձեր Հայաստան գալու նպատակը, քաղաքացի Քաջազնունին պատասխանել է՝ իմ գալու նպատակը Խորհրադային Հայաստանում աշխատելն է, ես շատ ջերմ ցանկություն ունեմ աշխատելու Հայաստանի շինարարության մեջ, իմ մասնագիտության ասպարեզում»39:  

Հայաստան ներգաղթելուց հետո նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ կան հետևյալ սուղ տվյալները: Հ.Քաջազնունին սկզբում աշխատել է Հայբամբակկոմում որպես բաժնի վարիչ (մինչև 1928թ.): Այնուհետև դասավանդել Պետհամալսարանի տեխնիկական ֆակուլտետում, եղել է ՀՍԽՀ Պետպլանի շինտեխնիկական կոմիտեի նախագահի տեղակալ (մինչև 1931թ.), իբրև քաղաքացիական ինժեներ-շինարար մասնակցել է Լենինականի 1926թ. երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքի շենքերի նախագծման ու վերականգնման աշխատանքերին: 1930թ.  ՀԽՍՀ  Լուսժողկոմատի կոլեգայի որոշմամբ պետհամալսարանի դասախոս Հ.Քաջազնունին ստացել է պրոֆեսոր գիտնականի կոչում40:

Այս ամենի հետ մեկտեղ՝ արխիվային վավերագրերը ցույց են տալիս, որ Հայաստան տունդարձի առաջին իսկ օրից, փաստորեն մինչև 1937թ. հուլիսի 28-ի իր բանտարկությունը Հ.Քաջազնունին հայտնվել է խորհրդային գաղտնի ծառայության խիստ հսկողության տակ:  Այսպես՝ Հայաստանի Արտակարգ Արտակարգ հանձնաժողովի գաղտնի բաժնից 1925թ.հունիսի 27-ին ԿԿ-ի քարտուղար Երեմիա Բակունցին ուղղված գաղտնի գրությամբ հայտնվում էր, որ իրենք գաղտնի կերպով ուսումնասիրում են նախկին դաշնակցական Քաջազնունու և նրան շրջապատողների գործունեությունը, որի մասին հետո մանրամասն կհաղորդվի41: Իսկ մեկ տարի անց ՀԱՄԽ-ի նախագահ Պ.Կուզնեցովի (Դարբինյան)՝ Հայկոմկուսի ԿԿ, պատճենը Արտակարգ հանձնաժողովին, հասցեագրված 1926թ. հոնիսի 6-ի գրությունում կարդում ենք. «Վերջին ժամանակներս նկատվում է, որ նախկին դաշնակցական, Հայաստանի վարչապետ Քաջազնունին Հայբամբակկոմում պաշտոնի անցենելուց հետ նրա շուրջը համախմբում են դաշնակներ և հակահեղափոխական անցյալ ունեցող անձինք»: Գրությն վերջում խնդրվում էր՝ «ձեռք առնել միջոցներ վերջա տալու այս երևույթին»22: ԿԿ-ի քարտուղար Ե.Բակունցը հունիսի 11-ի ամսաթվով հետևյալ մակագրությունն է թողել Պ.Կուզնեցովի գրության վրա. «Խնդրել ԱՀ-ին (Արտակարգ հանձնաժողովին-Ա.Հ.) հայնտել իր կարծիքը»: Չեկայի նախագահ Ս.Մելիք-Հովսեփյանը (Օսիպով) հունիսի 27-ին պատասխանել է Բակունցին, որ «առայժմս ոչ մի քայլ արված չէ, դեռ գաղտնի կերպով ուսումնասիրվում է Քաջազնունու և նրան շրջապատողների գործունեւթյունը և աշխատանքը, որից հետո մանրամասն կհաղորդենք»43:

Ուշագրավ է Հ.Քաջազնունու հանդեպ անվստահության ու հետապնդումների մեկ այլ դրվագ:  Նրա նստավայր Հայբամբակկոմի շենքը, որը գտնվել է Երևանի ձեթ-օճառի գործարանին կից ճաք էր տվել ու ձևախախտվել: Պատճառը պարզելու համար ստեղծվել էր հանձնաժողով ու փորձ էր արվել մեղքը գցել  Հ. Քաջազնունու և ևս երկու աշխատակիցների՝ Մելիք-Հայկազյան Մուշեղի և Մելիք Աղամիրյան  Համայակի վրա՝ իբրև խորհրդային իշխանության դեմ ուղղված վնասարարական գործողություն:  Խնդրի քննարկման ժամանակ Հ.Քաջազնունին բացատրություն է տվել, որ շենքի ձևախախտմամ պատճառ կարող է լինել ընդերքը.կառուցելիս հավանաբար երկրաբանական հետազոտման չի ենթարկվել և դա էլ եղել է ճեղք տալու պատճառը:  Երկար քննարկումներից հետո Հայպետքաղվարչության տնտեսական գծով լիազոր Ա.Անանովը քննությամբ պարզում է, որ դրանում հանցակազմ չկա և 1931թ. փետրվարի 21-ին որոշում է կայացվում վերոհիշյալ երեք անձանց նկատմամբ հարուցված գործը կարճել և հանձնել արխիվ44:

Բերված փաստաթղթերից դժվար չէր կռահել, որ Հայաստան գալուց ի վեր պետանվտանգության մարմինները ուշի-ուշով հետևել  են Հ.Քաջազնունու քայլերին և անգամ նրա անձնական կյանքի առօրյային: Ինչպես նկատում ենք, խոհրդամետ կողմոնորոշում ընտրած Հ. Քաջազնունու գլխին մութ ամպեր էին կուտակվում, որոնք ավելի խստացան 1930-ական թվականներին:

Չնայած հետապնդում-հալածանքներին՝ պարզվում է, որ խորհրդային իշխանության հանդեպ բարյացակամ  տրամադրված նախկին վարչապետը Հայաստանի խորհրդայանացման տասնամյա տարեդարձի առթիվ (1930թ.) հոդված էր պատրաստել, որը, սակայն, չի տպագրվել45: Խորհրդային իրականությունը, ստալինյան պլանով սոցիալիզմ կառուցելու մոլուցքը, չեկայական հալածանքներն ու բռնությունները, որոնց մասնակցել  է անգամ իր հոր դեմ մատնագիր գրած հարազատ որդին՝ կոմերիտական Կարեն Քաջազնունին46, խոր հիասթափություն են առաջացնում նրա մոտ: Բնականաբար, Քաջազնունին ներքուստ պետք է վերանայեր իր դիրքորոշումը՝ ընդունելով, որ ինքը սխալվել է, սակայն արդեն ուշ էր: Ավելին, նա պետք է ոչ միայն ընդուներ իր սխալը, այլև նեղ շրջանակում խոստվաներ այդ մասին: Պարզվում է, որ հենց այդպես էլ եղել է, նա իր սիրտը բացել է հավատարիմ էակի՝ հարազատ դստեր առջև: 1950 թավականին Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեացած անկեղծ զրույցում վկայել է. «երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթել էր և տխուր էր: Նա հաւատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ չպետք է գար Հայաստան, բայց հայրս ասում էր՝ պետք է գայի՝, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեցՀայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»47  (ընդգծումը մերն է):
            1950թվականին Սատլինի կենդանության օրոք արված այս արժեքավոր խոստովանությունը շատ հանելուկներ է պարզում: Հ.Քաջազնունին հասկացել էր, որ իբրև մարդ կատարելով իր պարտքը սեփական ընտանիքի հանդեպ և ինքն այժմ դատապարտված է, բայց այդ առումով չէր զղջում իր արածի համար: Սակայն որպես դաշնակցական և Հայաստանի առաջին հանրապետության անդրանիկ վարչապետ նա պատկանում էր պատմությանը և ճշմարտության համար հավերժական պայքարին: Ուստի այդ առումով սրտում անբուժելի մորմոք էր դարձել այն իրողությունըը,  որ ինքը մեղանչել է այն գործի հանդեպ, որի վրա հավերժ գրված է լինելու նաև՝ «Հովհաննես Քաջազնունի» անուն-ազգանունը: Բայց արձանագրելով նման հակասություւնը, իրեն բնորոշ միամտությամբ նա այդպես էլ չէր հասկացել, որ բոլշևիկները իրեն  ներս են թողել հենց այդ գրքույկը գրելու համար:
 Եվ ահա 1937թ. հուլիսի 28-ին ՆԳ ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր (թիւ 6/41) Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ48: Հայկ. ՍՍՌ ՆԳԺԿ եռյակը 1937թ. դեկտեմբերի 5-ին Հ.Քաջազնունու՝ որպես ակտիվ դաշնակցականի նախկին վարչապետի հանդեպ կայացրեց մահապատժի դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավումով: Սակայն, նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշած բանտային բժիշկի եզրակացության հիման վրա գնդակահարությունը հետաձգվեց: Եվ կարճ ժամանակ անցց՝ 1938թ. հունվարի 15-ին Երևանի բանտային հիվանդանոցում 70 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հ.Քաջազնունին49:

5. Ովքեր կիսեցին Քաջազնունու ճակատագիրը

ՀՅ Դաշնակցության քայքայման նպատակով գործում էր խորհրդային կուսակցական-պետական ճնշիչ մեքենան և դրա առաջին շարքում՝ չեկան Պետքաղվարչությունը:Նրա մարմինները դաշնակցական և այլ կուսակցությունների առաձին գործիչների ու մտավորականների գցում էին իրենց ցանցը, ստիպում հանդես գալ մեղայակակններով, պիտակավորում նացիոնալիզմի մեջ և այլն: Ընդ որում այդ աշխատանքները տարվում էին ոչ միայն խորհրդային երկրում, այլև արտասահմանում դեսպանատների ու հյուպատոսների, անվտանգության մարմինների, ՀՕԿ-ի, գաղտնաընթերցումների, մարդկանց հավաքագրման, պետական ֆինանսավորմամբ գրքերի ու թերթերի և քարոզչական բնույթի նյութերի հրապարակման միջոցով:

Այս և այլ մեթոդների կիրառման արդյունքում ելույթներով, գրքույկներով և մեղայականներով հանդես եկան և ՀՅԴ-ից հեռացան կամ հեռացվեցին ոչ միայն Հ.Քաջազնունին, այլ նաև Սնար Սնարյանը (Նարինյան), Սահակ Չիթչյանը, Արշակ Ղազարյանը, Գերասիմ Աթաջանյանը, Հարություն Բուդաղյանը, Սահակ /Թորոսյանը և ուրիշներ:

Առանձնապես նվաստացուցիչ էր ՀՀ Կառավարության նախկին նախարար Արարատյան նահանգի նախկին նահանգապետ, խորհրդարանի պատգամավոր, իր «ձախ» հայացքներո հայտնի, ծնունդով Փարպի գյուղից՝ Սահակ Թորոսյանի «ոդիսականը»50:

«Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը տեղեկացնւմ էր, որ 1926թ. հունվաքրի 22-ին Ս.Թորոսյանը մեղեյականով դիմել է Անդկովկասյան Դաշնության ԿԳԿ և ՀԽՍՀ ԿԳԿ նախագահությունններին և Քաջազնունու օրինակով ինքը ևս «Զղջում է իր նախկին հանցանքները» ու «պատրաստակամություն է հայտնում ազնվորեն ծառայելու բանվորների և գյուղացիների իշխանությանը»: դիմումի մեջ վերաշարադրանքի ձևով հայնտվում էր, որ ուրախությամբ է իմացել 1926թ.հունվարի 25-ի Երևանում Անդր.ԿԳԿ նստաշրջանը բացվելու մասին: Դրա համար էլ ինքը ողջունում է այդ քայլը և հայտնում որ, այս ընթացքում չի հեռացել Հայաստանից, բանտարկվել է, հարկադիր աշխատանքներ է կատարել և այժմ հանգել է վերջնական հետևության, որ Դաշնակցությունը այլևս անելիք չունի, որ հայ ժողովրդի ապահովության երաշխիքը բանվորագյուղացիական պետության կարմիր դրոշակն է: Նա խնդրում է հաշվի առնել իր կրած պատիժները, իրեն ազատել  կալանքից, որպեազի ինքը ազնվորեն ծառայի ՀՍԽՀ հայրենիքին: Հայաստանի ԿԳԿ-ը նկատի առնելով, որ Ս.Թորոսյանը խորապես զղջում է իր «հանցանքները» և հեռանում է ՀՅԴ-ից, նրան ներում է շնորհում51:

Ս. Թորոսյանի դիմումի կապակցությամբ Ս.Վրացյանը,  Ս.Մասուրյան գրական կեղծանունով, կարծիք էր հայտնել, որ դիմումում արծարծված մտքերը Չեկայի հարկադրանքով է շարադրել, որ Ս. Թորոսյանը չէր կարող նման թուղթ  գրած լիներ: Իսկ Թորոսյանն էլ ՝ «Իմ պատասխանը Ս.Մասուրյանին» հոդվածում, պնդում էր, որ դիմումը ինքը գրել է իր կամքով և ստորագրել»52:

ՀՅԴ-ից հեռանալու վերաբերյալ 1926 թ. հունվարի 2-ին հայտարարությամբ հանդես է եկել 10-րդ Ընդհ.Ժողովի մանակից, Զանգեզուրի ազատագրական պայքարի ճանաչված գործիչ, Գ.Նժդեհի զինակից ընկեր Գերասիմ Աթաջանյանը (Ղափանցի Գերասիմը): Դաշնակցության գաղափարական հակառակորդ ռամկավարների Փարիզի «Ապագա» թերթում տպված և Փարիզի բոլշևիկամետ «Երևան» թերթում արտատպված Դաշնակցությունից հեռանալու վերաբերյալ Գ.Աթաջանյանի հայտարարության մեջ նշվում էր, որ ինքը իբր հանգել է այն եզրակացության, որ «հայ ժողովրդի գոյությունը ապահովված է խորհրդային իշխանության հովանավորութեան տակ»53:

Մեզ հայտնի չէ՝ արդյոք Գ.Աթաջանյանի դիմումը կուսակցության կողմից ընդունվե՞լ է թե՞ ոչ, որովհետև ՀՅԴ Բյուրոն և թերթերը պատասխան չեն տվել նրա այդ հայտարարությանը54: Իրականությունն այն է, որ ՀՅԴ բոլոր գործիչները ցավով են արձանագրել հայ ազգային-ազատագրական պայքարի ազնիվ ու նվիրված դեմքերից մեկի հեռանալը Դաշնակցության շարքերից: Սակայն, եթե հավատանք Բեռլինում Անդրդաշնության ներկայացուցիչ Ս.Փիրումյանի՝ ՀԿ(բ)Կ ԿԿ-ին ուղարկված 1926թ. հունիսի 14-ի նամակին՝ Դաշնակցությունից հեռանալու գործում Գ.Աթաջանյանի հետ որոշակի աշխատանք է տարել վերոնշյալ «Երևան» թերթի խմբագիր Եղիա Չուբարը55:

Գերասիմի մտափոխությունը համոզիչ էր թվում նրանով, որ հակառակ դեպքում հայտարարությունը չէր տպագրվի խորհրդամետ թերթերում: սակայն, ինչ էլ որ եղած լնի, մեր կարծիքով՝ Գ.Աթաջանյանի հայտարարությունը ՀՅԴ-ից հեռանալու վերաբերյալ որևէ կապ չի ունեցել խորհրդամետ մտայնության հետ: Բոլշևիկների հետ հարաբերվելու նրա իրական նպատակն է եղել խորհրդային բանտից ազատել իր դաշնակցական ընկերներին, ինչպես նաև արտասահման փոխադրել ընտանիքն ու հարազատներին: Բայց 1928 թվականին, մեկ այլ տեղեկությամբ՝ 1929թ. սեպտեմբերին, երկրորդ անգամ պետական սահմանն անցնելիս՝ դեպի Պարսակաստան վերադարձի ժամանակ, նա գետում զոհվել է ռուս սահմանապահների գնդակից, 40 տարեկան հասակում56:

6. Իրանահայ առանձին դաշնակցականների սեմովեխական խարխափումներ

Հ.Քաջազնունուց զատ՝ խորհրդային պետության նկատմամբ ոչ պակաս հաշտվողական ու բարյացակամ դիրքորոծում է հայտնել ՀՅԴ երկարամյա գործիչ, ՀՀ խորհրդարանի անդամ, բժիշկ Արշակ Ղազարյանը: Հ.Քաջազնունու զեկուցում-դիումին գրեթե զուգահեռ, 1923թ. մարտին՝ ՀՅԴ Վիեննայի խորհրդաժողովից առաջ, Ա.Ղազարյանը գրել է մի զեկուցում, որը գրքույկի ձևով 1924թ. լույս է տեսեոլ Թեհրանում՝ «Ազատութեան ուղին և հայի քաղաքական վարքագիծը» խորագրով: Ինչպես հեղինակն է նշում գրքույկի «Երկու խոսքում», այն գրվել է թուրքահայ դատի վրա Լոզանի կոնֆերանսի թողած ծանր տպավորությունների տակ: Գրքույկում Ա.Ղազարյանը բնախ կենտրոնանում է Հայկական հարցի ձախողումների վրա՝ պատճառ բռնելով թե՛ ՀՅԴ «անիրատես  քաղաքականությունը» և թե՛ մեծ տերությունների վարքագիծը: Ըստ Ա.Ղազարյանի՝ «Միացեալ անկախ Հայաստանի ակտը, որ ընդունեց Հ.Յ.Դաշնակցութիւնը 1919 թւին, չէին բխում իրական տւալներից, հետևապէս այդ ակտը միայն գրգռումնեի առիթ տւեց և աւելի նպաստեց հարևան թշնամի ոյժերի ոխակալութեանը»57: Հարկ է նկատել, որ Ա.Ղազարյանը Հ.Քաջազնունու համամեմատ ավելի հետ էր նահանջում: Ի տարբերություն 9-րդ Ընդհ Ժողովի որդգրած գերագույն նպատակից՝ Միացյալ և Անկախ Հայաստանի ծրագրային պահանջից, ինչը կարծում ենք, ոչ գործնականում նրան դուրս էր դնում կուսակցության շարքերից:

Հանդես գալով որպես ռուսական կողմնորոշման ընդգծված կողմնակից՝ նա քննադատում էր արևմտյան երկրների վարած քաղաքականությունը Հայաստանւի և հայ ժողովրդի հանդեպ քննելով բոլոր հանգամանքերը՝ հանգում էր այն հետևության, որ հայ ժողովուրդը ֆիզիկական գոյության ապահովման, նրա տնտեսական ու կուլտուրական զարգացման միակ ուղիղ ճանապարհը կարող է լինել բոլշևիկյան Ռուսաստանը58: Մեկ այլ տեղ Ա. Ղազարյանը ավելացնում էր. «Վերջնականապէս պիտի ընդունենք այն ճշմարտութիւնը, որ առանց Ռուսասստանի հայ ժողովուրդը փրկութիւն չունի»59: Տասնամյակների դաշնակցական գործչի սույն դատողությունները կարելի է ասել, ոչնչով չէին տարբերվում ցանկացած կոմունիստի մտածելակերպից: Ահա թե ինչի էր հանգել «սմենովեխականի» որակում ստացած հին դաշնակցական Պարսկաստանում ապաստանած բժիշկ Ա.Ղազարյանը:

Այս կապակցությամբ տեղին է հիշել, որ Եգիպտոսի ՀՅԴ «Յուսաբեր» պաշտոնաթերթի 1926թ. 114-րդ համարում ՀՅԴ գործիչ, ՀՀ նախկին նախարար Արշակ Հովհաննիսյանը (Ա.Արշակունի) իր «Հավատուրացը» վերարտառությամբ հոդվածում շատ սուր որակավորումներվ քննադատության է ենթարկել Ա.Ղազարյանին՝ իր նոր հայացքների ու դիքորոշման համար: Արշակունին այպանում էր Հայ Դատը ուրացած,30 արծաթով իր խիղճը վաճառքի հանած «օձի պես շապիկը փոխած», բոլշևիկներին վարձված  հավատուրաց Ա.Ղազարյանին60:

Իր հերթին՝ ինքնապաշտպանության նպատակով Ա. Ղազարյանը իր խմբագրած խորհդամետ «Նոր գաղափար» հանդեսում պատասխան հրապարակմամբ փորձում էր հիմնավորել սեփական մոտեցումները, սակայն մեր կարծիքով, ոչ այնքան համոզիչ61: Ա.Ղազարյանն այնքան էր կտրվել իրականությունից, որ մեկ-երկու տարի անց դրականորեն էր արտահայտվում անգամ քեմալական Թուրքիայի մասին: «Քաղաքագետ» Ա.Ղազարյանը քեմալական շարժումը «Տաճկական մեծ հեղափոխութիւն» էր անվանում, որով ըստ նրա, Թուրքիան  «էապես բարեփոխվում ու եվրոպականանում է»62: Այն ժամանակ քեմալական Թուրքիայի եվրոպական կեղծ շղարշը մոլոերցնում էր հայ սմենովեխականներին և ոչ միայն նրանց: Հիմա էլ մեզանում ոմանց մոտ շարոնակում է պահպանվել այդ խաբկանքը:

Տնտեսական բարեփոխումների  առումով հիմք ընդունելով ՆԷՊ-ի քաղաքականությունը, Ա. Ղազարյանը ակնկալում էր, որ բոլշևիկների դիրքորոշումը կփոխվի դրականապես: Նրա կարծիքով՝ եթե բոլշևիկները սկզբնական շրջանում ներքին ու արտաքին թշնամի ուժերին ճնշելու  համար դիմել են սուր ու դաժան միջոցների, որպեսզի հեղափոխության հաղթանակը ամրապնդվի, ապա ներկայումս նրանց վարքագիծը փոխվել է, ավելի մեղմացել են, շատ սկզբունքներ, որոնք բուրժուական էին համարվում, այսօր նորից կյանքի են կոչվում և այլն»63: Ռուսամետ դիրքորոշում ցուցաբերող նախկին դաշնակցականը ոչ միայն լավատես էր Խորհրդային Հայաստանի վերաշինության հարցում, այլև հայ մյուս սմենովեխականների նման՝ միամտություն ուներ կարծելու, որ «վաղը նոյն Ռուսաստանի կողմից, հակադրանքի տակ է թէ խաղաղ ճանապարհով հայ ժողովրդին կվերադարձւի իր պատմական հայրենիքը»64:

Ահա հիմնականում այսպիսի դիրքորոշումներ ու եզրահանգումներ էր բովանդակում Ա.Ղազարյանի հրատարակած գրքույկը: Հեղինակը նպատակ է ունեցել հիշյալ գրքույկն ուղարկել ՀՅԴ 10-րդ Ընդհ. Ժողովի քննությանը: Հատկանշական է, որ եթե Հ.Քաջազնունու գրքույկ-դիմումը ուղղված էր ՀՅԴ Վիեննայի 1923թ. խորհրդաժողովին, ապա Ա. Ղազարյանի գրքույկը՝ ՀՅԴ 1924/1925թթ. 10-րդ Ընդհ.ժողովին:

Բացի նշված գրքույկից՝ Ա.Ղազարյանը 1924թ.ամռանը Փարիզում ՀՀ ներկայացուցիչ Ալ.Խատիսյանին է ուղարկել մի գրություն «Մոմենտը պահանջում է» վերարտառությամբ՝ իբրև լրացուցիչ պարզաբանում իր գրքույկում արտահայտած մտքերի: Գրությունը գրքույկի հետ միասին ուղարկվել է նախկին վարչապետ Ալ. Խատիսյանին, որպեսզի դրանք հանձնվեն Ընդհ.Ժողովի դիվանին առ ի քննություն, որպես անհատ ընկերոջ կարծիք:  Ի դեպ, «Մոմենտը պահանջում է» գրության մեջ Ա.Ղազարյանը դմում էր Խատիսյանին՝ իբրև սիրելի բարեկամի, որպեսզի նա համոզի ընկերներ Համոյին, Սիմոնին, Ռուբենին և մյուսներին Ընդհ.ժողովում հասնելու նրան, որ ճանաչվի Խորհդային Հայաստանը65: Ա.Ղազարյանի այդ գրությունը լույս տեսավ գրքույկի ձևով: Դրանում նա կտրականապես անհամաձայնություն էր հայտնում ՀՅԴ ղեկավարության վարած քաղաքականությանը, որով «աւելորդ տեղը թումբ է կանգնում Մանուկ Հայաստանի հանդէպ»66:

Սակայն ի տարբերություն Հ.Քաջազնունու՝ Ա.Ղազարյանը գտնում էր, որ Դաշնակցությունը դեռևս պեք է ապրի, նա անելիք ունի: Այս կապացությամբ չի կարելի համաձայնել խորհրդային կուսակցական-պետական գործիչ Ա.Կարինյանի արտահայտած այն մտքին, թե իբր Ա. Ղազարյանը նույնպես հաստստել է Հ.Քաջազնունու տեսակետը, որ «Դաշնակցությունը ոչ մի անելիք չունի հայ կյանքում»67: Ա.Ղազարյանը նշում էր, որ ինքը կարդացել է Քաջազնունու գիրքը և չի հավանել ոչ թե նրա համար, որ նրանում ճշմարտւթյուն չի պարունակում, այլ այն իմաստով, որ «Դաշնակցութիւնը հէնց այսօր է, որ բան ունի անելու»68: Նա դիմում է էր Ալ. Խատիսյանին, որ կուսակցությունը պետք է համագործակցի բոլշևիկների հետ՝ հանուն հայրենիքի վերաշինության, որ «Հ.Յ. Դաշնակցութիւննն այսօր առաւել  քան երբէք անելիք ունի: Մենք ենք, որ մեր արտասահմանեան կուռ կազմակերպութիւնների միջոցով կարող ենք օգնել Խորհրդային Հայաստանին», «գաղթականական խնդիրը Հ.Յ.Դաշնակցութիւնը միայն կարող է արմատապէս վճռել. Նա կարող է ցրիւ դրսի հայութիւնը Մայր Հայրենիք կենտրոնացնել»69: Գրքույկում Ա.  Ղազարյանը նաև կոչ էր ուղղում գաղութահայությանը ճանաչել Սովետական Հայաաստանը՝ համարելով լավագույն իրավակարգը, որի մեջ միան հայ ժողովուրդը կարող է գտնել ֆիզիկական գոյության պահպանումը, նմանապես և իր ինքնուրույն կյանքի լայնորեն զարգացումը»70:

Ա.Ղազարյանը հույսեր չէր փայփայում, թե խորհրդային երկիրը դարձ կկատարի դեպի հին կարգեր: Սակայն նա խորհրդային պետության ապագան տեսնում էր հետագա կատրելագործման, ներքին օրենքների հղկման, իրավական և տնտեսական բարեփոխումների մեջ: Նա ընդունում էր խորհրդային համակարգը հետագա բարեփոխման հեռանկարով. «այն ժամանակ նոր խօսք կարող է լինել Անկախ Սովետական Հայատանի մասին»71: Գրություն-գրքույկի վերջում հեղինակը կատարում էր եզրահանգումներ՝ Ընդհ.Ժողովին ուղղված մի քանի առաարկուններով: առաջարկություններով: Նա կարծում էր, որ Դաշնակցությունն ունի անցյալի խոշոր փորձ՝ գաղաթականության, հայահավաքման և մի շարք այլ խնդիրներին «ընթացք տալու, ինչպէս և բաւականաչափ հմայք իրեն լսելի անելու համար: Այս իսկ տեսակէտից Հ.Յ. Դաշնակցութիւնը, որպէս կուսակցութիւն, պիտի մնա»72:

Ա.Ղազարյանը 10-րդ Ընդհ.Ժողովից պահանջում էր . ա) ճանաչել անվերարապահորեն Խորհրդային Հայաստանը, բ) հայ ժողովրդի բախտը կապել ռուս ժողովրդի բախտին և գ) թուրքահայ գաղթականների համար Հայաստանի Սովետական կառավարության հետ անմիջապես համաձայնության գալ73: Ի տարբերություն Քաջազնունու՝ Ա.Ղազարյանը գտնում էր, որ Դաշնակցության կարելիությունները (ուժերը) պետք է օգտագործել խորհրդային երկրի զորեղացման նպատակով:

Իր գրվածքների ու հայացքների համար ՀՅԴ 10-րդ Ընդ.Ժողովը Ա.Ղազարյանին վտարում է կուսակցության շարքերից:  Վերջինս կուսակցությունից իրեն վտարելու հիմնական դրդապատճառը համարում էր այն, որ ինքը համարձակություն է ունեցել գրելու, որ «Վերջնականապէս պիտի ընդունենք այն ճշմարտութիւնը, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը փրկութիւն չունի»74: Սակայն մեր կարծիքով, կուսակցությունից նրա հեռացման գլխավոր պատճառը ինչպես արդեն ասվել է, եղել է կուսակցության ծրագրային կարևոր պահանջից հրաժարվելը: Բացի այդ՝ տվյալներ կան, Ա.Ղազարյանը գործակցել է Իրանում ԽՍՀՄ դեսպանատան հետ: Վերջինիս աշխատակիցները  փորձել են օգտագործել  Ա.Ղազարյանի ազդեցությունը Դաշնակցությունը կազմալուծելու նպատակով:

Իսկապես, Իրանում ԽՍՀՄ լիազոր-ներկայացուցիչ Կ.Յուրևենևի և Հայակական գործերի գծով քարտուղար Ս.Առաքելյանի ստորագրությամբ Մոսկվա՝ Ս. Պաստուխովին և Երևան՝ Ս.Համբարձումյանին ու Ա.Հովհաննիսյանին 1925թ. օգոստոսի 18-ին Թեհրանից ուղարկված թիվ 113 գաղտնի գրությամբ տեղեկացվում էր, որ Ա.Ղազարյանի նախագահությամբ ստեղծվել է «եռյակ», որը տանելու է հակադաշնակցական աշխատանք, դեսպանատան ֆինանսավորմամբ հարատարակվել է «Գաղափար. թերթը, բժիշկը ձեռնարկել է «երիտասարդական միության» ստեղծումը և այլն75: Եթե համեմատում ենք Հ.Քաջազնունու և Ա.Ղազարյանի հեռացումը Դաշնակցություն կուսակցությունից, ապա առաջինի հեռանալը տեղի է ունեցել խաղաղ և կամավոր, իսկ երկրորդինը՝ վճռական ու աղմկալի: Ինքնին հասկանալի է, որ Հ.Քաջազնունին չէր կարող լինել մի կուսակցության մեջ, որը ըստ նրա, պետք է վերանար:

Պետք է ասել, որ ՀՅԴ արտասահմանի կառույցներում, անշուշտ, եղել են Ա.Ղազարյանի մտայնությամբ փոքրաթիվ հետևորդներ: Նրա ազդեցությամբ՝ սմենովեխական-հաշտվողական մտայնությանը տուրք տվեց Զանգեզուրի երբեմնի վարչապետ Գեդեոն Տեր-Մինասյանը: Թեհրանում լույս տեսնող խոհրդամետ «Գաղափար» թերթում տպագրվեց նրա նամակը, որում պաշտպանվում էր Ա.Ղազարյանի տեսակետը. «Այսօրվա Հայաստանի իրավակարգը անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյութեան, ինչպես և նրա տնտեսական-կուլտուրական զարգացման համար»76: Իրենց ձախ հայացքների համար Դաշնակցությունից հեռացվում են նաև հայկական «Մինարեթ» թերթի խմբագիր, «ձախ» դաշնակցական Առաքել Հարությունյանը և Ավետիս Օհանջանյանը77:

Ինչպես ասվեց, տվյալներ կան, որ ՀՅ Դաշնակցության առանձին ներկայացուցիչներ ճնշումներով, հարկադրանքով, կաշառքով և այլ միջոցներով հավաքագրվել են խորհրդային գաղտնի ծառայություների կողմից: Այսպես՝ ՀՅԴ 10-րդ Ընդհ.ժողովի պատգամավոր Աշոտ Արծրունու (Աշոտ Տուլյան)78 տվյալներով Հ.Բուդաղյանը (Բուդաշկո) եղել է Չեկայի գործակալ: Իր իսկ ասելով ՀՅԴ 10-րդ Ընդհ.Ժողովից հետո՝ 1925թ., նա հեռացել է կուսակցության շարքերից: Հայտնվում էր նաև, որ Մ.Խուշոյանի79 հայտնի սպանության գործով 1926թ. հոկտեմբերին Երևանում անցկացված դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել Դաշնակցության դեմ80: Վտարանդիության շրջանում Հ.Բուդաղյանը հանդիսացել է Թավրիզում գործող ՀՅԴ «Նաիրի» կոմիտեի լիազոր ներկայացուցիչը: Այդ երկու ԿԿ-ները՝ հինը և վտարանդիներից կազմված  «Նաիրին», գտնվել են մշտական հակամարտության մեջ81:

Խորհրդյին վարչակարգին համակերպվող, սմենովեխական դիրքորոշմանը հետևող հիշելի դեմքերից կարելի է նշել նաև Թեհրանում հրատարակվող «Նոր գաղափար» հանդեսի աշխատակիցներ Ս.Բաղդասարյանին, Ա.Պետրոսյանին, Ռ.Աբրահամյանին և ուրիշների: Սրանք ևս սկզբունքորեն ընդունում էին խորհրդային քաղաքական համակարգը և ակնկալում էին, որ այդ պետությունը լուծում կտա հայոց ազգային դատին: Օրինակ՝ Ս.Բաղդասարյանն իր հոդվածներից մեկում դրվատում էր կոմունիստներին, որ նրանք կառուցում են նոր ու կանոնավոր երկիր:  Բայց և միաժամանակ հիշեցնում էր «հին դատի» և «վեց վիլայեթների» հարցի լուծման անհրաժեշտության մասին82:

«Յուսաբեր»-ի խմբագիր Վ.Նավասարդյանը թերթի խմբագրականում վերագնահատելով Հայաստանի խորհրդայնացման, ինչպես նաև խորհդային երկրում և աշխարհում տեղի ունեցող արտաքին ու ներքին իրադարձությունների ազդեցությամբ ՀՅ Դաշնկացություն կուսացության շարքերում դրսևորվող նման երևույթները, թվարկում էր Դաշնակցությունից դավանափոխված մի քանի անձանց անուններ՝ Հովհ.Քաջազնունի, Սիմ.Հակոբյան, Սնար Նարինյան, Ս.Չթչյան, Ա.Ղազարյան և այլք: «Ասոնք,-գրոմ էր նա,-պարզապես մի կաթիլ մըն են այն ծովի մէջ, որ Դաշնակցութիւն կը կոչուի»: Ուստի «Կեանքը կուգայ վկայելու, որ Դաշնակցութեան գերեզմանը կը փորէ այն ուժը միայն, որ յարութիւն կուտայ անոր հալածական գաղափարներուն: Ու քանի դեռ այս չէ եղած, ուրեմն պիտի ապրի ու պիտի մնայ ինքը Դաշնակցութիւնը՝ իր իսկ ձեռքերով իրագործելու համար հայութեան դարաւոր Երազը»83:

 

Եզրակացություններ

Հ. Քաջազնունու ապրած մեծ ողբերոգության մասին ժամանակակիցների վկայություններն ու նրա հարցաքնության, գնդակահարության դատապարտվելու, տանջալից մահվան և ապա քաղաքական արդարացման վերաբերյալ փաստաթղթերը նոր-նոր են միայն բացվել ուսումնասիրողների համար:

Դրանց բովանդակության ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրակացությանը, որ 1922թվականին Կ.Պոլսի «Ճակատամարտ» թերթում Հ.Քաջազնունու տպագրած «Ի՞նչ պետք է ըլլա մեր ուղին» հովածաշարի և 1923-ին Բուխարեստում հրատարակած «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկի միջև գոյություն ունի գաղափարաքաղաքական անհաշտ հակասություն: ՀՀ նախկին վարչապետը «Ճակատամարտ»-ի հոդվածաշարում փորձել էր ներկայացնել Խորհրդային Հայաստանի և ՀՅ Դաշնակցության հետագա հարաբաերությունների, այդ թվում՝ համագործակցության հետագա հարաբերությունների, այդ թվում՝ համագործակցության հնարավոր տարբերակները:  Բայց, ամիսներ անց նա արձանագրում է քաղաքական կտրուկ կերպարանափոխություն և պնդում, որ Դաշնակցությունը սպառել է իրեն ու պետք է հեռանա ասպարեզից՝ ղեկը հանձնելով բոլշևիկներին: Նման կտրուկ շրադարձը որևէ քաղաքական կամ՝ գաղափարական պատճառաբանություն չուներ, ինչը գալիս է հաստատելու հետագայում Հ.Քաջազնունու դստեր կատարած խոստովանության իսկությունը՝ հայրենիք վերդառնալու և ընտանիքին մանալու համար նրան անհրաժեշտ էր «քաղաքական անցաթուղթ», ինչը ՀՅԴ «ինքնալիկվիդացման» 1923թ.բեմականացումը նախապատրաստող հայ բոլշևիկների համար կարող էր լինել միայն «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» տեսադրույթը:

Հայաստան ներգաղթելուց հետո Հ.Քաջազնունու հետագա կյանքի ու գործունեության վերաբերյալ առկա սուղ տվյալներին գումարելով նոր միայն գաղտնազերծված նրա անձնական գործի վավերագրերը, կարել է եզրակացնել որ Հայաստան գալուց ի վեր պետանվտանգության մարմինները ուշի-ուշիով հետևել են Հ.Քաջազնունու քայլերին, նրա անձնական կյանքի առօրյային, այդ նպատակով:

Երբ 1936 թվականին՝ Աղասի Խանջյանի սպասնությունից հտո, սկսվում են զանգվածային բանտարկություները, շփոթված ու հուսալքված Հ.Քաջազնունին իրեն հավատարիմ մնացած դստերը խոստովանոմ է, որ չաչաչար սխավել է՝ գրելով իր հայտնի գրքույկը: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն, բայց զղջում էր ոչ թե Հայաստան գալու, այլ «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկը գրելու համար: Հ.Քաջազնունին հասկացել էր, որ իբրև մարդ կատարելով իր պարտականությունը սեփական ընտանքի հանդեպ, ինքնին այժմ դատապարտված է, ուստի զուտ մարդկային առումով չէր զղջում իր արածի համար:  Սակայն որպես դաշնակցական և Հայաստանի առաջին հանրապետության անդրանիկ վարչապետ, նա պատկանում է պատմությանը և ճշմարտության համար հավերժ պայքարին: Ուստի նրա սրտում անբուժելի մորմոք էր դարձել այն իրողությունը, որ ինքը մեղանչել է այն գործի հանդեպ, որի վրա հավերժ գրված է լինելու նաև՝ «Հովհաննես Քաջազնունի» անուն-ազգանունը: Բայց արձանագրելով նման հակասությունը, իրեն բնորոշ միամտությամբ նա այդպես էլ չէր հասկացել, որ բոլշևիկներն իրեն ներս են թողել հենց այդ, իր խոսքերով՝ «անիծյալ գիրքը»84  տպագրելու համար:

1937 թ. հուլիսի 28-ին ՆԳ ժողկոմիսար Խ.Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր (թիւ 6/41) Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հայկ. ՍՍռ ՆԳԺԿ եռյակը 1937թ. դեկտեմբերի 5-ին Հ.Քաջազնունու՝ որպես ակտիվ դաշնակցականի նախկին վարչապետի հանդեպ կայացրեց մահապատժի դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավումով: Սակայն, նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշած բանտային բժիշկի եզրակացության հիման վրա գնդակահարությունը հետաձգվեց: Եվ կարճ ժամանակ անց՝ 1938թ. հունվարի 15-ին Երևանի բանտային հիվանդանոցում 70 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հ.Քաջազնունին:

Քաղաքական հակառակորդներին իրենց կողմը գրավելու և կաշառելու հայտնի մեթոդների կիրառման արդյունքում՝ խորհրդային հատուկ ծառայության ազդեցության տակ ընկան ու բոլշևիկների հետ հաշտվելու սմենովեխական մտայնությունն արտացոլող ելույթներով, գրքույկներով և մեղակայականներով հանդես եկան նաև Սնար Սնարյանը (Նարինյան), Սահակ իթչյանը, Արշակ Ղազարյանը, Գերասիմ Աթաջանյանը, Հարություն Բուդաղյանը, Սահակ Թորոսյանը և ուրիշներ, որոնց մեծ մասը հետագայում արժանացավ Հ. Քաջազնունու ողբերգական ճակատագրին:

 

 

1.Տե՛ս Քաջազնունի Յ. Հ.Յ.Դաշնակցութիւն
2.Քաջազնունի Հովհ., Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Վիեննա, Մխիթարեան տպարան 1923:

3.Խոսքը ռուս գեներալ վտարանդի գեներալ, բարոն Պ.Վրանգելի մասին է, որը համոզմունքքով լինելով միապետական, կարծում էր, որ պեետք է շարունակել զինված պայքարը՝ Ռուսաստանը բոլշևիկներից ազատագրելու համար:

4.Տե՛ս Советская историческая энциклопедия, т.13М.,1971,с.75
5.Տե՛ս Հ.Յ.Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը, (փաստաղթերի և նյութերի ժողովածու), խմբագիր և կազմող Վլ.Ղազախեցյան, Եր.,1999, էջ 236
6.Տե՛ս Սիմոնյան Հր., Անդրանիկի ժամանակը, գիրք Բ, Եր.,1996, էջ 748-749
7.Տե՛ս Պատմութիւն Ս.Դ.Հնչակյան կուսակցութեան 1887-1962, խմբագիր՝ Կիտուր Ա.,հատ.Ա, էջ 521-522, հատ.Բ, էջ 182-187
8.Տասնապետեան Հ., Դաշնակցութիւնը իր կազմութենէն, մինչև Ժ Ընդ.Ժողով (1890-1924), Աթէնք, 1988, էջ165-166:
9.«Հայրենիք», Պոսթըն, 2 մարտի 1923թ.
10. «Հայրենիք», Պոսթըն, 8 հուլիսի 1924թ:
11.Տե՛ս Քաջազնունի Յ., Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի, Պուքրէշ, 1923:

12 Դերենիկ Մուրադյան, Հովհաննես Քաջազնունու ողբերգությունը, հիշողություներ և խոհեր, «Երկիր», ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պաշտոնաթերթ, 2006, 3 մարտի N 8 (1878), էջ 11:
13 «Ճակատամարտ», Կ.Պոլիս, 30 մայիս, 1922թ.:
14Հովհաննիսյան Ա., Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը, «Նորք», Եր, 1923, գիրք 3, ապրիլ-սեպտեմբեր, էջ, 171:
15 Տե՛ս «Ճակատամարտ», Կ.Պոլիս, 4 հունիսի, 1922թ.:
16 «Ճակատամարտ», Կ.Պոլիս, 4 հունիս, 1922թ:
17 Քաջազնունի Յ.,Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի, Բուքրէշ, 1923, էջ 77:
18 Նույ տեղում, էջ 89
19 Քաջազնունի Յ.,Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Եր.,1994, էջ 58-59
20 Ջամալեան, Յ.Քաջազնունին և Դաշնակցութիւնը, տ՛ս «Հայրենիք», հունվար 1924, (Բ տարի,) N 3, էջ 48
21 «Խորհրդային Հայաստան», 11 նոյեմբերի, 1923թ:.
22 Վրացյան Ս., Խարխափումներ, Պոսթըն, 1924:
23 Տե՛ս Նավասարդեան Վ., Հ.Յ.Դաշնակցության անելիքը (մտքեր և հուշեր), Գահիրէ, 1924, էջ 8
24 Նույն տեղում, էջ 163:
25 Տե՛ս Դարբինեան Ռ., Մեր պատասխանը Յ.Քաջազնունիի, Պոսթըն, 1923, էջ 9:
26 Նույն տեղում, էջ 7:
27 Նույն տեղում, էջ 9:
28 Բարսեղեան Ս., Ինչպե՞ս կը գրեն մեր նորագոյն պատմութիւնը, Պ.Այրէս, 1948, էջ 10:
29 Տե՛ս Քաջազնունի Հովհ. Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Եր., 1994, էջ 34:
30  Տե՛ս Քաջազնունի Հովհ. նշվ.աշխ., Եր., 1994, էջ 34-35:
31 Տե՛ս Документы внешней политики СССР, т2,М., 1958, с 725 (приложения), т.3, М., 1959, с.675, Хейфец А. Н., Советская дипломатия и народы Востока, 1921-1927гг, с 187, Զոհրաբյան Է.Ա., Սովետական Հայաստանը և հայ-թուրքական հարբերությունները 1920-1922թթ., Եր., 1979, էջ 46, Զոհրաբյան Է.Ա., 1920թ. թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Եր. 1997, Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երև, 2000, Պատմությյան մութ ծալքաերը կամ՝ եղե՞լ է արդյոք թուրք-բոլշևիկյան գործարք, «Հարություն», Եր., 1-10հոիլիսի 1993թ., N 9(27) և այլն:
32 Հայաստանի Հանրապետությունը, 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), Եր, 2000, է 284-286, նույնը՝ Զոհրաբյան Է.Ա., 1920թ., թուրք-հայկական պատերազմը և տերությունները, Եր, 1997, էջ 153-154:
33 Քաջազնունի Հովհ. Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Եր., 1994, էջ 35:                                                           34 Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ), Հ. Քաջազնունու ֆոնդ, գ.162, թ.2
35 Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 23 հունվարի, 1925թ.:
36 Տե՛ս Յուշամատեան ՀՅԴ, Ալբոմ-ատլաս, հատ. Բ, Լոս-Անճեելըս, 2001, էջ 135
37 Տե՛ս ՀԱԱ, ֆ 1, ց 4, գ.19, թ 159
38 «Հայկական հեռագրական գործակալություն» ռուսերեն հապավումն է:
39 «Խորհրդային Հայաստան», 22 հունվարի, 1925թ.
40 Տե՛ս Դոլուխանյան Լ., Հովհաննես Քաջազնունին՝ ճարտարապետ, Եր, 1997, էջ 4, 20-21:
41 Տե՛ս ՀԱԱ, ֆ 1, ց 5, գ.44, թ.98
42 Նույն տեղում, թ.100
43 Նույն տեղում, թ. 98:
44 Տե՛ս ՀԱԱ, ֆ 1191, ց 16, գ.2083, թ. 66:
45 Բզնունի Արտ., Հայկաան «Սմենովեխականությունը., «Նոր ուղի», Եր., 1931, գիրք 4, էջ 65:
46 Մատնագրի տեքստը հրապարակվելու է հաջորդ համարում տպագրվելիք՝ Հ.Քաջազնունու կյանի վերջին շրջանին վերաբերվող փաստաթղթերի շարքում:
47.Դերենիկ Մուրադյան, Հովհաննես Քաջազնունու ողբերգությունը, հիշողություններ և խոհեր, «Երկիր», ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պաշտոնաթերթ, 2006, 3 մարտի N 8 (1878), էջ 11:
48 Տե՛ս ՀԱԱ, ֆ 1191, ց 16, գ.2083, թ. 22-23:
49 Տե՛ս ՀԱԱ, ֆ 1191, ց 16, գ.2083, թ. 22-23: Հ.Քաջազնունին արդարացվել է 1922թ. ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Գևորգյանի հաստատմամբ: Նրա գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով (տե՛ս նույն տեղում, թ.77):

50 Պարզվում է, որ 1921թ. Փետրվարյան ապսամբությունից հետո Սահակ Թորոսյանը խորհրդային երկրից չի հեռացել: Նրա ասելով 4 անգամ բանտարկվել է, հիվանդացել է, գտնվել է Ռուսաստանի բանտերում, Պետրովսկի ճամբարում, մինչև իսկ Սիբիրի Տոմսկ քաղաքում՝ որպես ազատ աքսորյալ, կատարաել է հարկադիր աշխատանքներ և այլն: Վեջին անգամ Սահակ Թորոսյանը ձերբակալվել է 1938թ. գարնանը՝ մեղադրվելով՝ հակահեղափոխական կազմակերպության  մասնակցելու մեջ: Քաղբանտարկյալ Ս.Թորոսյանը մահացել է 1940թ. Երևանի բանտային հիվանդանոցում: Տե՛ս Տե՛ս ՀԱԱ, ֆ 1422, ց 1, գ.223, թ. 1-3, տե՛ս նաև Թորոսեն Ս., Գերասիմ. Իչու» հրաժարվեցինք, Բարիզ, 1926, էջ 14,21, տ՛ս նաև «Երկիր», Եր., 2004, 28 մայիս-3 հունիս, N 20:
51 Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 18 ապրիլի, 1926թ.:
52 Այդ մասին հանգամանորեն տ՛ս Թորոսեան Ս., Գերասիմ, ինչու հրաժարվեցինք, Բարիզ, 1926, էջ 4-21:
53 «Ապագա», Բարիզ, 16 հունիս, 1926թ., Թորոսեան Ս., Գերասիմ, ինչու հրաժարվեցինք, Բարիզ, 1926, էջ 30:
54 Տե՛ս Հ.Յ.Դաշնակցությունը և խորհդային իշխանությունը, էջ 225:
55 Տե՛ս նույն տեղում, էջ 213-215:
56 Տե՛ս Հ.Յ.Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը, էջ 228-229 և 338, Յուշամատեան ՀՅԴ, Ալբոմ-ատլաս, հատ Բ, Լոս-Անճելըս, 2001, էջ 224:

57 Ղազարեն Ա., Ազատութեան ուղին և հայի քաղաքական վարքագիծը, թէհրան, 1924, էջ 11:
58 Տե՛ս Ղազարեան Ա., նույն տեղում, էջ 28-29
59 Նույն տեղում, էջ 44-45
60 Տե՛ս «Յուսաբեր», Գահիէ, 14 օգոստոսի 1926թ., N 114:
61 Ղազարեան Ա., Հ.Յ.Դաշնակցութեան արդի քաղաքականութիւնը, տե՛ս «Նոր գաղափար», Ա տարի, Բ մաս, Թէհրան, 1927, էջ 225-236: «Նոր գաղափար»-ը դդսրձյալ համարվել է Ա.Ղազարյանի կողմից հրատարակված «Գաղափար» թերթի հավելվածը: Տեղեկացնենք, որ «Նոր գաղափար»-ի կազմի վրա նշված է որպես 1927թ. հրատարակություն, սակայն տիտղոսաթերթում՝ 1926թ.:
62 Ղազարյան Ա. Հ.Յ.Դաշնակցութեան արդի քաղաքականութիւնը, «Նոր գսղափար», Ա տարի, Բ մաս, Թէհրան, 1927, էջ 235-236:
63 Տե՛ս Ղազղարյան Ա. Ազատութեան ուղին և հայի քաղաքական վարձագիծը, Թէհրան, 1924, էջ 29-30:
64 Նույն տեղում, էջ 45:Ղազարյան Ա., Հ.Յ. Դաշնակցութեան արդի քաղաքականութիւնը, Թէհրան, 1928, էջ 10:
65 Տե՛ս Ղազարեան Ա., Մոմենտը պահանջում է, Թէհրան, 1925, էջ 4:
66 Նույն տեղում, էջ 2:
67 ՀԱԱ, ֆ 1022, ց 5, գ.217, թ. 1-2, «Խորհրդային Հայաստան», 1924թ., N 270:
68 Ղազարեան Ա., Մոմենտը պահանջում է, Թէհրան, 1925, էջ 4:
69 Նույն տեղում էջ 6:
70 ՀԱԱ, ֆ 1, ց 4, գ.51, թ. 5
71 Ղազարեան Ա., Մոմենտը պահանջում է, Թէհրան:, 1925, էջ 4:
72 Նույն տեղում, էջ 23:
73 Տե՛ս Ղազարեան Ա., նույն ըեղում:
74 Ղազարեան Ա., Հ.Յ.Դաշնակցութեան արդի քաղաքականութիւնը, Թէհրան, 1928, էջ 9:
75 Տե՛ս Հ.Յ.Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությեւնը, էջ 310-311:
76 «Գաղափար», Թեհրան, 23 դեկտեմբերի, 1925թ.:
77 ՀԱԱ, ֆ 1457, ց 211, գ.2, թ. 2:, նաև՝ Հ.Յ.Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը, էջ 294:
78 Արծրունի Աշոտ (1902-1979թթ), ծնված Քանաաքեռ ավանում, եղել է ՀՅԴ աշակերտական  և ապա՝ ուսանողական միությունների ղեկավար անդամ, մասնակցել է ՀՅԴ 10-րդ Ընդհանուր Ժողովին, մի քանի անգամ գաղտնի վերադարձել է Հայաստան, տարել է ընդհատակյա կուսակցական աշխատանք, տե՛ս Յուշամատեան ՀՅԴ, Ալբոմ-ատլաս, հատ. Բ, Լոս-Անճելըս, 2001, էջ 224:
79 Խոսքը վերաբերվում է Ն.Աղջաղալա (Ն.Բազմաբերդ) գյուղի գյուղխորհդրի քարտուղար Մանուկ Խուշոյանի սպանությունը:
80 Տե՛ս Դաշնակցական տերրորիստների գործը (նյութեր Մ.Խուշոյանի տերրորիստական սպանության դատավարությունից), Եր., 1927, էջ 38-39:
81 Տե՛ս Հ.Յ.Դնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թթ.), փաստաթղթերի ժողովածու, կազմող և խմբագիր՝ պրոֆ.Ղազախեցյան Վ.Ն., Եր, 2016, 38-39:
82 «Նոր գաղափար», Թէհրան, 1927, Ա տարի, էջ 302, 306-307:
83 «Յուսաբեր», Գահիրէ, 19 օգոստոսի, 1926թ.:

84 Վերապատմելով Մարգո Քաջազնունու հետ 1950թ. զրույցի ընթացքում իր հոր վերջին օրերի մասին վերջինիս տխուր հիշողությունները, այս բնորոշումն իր ռուսերեն «пракллятая книга» ձևակերպումով մեր հետ խոսակցությունների ընթացքում անընդհատ կրկնում էր նշանավոր պատմամաբ Դերենիկ Մուրադյանը: Խմբ.:

«Վէմ» համահայկական հանդես, 2016, թիվ 4 (56), էջ 182-209