կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 10:40
Հասարակություն

Օրդուխանյանն ու արցախցիներից խլված թեյարանները․ ArmLur.am

Օրդուխանյանն ու արցախցիներից խլված թեյարանները․ ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է հասել մի խումբ քաղաքացիների դիմում-գրություն՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ նրանք պնդում են, որ Սյունիքի մարզում գտնվող ՀՀ ՊՆ Առաջին բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կողմից իրականացվող անօրինական ու կոռուպցիոն սխեմաների հետևանքով կասեցվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ–ի և արցախցի տնտեսվարողների համագործակցությունը՝ վերջիններիս թողնելով վարկերի, պարտավորությունների և փաստացի խլված բիզնեսի առաջ։

Քաղաքացիները հիշեցնում են, որ դեռ 2020թ․ պատերազմի օրերին իրենց միջոցներով, բանկային վարկերով են կառուցել թեյարաններ ու տաղավարներ զորամասերի տարածքում, «Զինառ» ՓԲԸ-ի հետ օրինական պայմանագրերով, որոնք երկարացվել են մինչև 2025թ. հունվարի 31-ը։ Սակայն, ըստ դիմումի, մինչ պայմանագրերի ժամկետի ավարտը զորքի սպասարկման իրավունքը «հանկարծակի» տրվել է Արմեն Գյոզալյանի հարազատ եղբորը, որը, ինչպես նշվում է, Սյունիքում արդեն տիրապետում է 6 թեյարանի։ Այսինքն՝ արցախցիներին, պատերազմի ու տեղահանության հետևանքով արդեն մեկ անգամ ամեն ինչ կորցրած մարդկանց, երկրորդ անգամ զրկել են ապահով եկամուտից՝ կոշտ կոռուպցիոն մեխանիզմներով։

Ավելի քան խոսուն է ուժայինների արձագանքը․ Զինվորական կենտրոնական դատախազությունը գրությամբ պարզապես հայտարարել է, թե սա «քաղաքացիաիրավական հարաբերություն» է և դուրս է դատախազության լիազորություններից։ Ստացվում է՝ երբ խոսքը զինվորական կորպուսի հրամանատարի ընտանիքի բիզնեսի, բազում թեյարանների ու հնարավոր շահերի բախման մասին է, մեր ուժայիններն ընտրում են «չտեսնելու» تاکտիկան։

Այս պատմության մեջ կարևոր դեր ունի նաև քրեական գործերով անունը բազմիցս շրջանառված Արշակ Օրդուխանյանը, որը 2022թ.-ից համարվում է «Զինառ» ՓԲԸ-ի իրական շահառուն։ Փոխանակ պաշտպանելու պատերազմի ու տեղահանության հետևանքով ամեն ինչ կորցրած քաղաքացիների օրինական շահերը՝ Օրդուխանյանը, դատելով դիմումի բովանդակությունից, գերադասել է «չնկատել» ճնշումները և չարաշահումները։ Եվ երբ նման իրավիճակում դատախազությունն էլ լվանում է ձեռքերը, հարցը դառնում է ոչ թե միայն մեկ կորպուսի հրամանատարի վարքի, այլ ամբողջ ուժային համակարգի քաղաքական ենթակայության ու անգործության մասին»։