կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-20 23:26
Հասարակություն

ՔՊ-ականները պատասխան պահանջելո՞ւ են գործադիրի ղեկավարից, թե պետությունն ինչու ռազմական ռելսերի վրա չի դրել, ո՞նց է մոբիլիզացիա արվել. վստահեցնում եմ՝ չեն հնչելու նման հարցեր. Օհանյան

ՔՊ-ականները պատասխան պահանջելո՞ւ են գործադիրի ղեկավարից, թե պետությունն ինչու ռազմական ռելսերի վրա չի դրել, ո՞նց է մոբիլիզացիա արվել. վստահեցնում եմ՝ չեն հնչելու նման հարցեր. Օհանյան

Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այսինքն՝ այն կառույցները, որոնք պետք է գնահատեն ռազմաքաղաքական իրավիճակը, գտնվում են կառավարության ղեկավարի ենթակայության տակ։ Ըստ այդմ՝ վարչապետը պարտավոր էր բոլոր միջոցները ձեռնարկել ոչ միայն իրավիճակին տիրապետելու, ճիշտ տեղեկություններ ստանալու համար, այլև՝ կանգնելու բանակի թիկունքին, կարգ ու կանոն հաստատելու և պետությունը տեղափոխելու ռազմական ռելսերի վրա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հնչեցրած այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում կատարվողի մասին իրեն հակասական տեղեկություններ են հաղորդել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե ԳՇ-ն իրեն ճիշտ չի ներկայացրել իրավիճակը՝ ի տարբերություն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի։

«Ես իրեն չեմ լսել (նկատի ունի Փաշինյանին,-խմբ), բայց համոզված եմ, որ Տիգրան Մեծից սկսած՝ բոլորին մեղադրած կլինի, բացի իրենից։ Ասելով, որ իրավիճակին չի տիրապետել, դարձյալ փորձ է անում մեղքն ուրիշների վրա բարդել։ Մարտական գործողությունների ժամանակ, իհարկե, լինում են դեպքեր, որ ինֆորմացիայի խնդիր է առաջանում՝ կապված ռազմական գործողությունների առանձնահատկությունների հետ, բայց յուրաքանչյուր ղեկավար, անկախ ամեն ինչից, պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ճիշտ ինֆորմացիա ստանալու համար, որպեսզի կարողանա կայացնել համարժեք որոշումներ»,-նշեց Օհանյանը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ էլ վարչապետը հայտարարել էր, թե բանակին չպետք է վստահել՝ մինչդեռ բանակին վստահել պետք էր, ավելին՝ անհրաժեշտ էր նաև աջակցել։

Նկատենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր հրապարակային էր, որի ընթացքում հեռարձակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որպիսի նախադեպ չէր եղել. Այսինքն նախկինում որեւէ հրավիրյալի վկայություն չի հանրայնացվել՝ դա պատճառաբանելով գաղտնի տեղեկատվությամբ, ոչ բարեկամ երկրներին հավելյալ տեղեկատվություն չտրամադրելու մտահոգությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում կարեւորը նրա խոսքի հանրայնացումն էր, ինչից հետո նիտսը հետաձգվեց մեկ շաբաթով։

Խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր նիստը բոյկոտելու մասին՝ Սեյրան Օհանյանը մի քանի պատճառ նշեց․

«Նախ՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը, որի հիմնական կազմն իշխող ուժի նեկայացուցիչներն են, չի կարող պատերազմի հանգամանքները մանրամասն ուսումնասիրել ու անաչառ քննություն իրականացնել։ Երկրորդ՝ գիտեինք, որ այն չի տարբերվելու իր (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) տված ասուլիսներից, հարցազրույցներից և կրկին անգամ այդ հարթակն օգտագործվելու է հանրությանը մանիպուլացնելու, սլաքները կարևոր, պատասխանատու գերատեսչություններից մարտավարական օղակի վրա ուղղելու համար։ Քանի որ չկար իշխանության և ընդդիմության համաչափ ներկայություն, հասկանալի էր, որ իրենց թույլ տված սխալներից խոսելու փոխարեն հին երգն են երգելու»։

Օհանյանի ներկայացմամբ՝ իրենց խմբակցությունն առաջարկել էր քննիչ հանձնաժողով ստեղծել նախ՝ ԱԺ-ից դուրս։ Անաչառ քննություն ապահովելու նպատակով, ըստ նրա, առաջարկվել է հանձնաժողովի կազմում համաչափորեն ընդգրկել ներկայացուցիչներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևից, ինչպես նաև՝ Արցախից ու փորձագիտական շրջանակներից։ Առաջարկվել է նաև հանձնաժողովի կազմում չընդգրկել ոչ մի նախկին պաշտոնյայի։ Այլընտրանքային հանձնաժողովի այդ առաջարկը, սակայն, իշխող ուժը մերժել է։

Օհանյանը շեշտում է՝ քննիչ հանձնաժողովը թե՛ գաղափարապես, թե՛ տրամաբանորեն պետք է գործիքակազմ լինի ընդդիմության համար, քանի որ և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական օղակներն, այսպես թե այնպես, իշխանության վերահսկողության տակ են գտնվում և ցանկացած հարց քննելու հնարավորություն այն ունի։

«Անցել է 2,5 տարի, բայց առայսօր ոչինչ չի արվել։ Այս քննիչ հանձնաժողովը ոչ թե բանակին, այլ պետությանը պետք է գնահատական տար։ Արդյո՞ք գնահատական տրվելու է օրենսդիր, գործադիր մարմինների աշխատանքին, Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալո՞ւ է նախկին գումարման ԱԺ-ում իր գործունեությանը՝ մասնավորապես պատերազմի ընթացքում արած քայլերին։ ՔՊ-ականները գնահատական տալո՞ւ են գործադիրի ղեկավարի գործունեությանը, պատասխան պահանջելո՞ւ են, թե պետությունն ինչու ռազմական ռելսերի վրա չի դրել, մոբիլիզացիա ոնց է արվել, հարցնելո՞ւ են զորքի համալրում արել է, թե ոչ, ինժեներական կառույցեր սարքել է տվել, թե ոչ, հաջողվե՞լ է հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը կռահել և ի՞նչ է արվել ճեղքման գոտին փակելու համար․․․Եվ, ի վերջո, գնահատելո՞ւ են ընդունված որոշումները»,- հռետորական հարցադրումներ է անում Օհանյանն ու շարունակելով վստահեցնում՝ չեն հնչելու ո՛չ այդ հարցերը, ո՛չ էլ առավելևս՝ ճիշտ պատասխանները։

Պաշտպանության նախկին նախարարը, ուշադրություն հրավիրելով քննիչ հանձնաժողովի՝ նիստերը դռնփակ անցկացնելու կարգի վրա, շեշտում է՝ ինչո՞ւ է Փաշինյանին իրավունք վերապահվել բաց ելույթ ունենալ, եթե մնացած հրավիրվածների հարցուպատասխանը եղել է դռնփակ։

«Քանի որ Փաշինյանի ելույթը եղել է դռնբաց, ուրեմն հանձնաժողովը պարտավոր է բացել նաև մյուսների պատասխանները։ Իսկ իրականում պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում պատերազմի հանգամանքների քննություն, ու թե ինչքան գաղտնի տեղեկություններ կարող են դրանք պարունակել․․․»,-ընդգծում է Օհանյանն ու հավելում, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Փաշինյանն օգտագործում է նաև այդ հարթակը՝ հասարակությանը մանիպուլացնելու և սեփական սխալները քողարկելու համար։

Աղբյուր` Փաստինֆո