կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 16:03
Քաղաքական

Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին` թաղապետի սեփական թեկնածու առաջարկել

Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին` թաղապետի սեփական թեկնածու առաջարկել

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշեց, որ իրենք  ուզում են Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել հաշվետու և արդյունավետ իշխանությամբ: Ըստ նրա` այս ընտրություններին իրենց առաջադրած ամենագլխավոր խնդիրը Երևան քաղաքը երևանցիներին, ժողովրդին վերադարձնելն է:  

Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքը ղեկավարում է մեծ մասամբ վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ,  և որ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին նշանակում է Երևանի քաղաքապետը:

Դիմելով Կենտրոն վարչական շրջանի ընտրողներին` նա ասաց, որ ցանկանում են գործընթացին մասնակից դարձնել նաև նրանց: «Ես ուզում եմ ձեզ կոչ անել, որպեսզի դուք Կենտրոն վարչական շրջանի ձեր թեկնածուներին առաջարկեք այս տեսանյութի տակ, և մենք անպայմանորեն կքննարկենք նրա թեկնածությունը: Ուզում եմ ասել, որ նման գործողության նպատակը ցուցադրելն է մեր վճռականությունը: Մենք իսկապես ցանկանում ենք Երևան քաղաքում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդական իշխանությամբ»,- հայտարարեց Փաշինյանը, ապա խոստացավ,  որ այս գործընթացի ընթացքում առաջադրված թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, որևէ աշխատանք կստանան Երևանի քաղաքապետարանի համակարգում և մասնակից կլինեն քաղաքին նոր շունչ ու թարմություն հաղորդելու գործին: