կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 14:35
Աշխարհ

Պետք է դուրս շպրտենք Թուրքիայի դեսպանին. ամերիկացի ազդեցիկ սենատորը կոչով է հանդես եկել

Պետք է դուրս շպրտենք Թուրքիայի դեսպանին. ամերիկացի ազդեցիկ սենատորը կոչով է հանդես եկել

Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն ՄքՔեյնը MSNBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 16-ին ԱՄՆ-ում էրդողանամետ խմբի և Էրդողանի թիկնապահների ստեղծած ծեծկռտուքին՝  կոչ անելով դուրս շպրտել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին. տեղեկացնում է Asbarez-ը:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր: 

«Գրողը տանի, մենք պետք է Ամերիկայից դուրս շպրտենք նրանց դեսպանին: Նման դեպքերը դիվանագիտորեն չպետք է անպատասխան մնան: Նրանք սովորական մարդիկ չէին, նրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Նրանց մեկն ասում է, որ գնան և հարվածեն խաղաղ ցուցարարներին: Ի վերջո, նրանք ոտնահարեցին ԱՄՆ օրենքները: Նման դեպքեր չեն կարող տեղի ունենալ ԱՄՆ-ում, որտեղ ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ցույց անցկացնելու, ինչպեսև նրանք անում էին»,- հայտարարել է սենատորը՝ նշելով, որ այս գործով պետք է իրավական գործընթաց սկսել:

Նշենք, որ ՄքՔեյնը միջադեպին անդրադարձել էր նաև իր Twitter-յան էջում՝ այն որակելով «ավազակային վարքագիծ»: «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Նման բաներ այստեղ չենք անում: Չկա ոչ մի արդարացում ավազակային նմանատիպ վարքագծի համար»,- գրել էր նա:

Հիշեցնենք նաև, որ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ է հրապարակել մայիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին, որում հստակ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգում իր թիկնապահներին` հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։