Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների ծխախոտը պարենային բավարարման ցանկից հանելուն: Նախարարը շեշտեց, որ այդ հարցը երեկ բավական մեծ իրարանցում էր առաջացրել հասարակության շրջանում, և ինքը ցանկանում է պարզաբանել:
«Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները, այսպես, թե այնպես, ծխախոտ չեն ստացել: Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ` մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա համար մենք առաջարկեցինք, որ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացվի հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարն օգտագործեն իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում: Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում դա մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում: Իհարկե, նման բան գոյություն չունի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դրա համա՞ր էիք այդքան մանրամասն մեզ պատմում»:
«Այո, որովհետև երեկ այդ հարցը շատ բուռն քննարկվեց»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ երեկ աղմուկ էր բարձրացել, քանի որ օրենքի նախագծում նշված չէ, որ ծխախոտի փոխարեն գումար է տրամադրվելու զինծառայողներին: