կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 10:37
Քաղաքական

Այս ընտրակարգը հակաժողովրդավարական է. ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու նախագծին

Այս ընտրակարգը հակաժողովրդավարական է. ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու նախագծին

ԱԺ-ում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած` ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:

Հիմնական զեկուցող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկությունը շատ պարզ է` հանել տարածքային ցուցակները, վերացնել ռեյտինգային ընտրակարգը:

«Այս Ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին` նշանակում է ունենալ հերթական այլասերված ընտրությունները»,- ասաց նա և ընդգծեց, որ այսօր այս հարցի շուրջ կա քաղաքական կոնսենսուս: «Կոնսենսուսը մինուս մեկ է` բացի ՀՀԿ-ից, մյուս բոլոր խմբակցություններ, այս հարցում միակարծիք են»,-  հավելեց  Զոհրաբյանը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, հարցով հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովում երկու բովանդակային քննարկում է կատարվել` այս ընտրակարգը ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ, և ընթացակարգային առումով` նվազագույն պահանջները կատարվա՞ծ են, թե՞ ոչ:

«Ասեմ` լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին: Աշխարհում այսօր նկատվում է բաց ցուցակների տենդենց: Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ապա ներկայացվել են մի քանի պահանջներ, որոնցից մեկը` ռեյտինգային ընտրակարգը, չի ընդունվել»,- ասաց նա, ապա հավելեց. «Դուք գովեստի խոսքեր կշռայլեի՞ք, եթե այսօր ՀՀԿ-ն ասեր` փոխե'ք, հանե'ք ստորագրությունների ցուցակը»:

Հովհաննիսյանը կոչ արեց հարգել հանձնաժողովի բացասական եզրակացությունը և դեմ քվեարկել նախագծին:

Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս փոփոխությունը կարող է հաջողվել, եթե համաձայնեցված լինի: «Մենք պետք է շարունակենք համաձայնության հասնելու գործընթացը: Այս ընտրակարգը համարում ենք հակաժողովրդավարական: Սա պետք է փոխվի»,- ընդգծեց պատգամավորը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ ԱԺ-ն կարող է որոշում կայացնել` քննարկել այս հարցը: «Մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին»,- հայտարարեց նա:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` մինչև 2022 թվականը ժամանակ կա: «Կարող են բարձրացնել խնդիրները: ՀՀԿ-ն այժմ նպատակահարամար չի գտնում փոփոխություններ անել ԸՕ-ում, հետևաբար` դեմ ենք քվեարկելու»,- հայտնեց նա:

Հարցը դրվեց քվեարկության: Բացի ՀՀԿ-ից, մյուս խմբակցությունները կողմ քվեարկեցին: Այդուհանդերձ, նախագիծը չընդունվեց ձայների` 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ: