Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը: Նա նշեց, որ օրենքը իրավական հիմքեր է ձևավորում պաշտպանության ոլորտի նոր քաղաքկաանությունների մշակման և ներդրման համար:
«Սա առանցքային օրենք է` պաշտպանության ոլորտի քաղաքականության տեսակետից: Այն ամրագրում է պետություն-հասարակություն-քաղաքացի հարթություններում երկրի ռազմական անվտանգության հիմնական հասկացությունները, ապահովում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների լիարժեք փոխգործակցությունը երկրի պաշտպանության կազմակերպման և պաշտպանության գործում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` օրենքով նորովի սահմանվել են պաշտպանություն, պաշտպանության ոլորտ, պաշտպանության ոլորտի քաղաքականություն, պաշտպանության ռազմավարության վերանայում, պաշտպանության ռազմական անվտանգության համակարգ, զորահավաք, զորահավաքային նախապատրաստություն պաշտպանության նպատակով, տրանսպորտային միջոցների օգտագործում հասկացությունները:
«Հստակեցվել է խաղաղ ժամանակ և պատերազմի պայմաններում պաշտպանության կազմակերպման և զորահավաքային նախապատրաստության գործընթացը: Օրենքի նախագծով, ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան, սահմանվել են պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԺ, կառավարության, անվտանգության խորհրդի, վարչապետի, պաշտպանության նախարարության, պաշտպանության նախարարի, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները և, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների և քաղաքացիների պատասխանատվությունները, զինված ուժերի ու այլ զորքերի գործունեությունը, որոնք ներառում են խաղաղ և ռազմական գործողության պայմաններում ՀՀ պաշտպանության ապահովության գործունեությունների զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման համալիրը»,- ներկայացրեց Սարգսյանը:
Նրա խոսքով` մասնավորեցվել են Սահմանադրությամբ նշված լիազորությունները: Նախարարը նշեց, որ մասնավորապես տարբերակվել են ՀՀ վարչապետի լիազորությունները խաղաղ ժամանակ, ՀՀ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի ու զինված հարձակման դեպքում և պատերազմի դեպքում` արդեն որպես գերագույն գլխավոր հրամանատար:
Նախարարը խոսեց նաև անվտանգության խորհրդի մասին: «Սահմանադրությամբ սահմանված է, որ պաշտպանության ոլորտի քաղաքական ուղղությունները սահմանում է անվտանգության խորհուրդը: Այս օրենքով սահմանվել են զինված ուժերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի կիրառման պլանը և այլ փոփոխություններ»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ, Սահմանադրությանը համապատասխան, զինված ուժերը գտնվում են ՀՀ կառավարության ենթակայության ներքո: «Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զինված ուժերի անմիջական ղեկավարը զինված ուժերի շտաբի պետն է, ով զինված ուժերի զինվորական ամենաբարձր անձն է: Ոչ պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի շտաբի պետը ենթակա է գերագույն գլխավոր հրամանատարին»,- ներկայացրեց նա:
Սարգսյանը նաև հայտնեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 5 տարով է, և նույն անձը երկու անգամից ավելի չի կարող նշանակվել գլխավոր շտաբի պետի պաշտոնում: «Օրենքով հստակ անջատվել են գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի լիազորությունները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է զինված ուժերի այլ զինված ուժերի հարձակումը կամ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կասեցնելուն, անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան ղեկավարը:
«Օրենքով սահմանվել են նաև քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, քաղաքացիների պահեստային կցագրման և այլ հարցերի հետ կապված հարաբերությունները»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ օրենքի նախագիծն անցել է լայն հանրային քննարկումներով, իսկ հանձնաժողովում քննարկելու ժամանակ ընդունվել են մի շարք առաջարկություններ: Սարգսյանի խոսքով` օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո էլ իրենք բաց կլինեն քննարկումների համար: