Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝ նշելով, որ արդեն ավանդական դարձած «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը օգնում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում. «Կրթությունը 21-րդ դարում աստիճանաբար շեղվում է ավանդական դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ ձևաչափից և հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը: Այսօր դեռ պարզ չէ, թե օրինակ 50 տարի անց հիմնական ուսումնադաստիարակչական գործընթացներն ինստիտուցիոնալ ինչ ձևեր են ունենալու: Այս տեսանկյունից էքսպո-ցուցահանդեսներն աշակերտների և ուսանողների համար յուրօրինակ հարթակ են հանդիսանում՝ ստանալու համապարփակ տեղեկատվություն կրթության ապագայի վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝ «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը հայ-ռուսական կրթական համագործակցության հաջողված նախագծերից է, որին ակտիվորեն մասնակցում են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություները. «Հայ երիտասարդների համար ռուսական կրթական միջավայրը գրավիչ է: Առաջիկայում մոտ 200 երիտասարդ Հայաստանի Հանրապետությունից միջպետական կրթաթոշակային ծրագրով մեկնելու են Ռուսաստան ՝ ուսանելու ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հավելել, որ ապագային միտված նորարական լուծումներով կրթություն կազմակերպելու ասպարեզում ռուսական բուհերն ունեն միջազգային բարձր վարկանիշ:
«Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը:
ՀՀ ԿԳՆ