Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի եւ Բաքվի ստորագրած հռչակագիրը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողման դրսեւորում։ Այս մասին փետրվարի 23-ին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն, ըստ էության, կորցրեց հին ընկերներին՝ այդպես էլ նոր ընկերներ ձեռք չբերելով։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնովին ձախողել են, եւ հայ հասարակությունն ամեն օր ականատես է լինում այդ ձախողմանը»,- ասաց Խաչատրյանը։
Այդ փաստաթուղթը, պատգամավորի խոսքով, ցույց է տալիս, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ։ Միեւնույն ժամանակ, Երեւանի հարաբերությունները Եվրոպայի հետ ավելի լավ չեն։
«Գործող իշխանությունը շատ հաճախ հիշեցնում է 2,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության մասին՝ այն ներկայացնելով որպես նվեր հայ ժողովրդին։ Իրականում խոսքը միջոցների մասին է, որոնք կարող են հասանելի դառնալ միայն հինգ տարվա ընթացքում։ Ընդ որում՝ միջոցների մեծ մասը տրվելու է պարտքի տեսքով»,- նշեց Խաչատրյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ Երեւանի եւ Վաշինգտոնի հարաբերություններում եւս առաջընթաց չկա։ Իսկ Չինաստանի հետ հարաբերություններն այնքան ցածր մակարդակի վրա են, որ պատերազմի ժամանակ այս երկրի ներկայացվածությունը եղել է դեսպանատան երկրորդ քարտուղարի մակարդակով։
«Իրանի հետ հարաբերությունները նույնպես լավ վիճակում չեն, իսկ Բելառուսի նախագահն իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ հնչեցնել Հայաստանի հասցեին։ ԱԳՆ-ն հայտարարում է Բելառուսի նախագահի կատարած վերլուծության անընդունելիության մասին, բայց դա վերլուծություն չէր։ Վերլուծությունն արվել է Ուկրաինայի դեպքում։ Դա ուղիղ վիրավորանք էր»,- եզրափակեց պատգամավորը։