կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 14:04
Իրավական

«Հարավկովկասյան երկաթուղու» և «ԱՄ գրուպի» դատական քաշքշուկը շարունակվում է

«Հարավկովկասյան երկաթուղու» և «ԱՄ գրուպի» դատական քաշքշուկը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ տեղեկացրին, որ քննության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ դեռևս պարզման փուլում են, սակայն ներկայումս այս գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան:

Նշենք, որ Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «ԱՄ գրուպի» հակասությանը: Հայտնել ենք, որ դեռևս 2016-ի փետրվարին երկաթգծի բիզնեսով զբաղվող «ԱՄ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջով քրեական գործ հարուցել և քրեական պատասխանատվության ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությանը, որը հրաժարվում է կատարել իր ընկերության հետ կնքած պայմանագրային պարտավորությունները։ Ըստ այդմ` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, օգտագործելը հատկանիշներով: Երկու ընկերությունների միջև վեճ էր առաջացել՝ նրանց միջև կնքված պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից 40 վագոնների մատակարարման գործընթացի ձախողման շուրջ:

Ըստ «ԱՄ ԳՐՈՒՊ»-ի` դրա հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս: ՍՊԸ-ի տնօրենը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի կողմից, մասնավորապես, վաճառված 40 վագոններից 12-ը դուրս են գրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռից այն դեպքում, որ դուրս գրման պահին հայտնի չեն եղել 12 վագոններից 8-ի սեփականատերերը, իսկ մեկ վագոն եղել է Լատվիայի Հանրապետության սեփականությունը:

Նշենք, որ «ԱՄ գրուպը» 2015-ի տարեվերջին դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որը վարչական վարույթ է հարուցել և նույն թվականի դեկտեմբերի 25-ին որոշում կայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը նկատողություն հայտարարել, քանի որ նույն վարչական վարույթով հիմնավորվել է, որ ընկերության կողմից «ԱՄ գրուպ»-ին վերանորոգման համար չհիմնավորված գներ են ներկայացվել: Երկու ընկերությունների կոնֆլիկտը այսքանով չի ավարտվել: Դեռևս 2015-ին ՀԿԵ-ն դիմել էր Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «ԱՄ գրուպից» բռնագանձել 1մլն 338 հազար դրամ: Ընկերությունը դատաքննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու մասին, ինչը բավարարվել է, ըստ այդմ` «ԱՄ գրուպ» ընկերության դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Այս գործով դատաքննությունը դեռ շարունակվում է: «ԱՄ գրուպն» էլ իր հերթին էր դիմել դատարան` պահանջելով` 2 մլն դրամ բռնագանձել ՀԿԵ-ից, սակայն հայցը վերադարձվել էր սխալները ուղղելու նպատակով: Նոր հայց այդպես էլ չի ներկայացվել:

Yerkir.am-ի հետ զրույցում Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող, իսկ ինչ վերաբերում է ընկերության կողմից իրենց դեմ ներկայացված քաղաքացիական հայցին, գործը դեռևս քննվում է դատարանում: