կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-22 20:01
Քաղաքական

Ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրածներին, Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չունի

Ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրածներին, Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չունի

Հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքից  պատգամավոր ընտրված Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել ԱԺ նախագահին: Եթե սահմանված կարգով այս անձինք յոթօրյա ժամկետում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա հրաժարականը կհամարվի ընդունված, որից հետո մանդատները կտրամադրվեն այն անձանց, ովքեր նշված պատգամավորներից հետո ամենաշատ ձայնն են ստացել իրենց ընտրատարածքներում:

Թեև Խաչիկ Մանուկյանից հետո թիվ 7 ընտրատարածքում առավելագույն ձայն ստացած թեկնածուն Լյովա Խաչատրյանն է, բայց Խաչիկ Մանուկյանի վայր դրած մանդատը հավակնում է վերցնել Խաչատրյանին իր հավաքած ձայներով զիջող Նորա Առուստամյանը: Նա «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի օգնականն է, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը:

Թիվ 3 ընտրատարածքիցԿարեն Առաքելյանն է  իր հավաքած ձայներով հաջորդում Հարություն Ղարագյոզյանին, բայց  մանդատը վերցնելուն հավակնում է ավելի քիչ ձայն ստացած Հակոբ Նազարյանը, ով ԲՀԿ-ի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահն է:

Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արտյոմ Ծառուկյանին, ամենայն հավանականությամբ,  կփոխարինի Գևորգ Պետրոսյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարն է: Սակայն թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայն էր հավաքել ԲՀԿ-ի Նոր Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը:

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը, ով նաև դեռևս համատեղության կարգով Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է,  Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այն թեկնածուների անունները, ովքեր հավակնում են փոխարինել մանդատը վայր դրած անձանց, վերջնական չեն, քանի որ դեռևս պետք է քննարկում տեղի ունենա և որոշում կայացվի:

Գևորգ Պետրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկություն ունի խորհրդարան գնալու և իր իրավական գիտելիքները օրենսդրական նախաձեռնություններում կիրառելու, սակայն, նրա խոսքով, վերջնական որոշում կայացնողը Գագիկ Ծառուկյանն է:

«Եթե պատգամավորական մանդատը վայր դրած անձինք օրենքով սահմանված ժամկետում  չվերականգնեն իրենց մանդատները, այն ժամանակ պարոն Ծառուկյանը կորոշի»,- ասաց նա, ապա հավելեց.  «Մասնագիտությամբ իրավաբան եմ, վատ չի լինի, որ իմ գիտելիքները խորհրդարանում օգտագործեմ, բայց թե որտե՞ղ իմ աշխատուժն առավել նպատակահարմար կլինի,  կորոշի մեր քաղաքական ղեկավարը»:

Պետրոսյանը վստահեցրեց նաև, որ խորհրդարան գնալու դեպքում իրեն բոլորովին չեն խանգարի Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած տարաձայնությունները: «Ես բազմաթիվ առիթներով ասել եմ,  որ սա աշխատանք է: Եթե ինչ-որ մարդիկ, համարենք՝ ոչ մենք, ինչ-որ խնդիր են իրար հետ ունեցել,  ապա նրանք պետք է  վեր գտնվեն անձնականից, որովհետև մտնում են գործնական հարթություն: Եթե անգամ հայտնվեմ էլ խորհրդարանում, թույլ չեմ տալու, որ իմ անձնական ամբիցիաները ցույց տրվեն: Մենք գնում ենք ծառայելու այն նպատակներին, ինչի համար օրենքը վերապահել է պատգամավորներին»,- ասաց նա:

Պետրոսյանը նաև նշեց, որ առիթ չի ունեցել զրուցելու մանդատը վայր դրած երեք անձանց հետ: «Չգիտեմ՝ իրականում այդ հոսանքը որտեղից էր գալիս,  որ մասն էր ինքնաբուխ, որը` ուղղորդված, բայց դա իմ խնդիրը չէ, իմ որոշելիքը  չէ, ես կարող եմ իմ կարծիքը ունենալ, բայց կրկնում եմ, հարգելով  կուսակցության ղեկավարին, նրանից առաջ և նրանից հետո  ասելիք չունեմ»,- ընդգծեց նա: