Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմենակ Զոհրաբյանը հերոս զինվորներից է: Նա հակառակորդի կողմից հրետակոծության ընթացքում առաջ է նետվել՝ փորձելով փրկել իր դասակի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը:
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող Արմենակը Yerkir.am-ի հետ զրույցում մինչև պատմելը՝ ինչպես է վիրավորվել, նշեց, որ ցանկանում է ևս մեկ անգամ բոլորին ասել՝ մեր զինվորների մոտ մարտական ոգու պակաս չկա: Նա առանձնակի հպարտությամբ ու սիրով հիշեց իր գումարտակի չորս զինծառայողների հերոսությունը և ասաց՝ ուզում է, որ նրանց սխրանքը միշտ հիշվի: «Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը իսկապես հերոսներ են: Ուզում եմ, որ նրանց արած գործը երբևէ չմոռացվի»,- ասաց Արմենակը` հավելելով, որ նրանք կանխեցին ավելի վատը, որ կարող էր լինել:
Արմենակ Զոհրաբյանը բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 25-ի գիշերը՝ Մարտակերտի շրջանում՝ առաջնագծում: «Գիշերը` մոտավորապես մեկի սահմաններում, ականանետի հարվածից դասակիս հրամանատարը վիրավորվեց: Ես էդ ժամանակ փակ տեղում էի, բայց որ տեսա հրամանատարս վիրավորվեց, դուրս եկա, որ նրան բերեմ փակ տեղ: Հենց էդ ընթացքում ես էլ վիրավորվեցի»,- պատմեց զինծառայողը՝ հավելելով. «Մենք ամեն ինչ արեցինք, որ դասակիս հրամանատարին՝ Տիգրան Պողոսյանին, փրկենք, բայց, ցավոք, չկարողացանք, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներով էր պատված: Անընդհատ խփում էին ականանետով, մի պահ հանգստացավ դրությունը, ու էլի մարդիկ եկան` օգնելու, որ հրամանատարիս հասցնենք շտապօգնության մեքենային: Հենց էդ ժամանակ նոր զգացի, որ ես էլ եմ վիրավոր»:
Արմենակը Հրազդան քաղաքից է, բայց փոքր հասակից ապրել է Երևանում: «Փոքր ժամանակից ապրել եմ Երևանում, ունեմ հայր, մայր, ինձանից մեծ եղբայր, ով ծառայել է, ու մեկ էլ ունեմ փոքր քույր, օգոստոսին կդառնա 7 տարեկան»,- ասաց նա:
Մեր զրույցի վերջում Արմենակն ասաց, որ խոսք ունի` փոխանցելու ողջ հայ ժողովրդին: «Հայ ժողովրդին կասեմ, որ մեր զինվորների վրա վստահ լինեն, որովհետև զինվորները հիմա նենց դուխ ունեն, որ պետք լինի մինչև Բաքու էլ կհասնենք, պետք լինի հայկական դրոշը Բաքվում կխփենք»,- ասաց զինվորը: