կարևոր
1063 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-24 10:27
Հասարակություն

Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ արարք չէ, այլ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբություն. Սամվել դպիր Գրիգորյան

Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ արարք չէ, այլ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբություն. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԴՐԺՈՒՄ

Հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը (ներառյալ Տեր Երվանդ քահանան) որդիական սիրով և խոնարհությամբ շնորհավորել է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Իրենք իրենց որդիական անվերապահ հավատարմությունն ու սերն են հայտնել Ամենայն Հայոց ազգընտիր և առաքելաշավիղ Հայրապետին՝ վերստին իրենց անսակարկ հնազանդությունը ու հանձնառությունը հավաստելով Նորին Սրբության առաջնորդությանն ու հայրապետական տնօրինություններին՝ ի պայծառություն Մայր Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի: Տեր Երվանդի դեպքում այդ հավատարմությունը տևեց ընդամենը 5 ամիս և նա դրժեց այն:

Հիմա դիմում եմ Թեմի բոլոր քահանաներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, սիրում ու հարգում եմ, որոնց հետ ուխտերթերի, ուխտի Պատարագների ենք մասնակցել, միասին աղոթել, դուք հա՞շտ եք երեկ Արարատ գյուղում մատուցված Պատարագին Կաթողիկոսի անվան չհիշատակման հետ: Թող Աստված առավել զորացնի ձեզ փորձության այս օրերին, հեռու պահի գայթակղությունից, սատանայի լարած թակարդներից: Տերը գործում է եղբայրներ, պինդ բռնվենք Քրիստոսից և Մայր Եկեղեցուց՝ Նոյյան Տապանից:

Ուղղակի չմոռանանք, որ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ արարք չէ, այլ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, Եկեղեցու պառակտում: Այն համարժեք է Քրիստոսի Մարմինը անդամահատելուն, որը Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և կանոնական իրավունքի տեսանկյունից համարվում է ծանրագույն մեղքերից մեկը, որն ունի խիստ հոգևոր և կանոնական հետևանքներ։ Ըստ եկեղեցու կանոնի և եկեղեցու սուրբ հայրերի՝ պառակտման մեջ գտնվող հոգևորականները պետք է զրկվեն այդ աստիճանից, եթե համառեն՝ բանադրվեն:

Սուրբ Կիպրիանոս Կարթագենացին գրում է, որ Եկեղեցուց դուրս գործողները նման են ջրի աղբյուրից անջատված ճյուղի։ Նույնիսկ եթե պառակտված հոգևորականը պահպանել է իր ձեռնադրության շնորհը, այդ շնորհը դադարում է գործել փրկարար ուժով Եկեղեցուց դուրս։ Այսինքն, պառակտված խմբում կատարված Խորհուրդները համարվում են անվավեր, քանի որ դրանք կատարվում են Առաքելական և համընդհանուր եկեղեցական կանոնների խախտմամբ, որոնք պահանջում են միասնություն Կաթողիկոսական Գահի (որպես Քրիստոսի Եկեղեցու գահակալի) հետ, ինչպես նաև դրանց պակասում է Եկեղեցու Մարմնի հոգևոր համաձայնությունը և Նվիրապետական համակարգից եկող օրհնությունը։ Կաթողիկոսի անունը չհիշատակելը ծիսականորեն բացահայտ հայտարարում է այս պառակտումը։
Հետագայում սրան կլինի մանրամասն անդրադարձ:

Ես միանում եմ Մասյացոտնի Հոգևոր հայրերի այդ օրվա գրառման մեջ այս աղոթքին.

Տերը մշտամնա իր օրհնությամբ զորակից և զորավիգ լինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռի արժանի գահակալին և անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ու նրա ուխտապահ միաբանությունը: Ամեն»: