կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 14:16
Իրավական

Նախկին աշխատակիցներն` ընդդեմ ''Հարավկովկասյան երկաթուղու''. նոր բացահայտումներ

Նախկին աշխատակիցներն` ընդդեմ ''Հարավկովկասյան երկաթուղու''. նոր բացահայտումներ
Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախկին տասը աշխատակիցները չեն էլ մտածում ընկերություն վերադառնալու մասին: Ոմանք, որպես անվտանգության աշխատակից, տեղավորվել են տարբեր կազմակերպություններում, ոմանք էլ իրենց նախկին աշխատանքի հետ ընդհանրապես առնչություն չունեցող գործունեություն են սկսել` մեկը խանութում է աշխատում, մյուսը մանկապարտեզում մանկապատանեկան խմբակ ունի, իսկ մեր զրուցակիցը` ընկերության նախկին աշխատակից Երվանդ Սալախյանը, օրինակ, զբաղվում է իր սիրած մարզաձևով` սպորտային ուշուով:

 

 

«Նրանք կխնդրեին, որ մեզ նման աշխատողները վերադառնային, պարզապես այնտեղ մթնոլորտն այնքան է փչացել, որ չենք ցանկանա»,- այսպես պատասխանեց ուշուի սիրահար Սալախյանը yerkir.am-ի այն հարցին, թե չէի՞ն ցանկանա վերադառնալ ռուսական ընկերություն:

 

Այս տասը աշխատակիցները, ովքեր հայտնի են «Հարավկովսկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին դատի տալու գործով, շուրջ կես տարի է` դատական քաշքշուկի մեջ են: Փետրվարի 1-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վլադիմիր Ասլանյանի նախագահությամբ, տեղի կունենա ընկերության դեմ նրանց ներկայացրած հայցապահանջի գործով հերթական դատական նիստը: Ընկերության նախկին աշխատակիցները պահանջում են իրենց պակաս վճարված աշխատավարձերն ու հաշվարկված տուժանքը: Նրանց խոսքով` ընկերությունը խախտել է Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթներ և իրենց չի վճարել 4 տարիների աշխատավարձերի մի մասը, որն, ընդհանուր առմամբ, գերազանցում է 20 մլն դրամը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում հայցվորների ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանը նշեց, որ այս գործով դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է պատասխանող կողմի դիտավորությամբ: «Ճիշտ է, պատասխանող կողմը պատճառաբանություններ ներկայացնում է, սակայն դրանք երբեմն անհեթեթ են»,- ասաց նա և հավելեց, որ հայցվորների պահանջն իրավացի է, նաեւ հույս հայտնեց, որ, ի վերջո, այս գործով արդարությունը կհաղթի:

 

Դատական գործընթացի ձգձգման հետ կապված` իրենց դժգոհությունն են հայտնում նաև ընկերության նախկին աշխատակիցները: «Դատական գործընթացն անընդհատ ձգձգվում է. գալիս, նստում են, ինչ-որ անիմսաստ բանից կառչում և հետաձգում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Սալախյանը: Նրա խոսքով` ընկերությունն իր իրավաբանի` Արսեն Մկրտչյանի միջոցով մի քանի անգամ հաշտության առաջարկ է արել: «Երբ մոտեցանք իրավաբանին,  ասաց, որ լրիվ ընդունում են` մեր գումարները պետք է վերադարձնեն: Մեր հաշվեհամարներն ուզեցին` ասելով 15 միլիոն են փոխհատուցելու` ուզում եք` ուզեք, չէ` դուք գիտեք: Բայց իրականում պետք է 23 մլն տային: Մենք էլ պատասխանել ենք, որ մեզ հասանելիք գումարներն ենք պահանջում»,- ասաց նա և հավելեց, որ ընկերությունը քաջ գիտակցում է, որ այդ գումարը չի կարող չտալ, պարզապես ցանկանում է իրենց հասանելիքից գումարից պակաս վճարել և հարցին այդ կերպ լուծում տալ:

 

Սակայն, yerkir.am-ի հետ զրույցում «Ստեփանս սան» իրավաբանական ընկերության տնօրեն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբան Արսեն Մկրտչյանը պաշտոնապես հերքեց, որ իրենց կողմից նման առաջարկ է եղել: «Այդ առաջարկությունը եղել է, նախևառաջ, հայցվորների կողմից, ինչի վերաբերյալ գրավոր փաստաթղթեր կան: Մեծ հաշվով մենք հակված ենք հաշտության, բայց երբ քննարկվող պայմանները խելամիտ կոչել անգամ չի կարելի, ինչի՞ մասին է խոսքը: Այսօր էլ կարող է կողմը մոտենալ և հաշտության առաջարկ անել, բայց ոչ աստղաբաշխական թվեր պահանջել»,- ասաց նա:

 

Ընկերության իրավաբանի գնահատականով` իրավական հարթությունում այդ հայցն անհիմն է և անտեղի: «Այն սև PR-ից, էժան դիվիդենդ հավաքելուց բացի, ուրիշ ոչինչ ի ներառում»,- նշեց նա:

 

Ըստ Մկրտչյանի` իրականում տվյալ աշխատակիցներն աշխատել են, վարձատրվել են ինչպես մյուսները: «Պարզապես նրանց մեջ կա մի լիդեր, ով նրանց միավորել է, մտածել է` դե լավ, մեկ է դուրս ենք գալիս, եկեք փորձենք այս հիմնարկին դատի տալ, չաշխատած գումարները ստանալ: Էդ չգիտեմ` ով ա գցել դրանց գլուխը, ժամանակին մի անհասկանալի իրավիճակ է ստեղծվել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով դատական գործընթացի ձգձգվելուն` իրավաբանը հայտնեց, որ իրականում ընկերությունը շահագրգռված է օր առաջ այդ խնդրին լուծում տալ: Իսկ նախկին աշխատակիցն այլ բան է պատմում. «Մենք լսել ենք, որ երկաթգիծը մոտ 30 միլիոն մի կողմի վրա դրել ա, որովհետև, բացի մեզանից, նաև հարկայինին պետք է գումար տա: Մենք հանգիստ կարող էինք հարկայինին դիմում ուղարկել, այդ կերպ նրանց ճնշել, բայց չցանկացանք: Պպարզապես, տեսնելով նրանց անշնորք պահելաձեւը, դիմեցինք դատարան, քանի որ պարզից էլ պարզ է, որ ընկերությունը մեզ հետ փոխհարաբերություններում բազմաթիվ խախտումներ է արել»:

 

Հարկայինին դիմելու` հայցվորի ցանկությունն էլ պատասխանողի ներկայացուցիչը հետևյալ կերպ ներկայացրեց: «Սպառնում են, թե նամակ կգրեն հարկային տեսչությանը, աշխատանքային տեսչությանը, Հռոմի պապին, չգիտեմ` էլ ում: Բնականաբար, որոշ մարդիկ էլ այդ ապատեղեկատվությունը հալած յուղի տեղ են ընդունում: Գործում առկա են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այստեղ ոչ մի վիճարկելու բան չկա»,- հայտարարեց Ա. Մկրտչյանը:

 

 

 

Սալախյանը մեզ հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ էլ հաղորդեց: Նա պատմեց, որ ընկերության իրավաբանը` Արսեն Մկրտչյանը, մի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ խնդիրներ է ունեցել, անգամ` ընկերության դեմ 5 մլն դրամ գումար բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել: «Մի ժամանակ, երբ աշխատանքից ազատված մեր աշխատակիցներից մեկն ընկերության դեմ հայց ներկայացրեց և շահեց, իրավաբանի և ընկերության միջեւ կոնֆլիկտ առաջացավ: Նրան ասել էին` դիմում գրի, դուրս արի, նա էլ դատի էր տվել երկաթգծին, հետո չգիտենք` ինչի սեր բուսնեց, նա գնաց և հայցը հետ վերցրեց»:


Ըստ մեր զրուզակցի` շշուկներ էին տարածվում, որ հայցը հետ վերադարձնելու պատճառներից մեկը եղել է այն, որ Մկրտչյանը միաժամանակ, որպես իրավաբան, աշխատանքի է անցել ռուսական «ԿԱՆԱԶ» գործարանում: «Երևի կողքից հասկացրել են, որ սիրուն չի,  երբ ռուսական ձեռնարկությունում ես աշխատում և գնացել ես ռուսներին դատի ես տալիս»,- ենթադրեց նախկին աշխատակիցը:

 

Թերևս հետաքրքրական էր տեղեկության վերաբերյալ ընկերության իրավաբանի տված մեկնաբանությունը:

ի դեպ` Արսեն Մկրտչյանը  yerkir.am-ի տեղեկություններով շուտով պետական պաշտոն է զբաղեցնելու և այս գործի ընթացքին հավանաբար կհետևի դիտորդի կարգավիճակով:

 

 «Իրականում ընկերության հետ որևիցե սկզբունքային վեճ չի եղել, եթե նման բան լիներ, ես այն կհասցնեի տրամաբանական ավարտին: Դա տակտիկական քայլ էր` հայցվոր կողմի փաստաբանի ռազմավարությունն իմանալու համար: Եես նրան էլ եմ ներգրավել դրա մեջ, որ բացահայտվեն նրա տակտիկական հնարավորությունները, և կիրառել եմ այն հմտությունը, որն ունեմ, դրանում ինձ մեղադրել չի կարելի, հմտությունս կիրառել եմ և ստացել եմ որոշակի տեղեկություններ: Եթե այսօր մարդիկ մտածում են, որ ես նրանց նկատմամբ անազնիվ եմ վարվել, ունեցել եմ այլ նպատակ, դա տակտիկական աշխատանքի իմ ձևն է, ընդ որում` դրա համար էլ ներգրավված փաստաբանը համապատասխան վճարները ստացել է»,- ասաց իրավաբանը: Նա նաեւ հայտարարեց, որ այժմ ստիպված է բացել բոլոր փակագծերը. «Իրավական հարթությունում իմ խնդիրներն ինձնից լավ լուծող ոչ ոքի չեմ ճանաչում, չկա մի դեպք, երբ ես իրավաբանական օգնության կարիք ունենամ, բա իրենք ո՞նց են մտածում, որ ես, խնդիր ունենալով, հենց իրենց փաստաբանին վարձակալեցի, ուրեմն` ես հիմար մարդ չեմ, չէ՞»:

 

 

Ի դեպ, պարզվում է` «Հարավկովկասյան երկաթուղին» ունեցել է նմանատիպ 40 գործ, որոնցից 18-ը` աշխատանքային պայմանագրի հետ կապված:

 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ