կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 11:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրակրթական չափորոշիչների որոշման նախագիծը կառավարության աշխատակազմում է, մոտ ժամանակներում կընդունվի․ Արայիկ Հարությունյան

Հիմնական բարեփոխումները հանրակրթության ուղղությամբ են. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում։

Նախքան սկսելը նա ընդգծեց, որ ասուլիս են անցկացնում իր թիմի հետ, որը նախաձեռնել է մեծ բարեփոխումներ մի քանի ուղղություններով։

«Ասուլիսի նպատակը բարեփոխումների ներկապնակը ներկայացնելն է, որ տեղի է ունենում այս նախարարության պատերի ներքո և ոլորտում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ անցյալ տարվանից մեկնարկած՝ հանրակրթական պետական չափորոշիչները դրվել են քննարկման, կառավարության որոշման նախագիծը աշխատակազմում է և մոտ ժամանակներում կընդունվի։

«Ներկայում տեղի է ունենում առարկայական չափորոշիչների քննարկում, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է։ Երբեք առարկայական չափորոշիչները նման բաց քննարկում չեն ունեցել։ E.draft համակարգով ստացել ենք ավելի քան 2000 առաջարկ։ Նախագծերը ամենաքննարկվողներից են՝ 6000 ուսուցիչ ներգրավված են եղել, և ակադեմիական շրջանակներից ստացել ենք բազմաթիվ առաջարկներ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նա նշեց, որ կեղծիք է այն, ինչ ներկայացնում են, թե՝ ակադեմիական շրջանակները չեն մասնակցում այս քննարկմանը։ «Որոշ փոքր խմբի չի կարելի վերագրել ակադեմիական շրջանակների կարծիքը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի ակնարկած «փոքր խումբը» ԳԱԱ պատմության ինստիտուտն է և գրեթե բոլոր պետական բուհերի պատմության ամբիոնները, որոնք բացասական կարծիք են ներկայացրել չափորոշիչների մասին։ Սրանք այն չափորոշիչներն են, որոնցով «Հայ գրականություն» առարկայից հանվում է «հայ» բառը և համալրվում արևմտյան հեղինակներով, իսկ «Հասարակական գիտություններ / հայոց պատմություն» առարկայական չափորոշիչները և ծրագրերը լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը երկար տարիներ դրամաշնորհային ծրագրեր է անում թուրքերի հետ։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մեկնարկը, իր կարծիքով, այս տարվա ամենամեծ բարեփոխումն է, որ տեղի է ունենալու։

«Ներկայում օրենքը կառավարությունում է և այս ամսվա ընթացքում այն կուղարկվի ԱԺ։ Առաջիկա 2 ամիսներին ԱԺ-ն, հուսով ենք, կընդունի օրենքը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հենց այն աղմուկ հանած նախագիծն է, որով հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում դառնում են կամընտրական, մշուշոտ է դառնում նաև  ԳԱԱ-ի ապագան. նոր իշխանությունները նպատակ ունեն լուծարել այն և միավորել բուհական ամբիոնների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում: