Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ լույս է տեսել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը: Այն հայ իրականության մեջ առաջին գրական հանրագիտարանն է և լույս է ընծայվել ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի կողմից։
«Երբ նայում ես մեր գրականության պատմությունը, ակնհայտ է, որ առաջին անհատական գրական հանրագիտարանը պիտի լիներ «Հովհաննես Թումանյան»-ը, որովհետեւ Թումանյանն ամենուրեք է՝ մեր գենետիկ կոդն է, մեր անձնագիրն է, մեր հոգեկերտվածքի արտահայտությունն է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը։
«Հանրագիտարանի ստեղծումը հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ Թումանյանը մեր՝ ամենաշատ հրատարակված, ուսումնասիրված միակ մարդն է, որի անվան հետ կապված գրականագիտության ճյուղ կա՝ թումանյանագիտություն։ Գրքում հսկայական ծավալ է կազմում Թումանյանի հասարակական գործունեությունը։ Զորավար Անդրանիկին վերաբերող մեծ բաժին ունենք, քանի որ Թումանյանն Անդրանիկի հետ մտերիմ է եղել։ Հետաքրքիր պատմություններ կան Անդրանիկի և Թումանյանի զրույցներից»,- ասում է Հովհաննես Այվազյանն ու շտապում տեղեկացնել, որ տպավորություն չստեղծվի, թե հանրագիտարանում պիտի կարդան Թումանյանի այս կամ այն ստեղծագործությունը։ Փոխարենը ընթերցողը գրքում կարող է բացահայտել, օրինակ, փիլիսոփա, ազգագրագետ, մանկավարժ և այլ մասնագիտական դրսևորումներով Թումանյանի, որին անդրադարձել են հենց տվյալ ոլորտների գիտակ մարդիկ: «Հանրագիտարանի վրա աշխատել են մի քանի տասնյակ հեղինակներ, օրինակ՝ Թումանյանի փիլիսոփայության մասին գրել է փիլիսոփա, Թումանյան-ազգագրագետի մասին՝ ազգագրագետ… Այսինքն՝ գրական ժառանգությունից բացի, ներկայացվել են Թումանյանի հակումները, որոնք դրսևորվել են այս կամ այն ոլորտում՝ գիտակարգի ձևով»,- տեղեկացնում է Այվազյանն ու ընդգծում. «Գրքում չկա մի ոլորտ, որտեղ Թումանյանը մատը շարժել է, և մենք չենք անդրադարձել»։
Թեև հանրագիտարանը նախատեսված էր լույս ընծայել Թումանյանի 150-ամյակին, սակայն հրատարակվեց մեկ տարի անց։ Ըստ Հովհաննես Այվազյանի՝ դա ունի հիմնավոր պատճառներ: «Հանրագիտարանները, որպես կանոն, դժվար են պատրաստվում, միշտ ուշանում են։ Բայց, իբրեւ արձանագրող կառույց, թերեւս ճիշտ է, որ մենք 150-ամյակի իրադարձությունները նույնպես արտացոլել ենք գրքում, և այն լույս է տեսնում հանդիսություններից, աղմուկից ու ծափերից հետո»,- նշում է նա։
Ի դեպ, պարզվում է, որ գիտական աշխատանքը պետական այրերի համար բրոշյուր կամ գրքույկ տպագրելուն համահավասար է։ Հանրագիտարանի ուշ լույսընծայման համար ԿԳՄՍ նախարարությունը Հանրագիտարանից պահանջել է մոտ 1 միլիոն դրամի տուգանք: «Այս տառապանքից հետո, քանի որ մեկ տարի ուշացրել ենք գրքի տպագրությունը, ստիպված ենք որոշակի գումար՝ որպես տույժ-տուգանք, վերադարձնել պետությանը՝ նախարարությանը։ Իհարկե, մեր տված գումարով պետությունը չի հարստանալու, բայց մտածում եմ՝ մեկը լիներ մտածեր, որ նաև Հանրագիտարանին պիտի աջակցել։ Այդ գումարն այնտեղ դրված չէ։ Մենք այդ գումարը պիտի հայթայթենք, որ տանք իրենց, իսկ թե որտեղի՞ց, Աստված գիտի»,- ասում է Հ. Այվազյանն ու մտաբերում, որ ոչ վաղ անցյալում պետությունը գումարներ էր տրամադրում գրքերի տպագրության համար։
«Որքան հասկանում եմ, այդ քաղաքականությունն արդեն վերանում է։ Հիմա այնպիսի աղքատ, սուղ վիճակ է մեզ մոտ։ Եթե պիտի շարունակենք այսպես ֆինանսավորվել, ինչպես հիմա, ինքներս գիրք տպագրել չենք կարող։ Ակադեմիայի համակարգի կառույց ենք, իսկ ակադեմիայի վիճակը բոլորիդ հայտնի է։ Արդեն 4-5 տարի է հատկապես՝ մենք ուշադրության չենք արժանանում՝ աշխատավարձի բարձրացում չի լինում, մեծ հնարավորություններ չկան»,- անկեղծորեն շեշտեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ առաջիկայում այլ երևելիների գրական հանրագիտարաններ էլ հրատարակելու մտադրություն ունեն, սակայն այն դեպքում, եթե ֆինանսներ ու հնարավորություններ ունենան։
Ըստ Հայկական հանրագիտարանի տնօրենի՝ կառույցի առաջնային խնդիրը նոր ժամանակների համապարփակ հանրագիտարան կազմելն է: «Յուրաքանչյուր հանրագիտարան ժամանակի հայելին է, որին ձեռք տալ պետք չէ։ Բայց հաջորդ սերունդների և նոր հասարակարգային վիճակի համար պիտի պատրաստվի դրան վայել, հարմար, համապարփակ հանրագիտարան։ 13-հատորյա Սովետական հանրագիտարանում կան բազմաթիվ բաներ, որոնք պիտի վերախմբագրվեն։ Այն ժամանակ մենք ինտերնացիոնալ ընտանիքի մեջ էինք և իրավունք չունեինք հարևանների մասին բան ասելու, ամեն ինչ խաղաղ ու հաշտ էր։ Հիմա կռիվ ենք անում, պատերազմ ենք անում, հայրենիք ենք պաշտպանում ու թշնամուց ազատվում»,- նշում է Հովհաննես Այվազյանը։
Նրա խոսքով՝ համացանցում ամեն ինչի հասանելի լինելը թղթի վրա տպված հանրագիտարանի արժեքը գցել է, ուստի արդեն թվային տարբերակով էլ են հանրագիտարանը հասանելի դարձրել ընթերցողին. «Այդ հարթակում նյութն այլևս չի մեռնում, չի հնանում։ Արդեն Ինֆորմացիայի եւ տեղեկատվության ինստիտուտի հետ պայմանավորվել ենք, մեզ համար մի մեծ պորտալ կպատրաստեն, որպեսզի մեր բոլոր հանրագիտարանները թվային տարբերակով տեղադրենք այնտեղ, որ մուտք գործողը կարողանա օգտվել բոլոր հանրագիտարաններից՝ սկսած Սովետականից, վերջացրած Թումանյանով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը