կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-08 17:30
Քաղաքական

Եթե կպած աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք. վարչապետը՝ նախարարին

Եթե կպած աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք. վարչապետը՝ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը:


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ: Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 և 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի և այլն:

Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4-ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են: Մանրամասներ են ներկայացվել նաև ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ:
Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, և որքան ներդրում է դա պահանջում: Ի պատասխան նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի», - շեշտել է վարչապետը:

Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, և արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու և մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները: