կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-05 12:38
Հասարակություն

Մի անգամ գնացի շուկա, դրանից հետո արգելեցին գնալ. Նարեկ Սարգսյան

   Մի անգամ գնացի շուկա, դրանից հետո արգելեցին գնալ. Նարեկ Սարգսյան

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Yerkir.am հետ զրույցում ամբողջ աշխարհին խաղաղություն ու անհոգություն մաղթեց, բայց անկեղծորեն խոստովանեց, որ Ամանորի տոներն իր համար չեն: «Ես էդ թեմաներում չկամ»,- ասաց նախարարը: Նա, ի մի բերելով 2015 թվականը, նշեց, որ քաղաքաշինության ոլորտում առկա հիմնարար խնդիրներն իր տեսադաշտում է պահել, և բազմաթիվ քայլեր են արվել, որոնք տեսանելի կդառնան առաջիկա տարում: «Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի և շատ-շատ շինարարություններ նախագծվեն ու կյանքի կոչվեն: Եթե ամենուրեք լինի շինարարություն, տրամադրության փոփոխությունն ապահովված կլինի»,- ասաց Սարգսյանը

: Նա կատակեց, որ իրեն տանը «սև ցուցակ»-ում են պահում տարիներ շարունակ: «Ես կենցաղում չկամ, և մեր ընտանիքն էլ ստանդարտ չէ: Հիշում եմ` մի անգամ շուկա գնացի ու դրանից հետո ինձ արգելեցին շուկա գնալ: Գնացի, տեսա թթու վաճառող մալական աղջիկներին ու շատ ուրախ էի, որ Հայաստանից չէին գնացել: Միշտ սիրում եմ, որ բազմազգ լինի, ու լիքը թթու գնեցի, բոլորից գնեցի: Երբ եկա տուն, հասկացան, որ ինձ չի կարելի շուկա ուղարկել: Դա առաջին ու վերջին անգամ էր»,- անկեղծացավ նախարարը:

Նա պատմեց, որ Ամանորի տոնակատարությունների օրերին իր համար տարբեր զբաղմունքներ է ստեղծում: «Կարգավորում եմ իմ գրադարանը, մենակ եմ մնում. որևէ մեկը քեզ չի հիշում, հանգիստ կարող ես կարդալ և դասավորել գրադարանդ, նախագծերն ուսումնասիրել: Աշխատանքային այս ռեժիմի մեջ անընդհատ ցայտնոտի մեջ ես, այնպես որ` Նոր տարին ինձ համար լավ է հատկապես այդ առումով` որ կարող եմ իմ ուզած գործով զբաղվել: Անցած տարի, օրինակ, Վահան Հովհաննիսյանի գիրքը կարդացի, որովհետև շատ ճնշված էի ինձ զգում: Նա մահից առաջ ինձ զանգահարել էր: Քանի անգամ ասել էր` ինչո՞ւ չես կարդում: Իմ հոգու պարտքն էր դա: Հենց դեկտեմբերի 28-ին նա մահացավ, ես այդ պահից մինչև հունվարի 3-4-ը կարդացի գիրքը: Հիմա մի հատ էլ այդպիսի գիրք կա` Ռուբեն Սևակի մասին, և էլի պլանավորել եմ այս օրերին կարդալ: Ես հիմնականում հենց այդպես եմ անցկացնում Ամանորը»,- ասաց նախարարը` հավելելով, որ ինքն այդ օրերին չի սիրում հյուր գնալ և միայն ծնողներին է այցելում: «Հիմնականում ասում եմ, որ ես Հայաստանում չեմ, որպեսզի այդ աժիոտաժից խուսափեմ»,- խոստովանեց նա:

Վերջում ասաց, որ թեև այլ կերպ է պատկերացնում Ամանորի գաղափարը, այդուհանդերձ, բոլորին մաղթում է լավ օրեր ու բարձր տրամադրություն: