կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 20:07
Աշխարհ

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է ունեցել Պոզնանի համալսարանում

Լեհաստանում ՀՀ դեսպանը դասախոսություն է ունեցել Պոզնանի համալսարանում

Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը, որը տեղի է ունեցել համալսարանի քաղաքական գիտությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ, ներկա էր նաև ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռադոսլավ Ֆիեդլերը։

Հանդիպումից առաջ համալսարանի ցուցասրահում տեղի է ունեցել Պոզնանում բնակվող հայազգի նկարիչ և քանդակագործ Վահան Բեգոի աշխատանքների ցուցադրությունը:

Այնուհետև, դեսպան Ղազարյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի պատմությանը, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Էդգար Ղազարյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Իր ելույթում դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Դեսպան Ղազարյանը նաև խոսել է Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին: Այնուհետև, դեսպան Ղազարյանը պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԳՆ