կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-01 20:14
Քաղաքական

Երեւանը կարող է լինել տարածաշրջանի լավագույն քաղաքը. Դավիթ Լոքյան

Երեւանը կարող է լինել տարածաշրջանի լավագույն քաղաքը. Դավիթ Լոքյան

Երեւանը մեծագույն հնարավորությունների քաղաք է, որը կարող է դառնալ համայն հայության իրական մայրաքաղաքը, ուր մեր բոլոր սփյուռքահայ հարազատները պետք է իրենց ներդրումներն իրականացնեն, իրենց ձեռնարկությունները հիմնեն, եւ մենք Կովկասում եւ, ինչու ոչ, ամբողջ տարածաշրջանի լավագույն քաղաքը ունենանք. Զեյթունում այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:

 

Նա նշեց, որ Երեւանն ունի այդ հնարավորությունները, եւ ՀՅԴ-ն իր թեկնածուով` Արմեն Ռուստամյանով, ով գլխավորում է ՀՅԴ համամասնական ցանկը, իրականացնելու է այդ ամենը: Լոքյանը նշեց, որ Երեւանն, իրավամբ, ունի այդ պոտենցիալը, եւ Դաշնակցականները տեսնում են, որ տարիների ընթացքում այն որոշ փոփոխությունների է ենթարկվում, դառնում է ավելի բարեհունչ, ընդունող, տրամադրող մայրաքաղաք, ամբողջ հայության համար, բայց այն իրավիճակը, որում հայտնվել ենք, հեռանկարի համար բավարար չէ եւ չի կարող դիմանալ այնպիսի դաժան մրցակցության, ինչպիսին մենք ունենք հենց նույն Կովկասում` Ադրբեջանի, Վրաստանի եւ այլ երկրների մայրաքաղաքների հետ համեմատած:

 

«Հետեւապես` Երեւանը զարգացնելու հիմնական խնդիրը առաջարկում ենք մենք, մեր ծրագրային հիմնադրույթներում: Դա մեր քաղաքի ստրատեգիական զարգացման հեռանկարային ծրագիրն է, որի մեջ ամփոփված են ոչ թե առօրյա իրականցվելիք գործեր` կանաչապատում, փողոցի ասֆալտապատում ու չգիտես էլ ինչ, որոնք, իհարկե, նույնպես անհրաժեշտ են, այլ թե ինչպիսի քաղաք ենք մենք ուզում 10 տարի հետո, ինչպիսի քաղաքում ենք մենք ապրելու 5 տարի հետո, ինչպես է այս քաղաքում մեր քաղաքացին գտնելու աշխատանք, նորմալ աշխատավարձ ստանալու եւ կարողանալու նորմալ ընտանիք պահել»,- պարզաբանեց ՀՅԴ-ական գործիչը:

 

Դավիթ Լոքյանն ասաց, որ ՀՅԴ-ն իր այդ ռազմավարական ծրագիրն է ներկայացնում երեւանցիների դատին. կընդունեն երեւանցիներն այդ ծրագիրը` հեռանկարում կունենան տարածաշրջանի լավագույն քաղաքը: Լոքյանը խոսեց նաեւ սոցիալական բնակարանաշինության, Երեւանի բյուջեն կրկնապատկելու, եռապատկելու հնարավորությունների եւ այլ հարցերի մասին եւս` նշելով, որ այդ բոլոր դրույթները ոչ թե պարզապես խոստումներ են, այլ մանրակրկիտ ուսումնասիրված, կազմված ծրագրեր: