Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան), ով ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից էր, լրագրողներին խորհրդարանում հայտնեց, որ ինքն է հրաժարվել մանդատից:
«Բայց ես ինքս էի, չէ՞, հրաժարվել մանդատից, ասացի չէ՞, այդ օրը հայտարարեցի: Ես մոտ 9000 ձայն էի հավաքել, բայց իմ ակնկալիքներն ավելի շատ էին: Ամեն ինչից հիասթափված՝ ես գնացի պարոն Ծառուկյանի մոտ»,- ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ ինքն է անձամբ Գագիկ Ծառուկյանին ասել, որ չի ցանկանում վերցնել մանդատը: «Ժողովրդի տված ձայնից էի հիասթափվել, թիմիս աշխատանքից»,- նշեց նա:
Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքնաբացարկի դիմումը նախօրոք էր գրել, ապա դա ներկայացրել, իսկ հետո էլ, երբ հիասթափությունն արդեն անցել էր, գնացել էր ու հետ վերցրել ինքնաբացարկի դիմումը՝ որոշելով պատգամավոր դառնալ: «Թիմը պահանջեց այդպես: Ես գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին, ասացի՝ ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում է, ի՞նչ անենք: Որոշեցինք, որ դիմումը ես հետ վերցնեմ: Ես եմ գրել ինքնաբացարկի դիմումը, ամիս 2-ին էլ գնացել եմ, հետ վերցրել: Ապա հրապարակավ հայտարարեցի, որ պարոն Ծառուկյանն ինքը կորոշի` թիմի հետ միասին, թե որտեղ կլինեմ ես: Գիտեք, որ ես այս տարիների ընթացքում իմ թիմից, պարոն Ծառուկյանից ոչ մի քայլ հետ չեմ գնացել: Ես, թիմից բացի, ուրիշ տեղ չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նույնիսկ որոշեն իրեն թոշակի ուղարկել, ինքը կուսակցությունից չի հեռանա:
Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նախապես հայտարարվել էր, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա նրա թիմից ասացին, որ ընկել է ու վնասվել, պատգամավորը հերքեց այդ լուրերը, թե կուսակցությունից իրեն ճնշումների են ենթարկում: «Մենք բոլորս էլ գիտենք, որ ընտրությունների ժամանակ որոշակի լարվածություն եղավ: Ինձ չէին էլ ծեծել: Լարվածություն` չի նշանակում ծեծել: Ռեանիմացիա էին ուղարկում, բայց այդպիսի բան չի եղել: Չափազանցված էր հայտարարությունը»,- ասաց նա: