Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նախորդ տարվա հունիսի 20-ին Գյումրիում մայր և որդի Հակոբյանների աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, նրանց տնակից տհաճ հոտ է գալիս: Դեպքի վայրի զննությամբ՝ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ` 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները՝ բռնության հետքերով։ Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ Գոռ Խաչանյանն ապօրինաբար երկու անձանց դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է մայր և որդի Սիրիկ Ռուբենի Հակոբյանին և Սարգիս Կոնստանտինի Հակոբյանին:
Այսպես` 2016թ. հունիսի 17-ին` ժամը 17:00-ի սահմաններում, նա, իր ընկերուհու` Անժելիկա Ենոքյանի հետ որպես հյուր գտնվելով Սարգիս և Սիրիկ Հակոբյանների` Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի տնակում, գործածել է ոգելից խմիչք: Գոռ Խաչանյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն վատ տղա, իսկ ընկերուհուն` Անժելիկա Ենոքյանին, անբարոյական կին անվանելու առիթով վիճաբանել է Սարգիս Հակոբյանի հետ, որի ընթացքում ապօրինաբար երկու անձանց` Սարգիս և Սիրիկ Հակոբյաններին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սարգիս Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, որից հետո տնակում դրված սեղանի վրայից վերցրել է մեկ լիտր տարողությամբ ապակյա դատարկ տարրա և դրանով մեկ անգամ հարվածել է Սարգիս Հակոբյանի գլխին, ինչի արդյունքում Սարգիս Հակոբյանը մահացել է: Դրանից հետո Գոռ Խաչանյանը, դիտավորությամբ, տնակի նախամուտքում առկա պահարանի վրայից վերցնելով մետաղյա գլխիկով մուրճը, դրանով մեկ անգամ հարվածել է վիճաբանությանը միջամտած Սիրիկ Հակոբյանի գլխին` պատճառելով ենթամաշկային, աջ քունքածոծրակային շրջանում, աջ քունքամկանի, կարծրենու, ձախից սուբդուրալ, նրբենու, ուղեղանյութի և փորոքների արյունազեղումների ձևով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասվածքներ, ինչի արդյունքում գանգուղեղային փակ բութ վնասվածքի հետևանքով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիայի սուր խանգարումից Սիրիկ Հակոբյանը մահացել է:
Անժելա Ենոքյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձանց` Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չի տվել, օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չի հաղորդել, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու եղանակով, նախապես չխոստացված ձևով պարտակել է կատարված առանձնապես ծանր հանցագործությունը: Մասնավորապես` հանցագործությունը թաքցնելու նպատակով Անժելա Ենոքյանը Գոռ Խաչանյանի հետ տնակը մաքրել է կատարված հանցագործության հետքերից, թաքցրել հանցագործության գործիք հանդիսացող կոտրված տարրաների բեկորները` այդ կերպ դժվարացնելով իրավապահ մարմինների կողմից հանցագործության բացահայտման, հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու գործընթացը, նախապես չխոստացված ձևով պարտակելով կատարված առանձնապես ծանր հանցագործությունը:
Գոռ Խաչատրյանը ներկայումս կալանքի տակ է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում, իսկ Անժելա Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանին: