Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա Արցախի վերջին շրջանի քաղաքականությունն է, որը նա որդեգրել էր նաև Արցախյան շարժման սկզբից: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:
«Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ադրբեջանը փորձում էր գայթակղիչ հայտարարություններ անել Արցախի անվտանգության վերաբերյալ, ասում էր, որ կարող է նյութապես բարելավել Արցախը: Բայց երբ արցախահայությունը դեմ եղավ, Ադրբեջանն ընդունեց կոշտ դիրքորոշում՝ պատերազմ. հրադադարից հետո նորից կոշտ դիրքորոշման անցան՝ սահմանում լարվածություն պահելով: Ապրիլյան պատերազմին էլ դրսևորվեցին բռնություններ՝ ծերերի խոշտանգումներ, մեր զինվորների գլխատում: Վերջին ամիսներին արդեն, երբ Հայաստանի Հանրապետությունն իշխանափոխություն կատարեց, արդեն սկսեցին «բարի քեռու» տպավորություն ձևավորել»,-ասաց նա:
Նա մատնանշեց, որ Ադրբեջանի քայլերը՝ ինչպես օրինակ՝ սահմանապահ զորքերի հետքաշումը, Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանի արտգործնախարարի հետ փոխըմբռնում ունի, պարզապես փորձեր են և՛ դրսի, և՛ ներսի, և՛ նաև հայ հանրությանը ներկայացնելու, որ տեսեք Ադրբեջանն այն երկիրը չէ, որի մասին պատկերացում կա:
«Այդ ամենին մենք պետք է լուրջ վերաբերվենք, և հակազդենք մեր հնարավորություններով, որովհետև Ադրբեջանը չի հրաժարվելու Արցախը բռնակցելու իր ծրագրերից:
Մենք հայության ուժը պետք է կենտրոնացնենք, որ մեր սահմանն ֆանարիկ պահենք»,- ասաց նա:
Ըստ Վահրամ Բալայանի՝ Ադրբեջանի «դիմակը» գուցե համոզիչ լինի միջազգային հանրության համար, բայց հայության համար՝ դժվար թե: «Իհարկե, մենք տարիներ շարունակ սխալ քայլեր ենք արել թուրքական պետությունների հետ ունեցած մեր հարաբերություններում: Բայց չեմ կարծում, որ այսօր, ունենալով պետականություն, մենք նորից նման քայլեր անենք, գայթակղվենք այդ առաջարկություններով և տեղի տանք»,- ասաց նա:
Նա նկատեց՝ մենք հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք՝ երկու հայկական պետություններ կան, և եթե դրանց զարգացման քաղաքականությունը հաջողենք, կկարողանանք հաղթել:
Դիտարկմանը, թե նկատելի չէ՞, որ հիմա Հայաստանը դրական է արձագանքում Ադրբեջանի «կեղծ քաղաքականությանը»՝ այդպես մոռացնել տալով, որ Ադրբեջանը ուներ «ցեղասպանական» նպատակներ, որ սպառնում է տարածաշրջանում ժողովրդավարության անվտանգությանը, նա պատասխանեց, որ ամեն դեպքում հայկական դիվանագիտությունը պետք է ներկայացնի, որ պատրաստ են հիմնախնդիրը լուծել միջազգային նորմերի, խաղաղության պահպանման շրջանակներում:
«Մենք դրանից չենք հրաժարվում: Բայց չեն կարող Ադրբեջանի ցանկությունները, նկրտումները բավարարել: Գիտենք, որ ախորժակը ուտելուց է բացվում, նպատակը ոչ միայն Արցախի Հանրապետության զավթումն է, այլ խոսք է գնում նաև Երևանի, Սևանի մասին: Այդ մասին մշտապես պետք է բարձրաձայնել: Պետք է նորից հարցնել՝ արդյո՞ք իրենց նպատակները փոխվել են, ի՞նչ են առաջարկում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ է կարծում, մինչև երբ Ադրբեջանը կարող է պահել իրեն պահել խաղաղասերի դերում, Վահրամ Բալայանը պատասխանեց․ «Ադրբեջանը խաղը կտանի այնքան ժամանակ, մինչը Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից կոշտ դիրքորոշում կստանա: Վերջիվերջո, զենքը միլիարդներով չեն գնել, որ Բաքվի թանգարանում պահեն: Դրանք մեկ օր պետք է կրակեն, նրանք դրան են անընդհատ պատրաստվում»,- ասաց նա:
Արցախի ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրենք Արդրբեջանից հնչող այդ հայտարարություններին շատ հանգիստ են վերաբերում: «Մենք լուրջ չենք վերաբերում դրանց: Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել: Մենք այդ հարցերը քննարկում ենք, վերջերս ԱԺ-ում էլ էին այդ մասին խոսում․ ուզում ենք, որ քաղաքացիական պաշտպանությունն էլ զարգանա, Արցախի անվտանգությունն ապահովվի: Մենք գիտենք, որ սա երկատաև գործընթաց է, և որքան իմաստուն լինենք, հիմնահարցը կլուծվի հայության օգտին»,- ասաց նա: