Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է վեցերորդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանը: Խորհրդարանը քննարկում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, «Արմենիկում»-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը բուժո՞ւմ է, թե՞ չի բուժում: «Կարո՞ղ ենք ասել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը բուժվում է: Եթե` այո, քանի՞ մարդ է բուժվել ՀՀ-ում»,- հարցրեց նա:
Խաչատրյանը պատասխանեց, որ «Արմենիկում»-ը հզոր իմունոստիմուլային դեղամիջոց է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար, և, այո, Հայաստանում այդ հիվանդությունը բուժվում է: «Այս հիվադությունները բուժելու համար օգտագործվո՞ւմ են իմունոստիմուլյատորներ, այո: «Արմենիկում»-ը ոչ հիմնական դեղամիջոց է այս հիվանդությունների բուժման համար, բայց օգտագործվում է»,- հայտնեց փոխնախարարը, ապա հավելեց, որ Հայաստանում աշխատում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով զբաղվող պետական առողջապահական կենտրոն:
Խաչատրյանը նշեց, որ դիսպանսերում գրանցված 1980 հիվանդներից 1359-ը այն հիվանդներն են, ովքեր պարբերաբար բուժման կուրսեր են ստանում, և նրանցից 26-ը երեխաներ են: Ըստ նրա՝ «Արմենիկում»-ը, լինելով հզոր իմունաստիմուլյատոր, գրանցված է մի շարք երկրներում, սակայն, որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց, չի գրանցվել, որովհետև նախնական հետազոտություններով չի հաստատվել այդ փաստը:
Փաշինյանն արձագանքեց. «Բա էս 20 տարի ինչի՞ չենք համապատասխան փորձաքննություններ անցկացնում, ո՞ւմ ենք սպասում, որ պարզվի ՀՀ-ում ՍՊԻԴ-ի բուժումը գտնվել է»: Ապա հարցրեց, թե ի՞նչ նկատի ունի փոխնախարարը` ասելով, որ Հայաստանում ՁԻԱՀ-ը բուժվում է: «Այսինքն` ՍՊԻԴ-ով հիվանդները բուժվե՞լ են: Եթե խոսքը բուժման մասին է, դուք պետք է նշեիք` ոչ թե 1900 հիվանդ, այլ՝ 10, 20,30, որոնք հիմա բուժման մեջ են, բուժումը դա է»,- նշեց Փաշինյանը:
Հնչեցված հարցադրումներին ի պատասխան` Խաչատրյանը նշեց, թե չի ասել, որ բուժվել են այդ հիվանդները: «Ասացի` բուժվում են: 1359-ը հատուկ նշեցի, որ ստանում են իրենց հիվանդության համար դեղ-դեղորայք, դրա համար մեր հիվանդների թիվը չի պակասում: Այս հիվանդության համար նման մոտեցում է պահանջվում»,- եզրափակեց Խաչատրյանը: