Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, պաշտոնի բերումով, անշուշտ, թվերի հետ շատ է առնչվում, հետևաբար` դրանց հետ վարվելու կարգն ու կերպը լավ գիտի: Եվ երբ նա ՌԴ Պետդումայում ընդունվելիք՝ 3 ամսում ՌԴ քաղաքացիություն ստանալու օրինագծի կապակցությամբ հայտարարում է, որ դրա ընդունման պարագայում, ժողովրդագրական առումով, մեր երկրին ոչ մի վտանգ չի սպառնա, չես զարմանում. մարդը պաշտոնյա է, և շատերի պես կորցրել է իրականության զգացողությունը:
Սակայն երբ նույն պաշտոնյան հայտարարում է, թե ՀՀ-ում «հարյուրհազարավոր» մարդիկ են բնակվում՝ ունենալով ՌԴ քաղաքացիություն, ապա դա արդեն զարմանալի է: Զարմացնում է, նախ, պարոն Եգանյանի անզգուշությունը այդպիսի վտանգավոր թիվ հնչեցնելու առումով: Արդյո՞ք նա չի գիտակցում, որ երբ ՀՀ բնակչության պաշտոնական թվի ուռճացման (ներքին օգտագործման՝ զուտ քաղաքական նկատառումներով) պարագայում իրավասու մարմնի կողմից հայտարարվում է լրացուցիչ հարյուրհազարավորների մասին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, արդեն պաշտոնապես է կասկածի տակ դրվում Հայաստանի Հանրապետությունում ընտրողների թվի` առանց այն էլ կասկածելի մեծությունը:
Միգրացիոն ծառայության պետը, թերևս անզգուշաբար, սակայն փաստացի «վառում» է ԿԸՀ-ին, ի դեմս դրա՝ իշխանություններին: Թվերից բացի, պակաս զարմանալի չէ Միգրացիոն ծառայության պետի անզգույշ խաղը բառերի հետ, մասնավորապես` նրա պնդումը, թե՝ «արգահատելի բան չկա, որ այդ օրինագծի հաստատումից հետո շատ հայեր կցանկանան ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն»:
«Արգահատելի բան» գուցե և չկա, բայց ահա վտանգավոր բան, հայրենադավ բան՝ որքա՛ն ուզեք: Հայ մարդը, որ հազար ու մի հնարամտություններով՝ կեղծ ամուսնություններով, կաշառքով ու այլ ձևերով լուծում է ՌԴ-ում իր քաղաքացիության հարցը, որպեսզի անդարձ տնավորվի այդ երկրում, հազիվ թե զանգվածաբար չօգտվի այս նոր ընդունվող օրենքի ընձեռած դյուրությունից, որով ոչ թե դուռ, այլ դարպասներ են բացվում երկիրը լքել ցանկացողների առջև:
Ահա, թե ինչու բոլորովին անտեղի է և արգահատելի իր իսկ՝ ՄԾ պետի այն լավատեսությունը, թե խնդրո առարկա օրինագիծը մեր երկրի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Մանավանդ, եթե հիշում ենք, որ Գ. Եգանյանի պաշտոնի առաքելություններից մեկն էլ այն է, որ տեսնի ժողովրդի գլխին կախված` նույնիսկ չեղած վտանգը, ուր մնաց աչք փակի եղածի վրա:
Լ. Սարգսյան