Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ոլորտի առաջնահերթությունն է, որի ապահովման գործիքներից մեկն էլ պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունն է: Պատշաճ հսկողությունն ու պարտավորությունների չկատարման հետևանքով իրականացվող դատական պաշտպանությունը Պետական գույքի կառավարման վարչության կարևորագույն գործառույթներից են և մշտապես գտնվում են Վարչության պետի անմիջական վերահսկողության տակ: Ընթացիկ հաշվետվությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում՝ պարտավորությունների կատարմանն ավելի օպերատիվ հետևել և նվազագույնի հասցնել ռիսկային ծրագրերը:
Կառույցի ղեկավարի հանձնարարականով՝ պայմանագրային պարտավորություններ ունեցող իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ժամկետներ խախտելու դեպքում նախ ծանուցվում են, բանակցություններ են տարվում և դատական ճանապարհով խնդրի կարգավորումը մնում է որպես վերջին միջոց:
Այսքանով հանդերձ, ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 01.03.2017թ. դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների և գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով առկա են ընթացիկ դատական գործընթացներ՝ ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում: Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող և երրորդ անձ՝ գումարային և ոչ գումարային տարբեր պահանջներով: Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր:
Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ գումար:
Պետական գույքի վարձակալների և գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը և չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչև խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ:
Մասնավորապես, 2017թ. բավարարված հայցով՝ դատարանի կողմից վճռվեց պարտավորեցնել պատասխանողներին` պահպանել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը, որի վերաբերյալ դատական վեճն ընթանում էր դեռևս 2015 թվականից:
2017թ. հունվարին օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով՝ համապատասխան վարձակալ-ընկերությունը վտարվել է տարածքից և շուրջ 700 000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման:
2017 թ. հունվարին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռի հիմքով կատարողական թերթ է ներկայացվել հարկադիր կատարման:
2017 թ. փետրվարին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է՝ անբարեխիղճ վարձակալի հետ լուծել կնքված վարձակալության պայմանագիրը, վտարել տարածքից և բռնագանձել գոյացած վարձավճարի պարտք գումարը:
Պետական գույքի կառավարման վարչություն