կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 21:46
Քաղաքական

Ադրբեջանը եթե իմանա, որ զենքի միջոցով ի վիճակի է հարցի լուծում ապահովել, այդ քայլին կգնա՝ առանց ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրման կամ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման. Վահրամ Բալայան

Ադրբեջանը եթե իմանա, որ զենքի միջոցով ի վիճակի է հարցի լուծում ապահովել, այդ քայլին կգնա՝ առանց ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրման կամ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման. Վահրամ Բալայան

Հայ-ադրբեջանական սահմանագոտում մարտական վերջին գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈւ-ի ռազմական հաղթանակը որքանով կարողացանք ամրագրել դիվանագիտական ճակատում:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց, որ այս պահին, որքանով տեղյակ է, ակտիվ բանակցություններ չկան:

– ՀՀ իշխանությունների հավաստմամբ՝ որևէ փաստաթղթի շուրջ խոսակցություն, բանակցություն չկա: Համենայնդեպս, ես այդքանին եմ տեղյակ՝ թե մամուլում ներկայացված տեղեկատվությունից, և թե վերջերս ՀՀ արտգործնախարարի հետ մեր հանդիպման արդյունքում: Նախարարը վստահեցրեց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, որ նման որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չկան: Բանակցությունները միայն ՀՀ-ից կախված հանգամանք չեն, բնականաբար, և՛ ադրբեջանական կողմը կա, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հանգամանքը: Բայց, իհարկե, գաղտնիք չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է փոխել բանակցային ֆորմատը և այդ բանակցային խնդրում ներգրավել նաև Թուրքիային: Չգիտեմ, թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, բայց համացանցում ներկայացված է, որ վերջերս Թուրքիայի նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել և համոզել, որ հնարավորություն ստեղծի, որպեսզի Թուրքիան էլ մասնակից լինի այդ բանակցային գործընթացին:

Սա նոր բան չէ այն տեսանկյունից, որ Թուրքիան մշտապես ձգտել է իր մասնակցությունը բերել գործընթացին՝ նպատակ հետապնդելով հարցը լուծել այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը: Այսօր, սակայն, ամենամեծ դժվարությունն այն է, որ Արցախի Հանրապետությունը հնարավորություն չի ստանում մասնակցել այդ բանակցային գործընթացին: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծում ապահովել, միակ ճանապարհը դա է, որովհետև, վերջիվերջո, հայ ժողովուրդն է 1980-ականների վերջին ելել ազգային-ազատագրական պայքարի, ինքն է որոշել ընտրել այս ուղին, և պետք է այդ ժողովրդի հետ նստել, փորձել քննարկել և հարցի լուծում ապահովել: Կարծում եմ՝ ինչքան Ադրբեջանը շուտ հասկանա այդ նրբությունը, խաղաղությունը տարածաշրջանում ավելի շուտ կհաստատվի և ավելի երկարատև կլինի:

– Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կտրուկ հայտարարություն է արել ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ կապված, թե դա թույլ չեն տա: Այս համատեքստում՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը, վերջերս հաճախ են ՀՀ իշխանությունները հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Որոշ քաղաքագետներ, փորձագետներ կարծում են, որ դիվանագիտական տեսանկյունից այս հայտարարությունն այնքան էլ ճիշտ չէ, որ Արցախի կարգավիճակը, այսպես ասած, փոքրացվում է՝ տալով նրան մարզային կարգավիճակ:

– Նախ՝ Ալիևի ասածներում նոր բան չկա. նրանք մշտապես ձգտել և այսօր էլ ձգտում են նվաճել Արցախը: Սա է նրանց հիմնական նպատակը՝ զենքով տիրել Հայոց երկրին, ինչն իրենք չեն էլ թաքցնում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի մոտեցումներին, պիտի ասեմ հետևյալը. իմ կարծիքով՝ ժամանակն է, որ հայկական պետությունների միջև ռազմաքաղաքական դաշինք կնքվի: Այսինքն՝ որպես ճանաչման առաջին քայլ՝ սա պիտի լինի, որ հնարավորություն ստեղծվի, ընդհանուր առմամբ, երկու երկրների միջև իսկապես ստեղծվեն այնպիսի հարաբերություններ, որոնք ընդունված են միջազգային հարաբերություններում: Ես կարծում եմ, որ այս դեպքում ինչ-որ մի տեղ ՀՀ-ի քայլերը դիվանագիտական տեսանկյունից ավելի ամրապնդված կլինեն և արդարացված:

– Սրանում պատերազմի վերսկսման ռիսկեր տեսնո՞ւմ եք, մենք միշտ լսել ենք, որ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը հաջորդելու են պատերազմական լայնամասշտաբ գործողությունները:

– Այս պահին առաջարկությունն այն է, որ ռազմաքաղաքական դաշինք կնքվի: Կրկնում եմ՝ սա ճանաչման առաջին քայլն է: Սա նաև հնարավորություն կստեղծի, որ աշխարհի մյուս երկրների կողմից ևս որոշակի կամ համապատասխան քայլեր ձեռնարկվեն ճանաչման գործընթացի տեսանկյունից: Բնականաբար, Ադրբեջանն այդ ամենին կնայի առավել ագրեսիվ ձևով, բայց կարծում եմ՝ դրանից բան չի փոխվի: Ադրբեջանը եթե իմանա, որ զենքի միջոցով ի վիճակի է հարցի լուծում ապահովել, ապա, համոզված եմ, որ ինքն այդ քայլին կգնա՝ առանց այդ պայմանագրի ստորագրման կամ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման:

– ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար ընկալելի կլինի՞ ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը, գուցե իրենց կողմից էլ խոչընդոտներ լինեն:

– Իհարկե, շատ դեպքերում դիվանագիտությունն իր նրբություններն ունի, բայց երբեմն նախաձեռնողական քայլի հետ ստիպված են լինում հաշվի նստել, ընդունել այն:

Մարիամ Պետրոսյան