Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի գործող ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, ով Հանրապետական կուսակցության ցուցակով այս անգամ էլ չորրորդ համարն է և կրկին ցանկանում է դառնալ ավագանու անդամ, Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ երևանցին ընտրություն կատարելիս պետք է նախ գիտակցի, որ ավագանու ընտրությունները տարբերվում են խորհրդարանական ընտրություններից, քանի որ բացակայում են քաղաքական տարրերը ու ավելի շատ ներառում են տնտեսական, կենցաղային, հասարակ քաղաքացուն հուզող հարցեր:
Խոսելով գործող քաղաքապետ և Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ նա ընդգծեց, որ մեկ զրույցի ընթացքում դժվար թե հնարավոր լինի դրանք ամբողջությամբ թվարկել: «Կարևորներին կուզեի անդրադառնալ: Նախ` պետք չէ ասել միայն` Տարոն Մարգարյան, որովհետև Տարոն Մարգարյանի առաջին արժանիքն այն է, որ թիմով է աշխատում և սիրում է ունկնդրել, խորհրդակցել, հաշվի առնել առաջարկությունները: Հատկապես ավագանու հետ լուրջ քննարկումներ են լինում, հենց երևանցիների հետ է քննարկումներ անում, որից ես զարմացած եմ մնացել: Անցյալ ընտրություններին գնում էինք քարոզարշավի, Մարգարյանը հանգիստ գիտեր՝ որտեղ ինչ խնդիր կա»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով. «Տարոն Մարգարյանի և նրա թիմի շրջայցերն անչափ շատ են, ինչը նպաստում է Երևանի զարգացմանը: Տարոն Մարգարյանը շատ է սիրում Երևանը, նա զուտ ղեկավար չէ, նա Երևանը սիրող մարդ է, այն նախանձախնդիր վերաբերմունքը, որը նա ունի կանաչ տարածների նկատմամբ, աննկարագրելի է: Օրինակ՝ Դավթաշենում վերջերս գրանցված ծառահատման դեպքն անձնական բան էր նա համարում, շատ զայրացած էր: Հասկանո՞ւմ եք, մենք միանման ենք հարցերին մոտենում, խնդիր չի լինում Տարոն Մարգարյանի հետ աշխատելու ժամանակ, պատնեշ չկա, մենք շատ հեշտ ենք աշխատում»:
Գևորգյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանին կրկին ընտրելու պատճառներից մեկն էլ այն է, որ երևանցին օր օրի զգում է, թե Երևանն ինչպես է զարգանում: «Մաքրությունը, կանաչ տարածքները, հրաշալի խաղահրապարակները` երեխաները խաղում են խաղահրապարակում, բարեկարգված է բակերի մեծ մասը: 160 մանկապարտեզի սնունդը վերահսկողության տակ է, ջեռուցվում են բոլոր մանկապարտեզները, գույքավորված են բոլոր մանկապարտեզները: Մենք անցել ենք ծանր տարիներ, երբ երեխաները մուշտակով ու վերարկուով են քնել, հիմա մենք այդ ամենը մոռացել ենք, արդեն լավ վիճակում ենք ու այդ ամեն ինչը մոռացե՞լ ենք»,- ասաց նա, սակայն, միևնույն ժամանակ, շեշտեց, որ հեռու է այն մտքից, որ Տարոն Մարգարյանի կամ էլ ուրիշ մեկի ղեկավարման ընթացքում Երևանում ամեն բան կարգավորվել է:
Գևորգյանն անմիջապես համաձայնեց մեր դիտարկմանը, թե Երևանում տրանսպորտի հարցը ծայրաստիճան խնդրահարույց է: «Տրանսպորտն իսկապես լուրջ խնդիր է: Հաջորդ խնդիրն է փողոցային երթևեկության կարգուկանոնի սահմանումը, որն այդպես էլ չի կանոնակարգվում, ինչքան էլ դա ՃՈ խնդիրն է, ոչ թե քաղաքապետարանի: Բառի մաթևոսյանական առումով` Տարոն Մարգարյանը տերն է Երևանի, բայց եթե անգամ ՃՈ խնդիրն է, քաղաքապետն էլ պետք է նախանձախնդիր լինի, որ Երևանում ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տրանսպորտի խնդրի կարգավորումը կախված է լուրջ ներդրումների հետ:
«Արտերկրից տրանսպորտային միջոցներ ներկրվեցին, բայց մրցույթին շատ քիչ մասնակիցներ են եղել. երևի թե ցածր է վարձատրությունը, բայց հիմա` ապագա ծրագրում, եթե մենք հաղթենք, դուք ականատես կլինեք, թե ինչքան կարճ ժամանակում միջազգային համապատասխան կազմակերպությունները մեծ գործ կանեն»,- նշեց Գևորգյանը: