կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-21 20:20
Առանց Կատեգորիա

Հայաստանը երեք տարով «կորցրեց» ՀԱՊԿ-ն

Հայաստանը երեք տարով «կորցրեց» ՀԱՊԿ-ն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ուշագրավ դիտարկում է արել: «Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի որևէ հայտարարություն: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե՛, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր»,- նշել է Սարգսյանը և հավելել, որ Խաչատուրովն այլևս միջազգային պաշտոնյա է, ունի սահմանափակումներ և մինչև դիրքորոշում հայտնելը այն համաձայնեցնում է անդամ մյուս երկրների հետ:

Պաշտպանության նախարարի այս դիտարկումը խոսում է այն մասին, որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանալու իր իրավունքի իրացման հարցում ցուցաբերած համառությանը, պաշտոնական Երևանը քաղաքական ու հատկապես Հայաստանին հետաքրքրող տարածաշրջանային հիմնախնդիրների համատեքստում այնքան էլ ոգևորված չէ դրանով: Ավելին, կարելի է ասել, Երևանը դրանում նույնիսկ իր համար ավելի քաղաքական կորուստներ է տեսնում, քան օգուտներ: Նախարարի ակնարկն այն մասին է, որ հույսեր չպետք է փայփայել, թե ՀԱՊԿ-ն, ի դեմս նոր գլխավոր քարտուղարի, ավելի սկզբուքնային է դառնալու Հայաստանի շահերը պաշտպանելու կամ ավելի ճիշտ Հայաստանի անվտանգության ապահովման առումով կազմակերպության պարտավորություններով առաջնորդվելու հարցում: Այդ պաշտոնը Խաչատուրովի կողմից զբաղեցնելը ոչինչ չի փոխելու Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև ԼՂ հիմնահարցում անդամ երկրների ունեցած դիրքորոշումներում, փոխարենը երկու ուղղություններով էլ նոր գլխավոր քարտուղարն իր հայտարարություններում ու գործողություններում դառնալու է նույնիսկ շատ ավելի զգուշավոր, քան նախկինը՝ Ռուսաստանը ներկայացնող Նիկոլայ Բորդյուժան:

Նման զգուշավորության պատճառը լինելու է այն, որ հակառակ դեպքում Հայաստանի ներկայացուցչի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ, կանխակալ և միակողմանի՝ հարուցելով անդամ մյուս երկրների՝ Ադրբեջանի հետ առանձին-առանձին ստրատեգիական հարաբերություններ կառուցող Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, երբեմն նաև Ռուսաստանի դժգոհությունն ու դիմակայությունը: Նման հեռանկարը ձեռնտու չէ ՀԱՊԿ մյուս 5 անդամ երկրներից և ոչ մեկին, քանի որ այն ավելի ակնառու է դարձնելու հավաքականության փոխարեն կազմակերպության ներքին պառակտվածությունը, դրանում ընդհանուր շահերի բացակայությունը: Հետևաբար ակնհայտ է, որ նրանք արգելակելու են Խաչատուրովի կողմից արվելիք ցանկացած այնպիսի հայտարարություն կամ գործողություն, որը դուրս է Ադրբեջանի հետ նրանց երկկողմ տնտեսա-քաղաքական շահերից կամ որևէ ձևով կարող է տխրեցնել «եղբայր» Ալիևին:

Այն փաստը, որ ՀԱՊԿ ԳԽ-ն Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան էր, Մինսկին, Աստանային, Բիշքեկին ստիպեց, օրինակ, համակերպել 2016թ. դեկտեմբերին Տավուշի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած դիվերսիոն հարձակման կապակցությամբ նրա արած՝ նախկինների համեմատ կոշտ հայտարարության հետ: Հիշեցնենք, որ այդ հարձակումը Բորդյուժան որակել էր սադրանք ՀԱՊԿ-ի դեմ և միտումնավոր օգտագործել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը: Նման բան այդ երկրները  չեն հանդուրժելու Խաչատուրովի պարագայում, և դա մեկ անգամ արդեն ապացուցել են գործնականում: Երբ Խաչատուրովը, 2015թ. դեկտեմբերին որպես ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը նախագահող, կազմակերպության երկրների անունից ռուս-թուրքական կոնֆլիկտի վերաբերյալ Ռուսաստանին սատարող հակաթուրքական հայտարարություն արեց, այս երկրների ռազմական գերատեսչությունները նրան անմիջապես մեղադրեցին ինքնագործունեության մեջ: Ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանալու նման իրավիճակի կրկնություն, անկախ նրանից՝ խոսքը Թուրքիայի՞ մասին է, թե՞ Ադրբեջանի:

Սա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է անգամ հիմա անդամ պետությունների և առաջին հերթին հենց իր համար ՀԱՊԿ-ն իր իրական՝ անվտանգության անվերապահ երաշխավորման ֆունկցիային վերադարձնելու հեռանկարից և ստիպված է մնալ ՀԱՊԿ-ում հաստատված խայտառակ կոնյուկտուրայի գերին՝ նույնիսկ շատ ավելի նվաստացուցիչ պայմաններում: Որովհետև մի բան է, երբ այլ պետության ներկայացուցիչն է «մանևրում», օրինակ՝ Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ իրականացրած ագրեսիային արձագանքելիս, մեկ այլ բան, երբ դա անում է Հայաստանի ներկայացուցիչը: Երբ, օրինակ ՀԱՊԿ ԳԽ-ն ներկայացնում էր Ռուսաստանը, երբեմն-երբեմն նույնիսկ ՀՀ նախագահն էր այդ կազմակերպության երկրներից պահանջում հավատարիմ լինել ՀԱՊԿ կանոնադրության պահանջներին և սկզբունքայնություն ցուցաբերել: Ումի՞ց է Խաչատուրովի պաշտոնավարման դեպքում նման դիրքորոշում ակնկալվելու: Եվ որպեսզի անհեթեթ վիճակի մեջ չհայտնվի, Երևանն ստիպված է լինելու, ինչպես ասում են՝ «լեզուն ատամների տակ առնելով» լռել՝ դրանով իսկ մեծ բեռից ազատելով կազմակերպության մյուս երկրների ղեկավարներին:

Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը նույնիսկ «կարճացնելու է» Հայաստանի լեզուն: Հենց սա է փորձել հասկացնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և հասարակությանը նախապատրաստել հայկական օրակարգերի շրջանակում Խաչատուրովի անխուսափելի կաշկանդումներին: Ավելին՝ չի բացառվում, որ դրանով պաշտպանության նախարարը նաև հասկանալի է դարձնում, որ Երևանի կողմից այդ զիջմանը գնալու պայմանով են մյուս անդամ երկրները համաձայնել գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել Խաչատուրովի թեկնածությունը: Այնպես որ Խաչատուրովի պաշտոնավարման ընթացքում, այսինքն առաջիկա երեք տարիներին, այդ կազմակերպությունը և նրա գլխավոր քարտուղարը շատ ավելի անատամ են լինելու Հայաստանին և ԼՂ-ին վերաբերող հարցերում, քան նույնիսկ նախկինում էր:

Գևորգ Դարբինյան