կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 12:53
Քաղաքական

Իսկ ներողություն, էդ ինչ որ արվել ա, իմ սրտո՞վ ա. ԲՀԿ-ականները չեն պատրաստվում հրաժարվել մանդատից

Իսկ ներողություն, էդ ինչ որ արվել ա,  իմ սրտո՞վ ա. ԲՀԿ-ականները չեն պատրաստվում հրաժարվել մանդատից

Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց այն պատգամավորների անունները, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի երկու թեկնածուներ հերքել են տեղեկությունը, որ մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել: Խոսքը թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի համար ամենաշատ ձայն ապահոված Նապոլեոն Ազիզյանի և Արագածոտնի մարզում ամենաշատ քվե ստացած Խաչիկ Մանուկյանի մասին է:

Yerkir.am-ի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանը վրդովված ասաց, որ ինքաբացարկի դիմումի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ինքը ֆիզիկապես ի վիճակի չէ գնալ ու դիմում ներկայացնել: «Ես տանը հիվանդ պառկած եմ, ո՞նց կարող եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Չկա նման բան: Ինքնաբացարկի դիմում ներկայացնողը պետք է տանից դուրս գա, գնա նոտարական գրասենյակ կամ ԿԸՀ:  Ես ո'չ մի տեղում եմ եղել, ո'չ էլ՝ մյուս: Ես չգիտեմ՝ էնտեղ ինչ թուղթ են ներկայացրել, ինչ են արել»,- ասաց նա՝ հավելելով.  «Ես Տիգրան Մուկուչյանի հետ զրուցել եմ, նա ասաց, որ իրավունք ունեմ բողոքարկելու, ես էլ ասացի, որ ինքս չեմ կարող գալ, իմ  ներկայացուցչին կուղարկեմ, լիազորագիր կտամ, նա կգա»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեր այս գործողությունները կարող են Գագիկ Ծառուկյանի սրտով չլինել, քանի որ ներկայացված դիմումից դժվար թե նա տեղյակ չլիներ, Ազիզյանը պատասխանեց. «Իսկ ներողություն, էդ ինչ որ արվել ա,  իմ սրտո՞վ ա կամ ժողովրդի սրտո՞վ ա:  Էս էն պահը չի, որ ասում են` կոշիկը կամ մեքենան հետ տուր, մարդիկ գնացել են, քվեարկել են, էդ ի՞նչ բարոյական իրավունք ունեմ` գնամ, ասեմ՝ ես ինքաբացարկ եմ հայտնել: Հետո էդ մարդկանց ի՞նչ ասեմ: Ասեմ՝ կներեք, ինչ-որ մեկի սրտով չէ, ես գնացել ինքաբացարկի դիմում եմ ներկայացրել: Ո՞նց է լինում տենց բան»:

Ազիզյանը նաև նշեց, որ ինքնաբացարկի դիմումի հետ կապված բողոք ունեն նաև այլ թեկնածուներ: «Խաչիկ Մանուկյանը դիմում է գրել արդեն, էլի մարդիկ կան»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ բողոքարկելու են իրենց անունից ինքնաբացարկի դիմում գրելու փաստը:

Հավելենք, որ որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ` մեկնաբանություն ստանալու համար: