կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 13:24
Քաղաքական

Մի՛ թողեք` չակերտները բացեմ. Գագիկ Ծառուկյան

Մի՛ թողեք` չակերտները բացեմ. Գագիկ Ծառուկյան

Ի՞նչ պառակտում, դու տեսե՞լ ես նման բան, բոլորն էլ աշխատելու են, բոլորը մեր թիմակիցներն են, մեծ գործ են կատարել. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների` մանդատների վայր դնելու շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին, ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ութ մարդ մանդատները վայր  դնելո՞ւ են, թե՞ ոչ, պատասխանեց. «Կդնեն էլ, չեն էլ դնի… Որոշակիություն կլինի մոտ օրերս»:

Հարցին, թե ինչո՞ւ այսօրվա նիստին չէին մասնակցում Իշխան Զաքարյանը և մանդատից հրաժարված, ապա ինքնաբացարկի դիմումը չեղարկող հայտ ներկայացրած Խաչիկ Մանուկյանը, Ծառուկյանը պատասխանեց, որ նրանցից է պետք ճշտել, ինքը չգիտի նրանց չգալու պատճառը:

«Որ գնացին ԿԸՀ, լավ արին` գնացին: Կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն, կեսին էլ ես եմ ուղարկել: Լավ եմ արել, որ ուղարկել եմ, ի՞նչ ես ուզում»,- ասաց նա, բայց անուններ չհնչեցրեց` ում է ինքն ուղարկել և ինչու:

Հարցին, թե ասել էր, որ դրսից բզբզում են, ովքե՞ր են բզբզում, Ծառուկյանը պատասխանեց. «Մի՛ թողեք` չակերտները բացեմ: Ի՞նչ է, անուններո՞վ ասեմ: Քամիներ եղել են և' մեր կողմից, և' ձեր կողմից, և' այլ կողմից»:

Հարցին՝ գո՞հ է վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքից, Ծառուկյանը պատասխանեց. «Մարդ է, թողեք, որ աշխատի, ի՞նչ եք ուզում»: