Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Արարատ Զուրաբյանն անդրադարձավ առաջիկա ընտրություններին:
Հարցին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցելու համար, նա պատասխանեց, որ առաջին հերթին` քաղաքական իրողությունը: «Գագիկ Ծառուկյանի հետ, իրոք, երկար տարիների շատ մոտ բարեկամական, ընկերական հարաբերություններ կան: Հիմա էլ քաղաքական համատեղ գործունեությունը պտուղներ կտա»,- ասաց նա:
Զուրաբյանն ընդունում է, որ երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանի համար ստեղծվել էին բարդ պայմաններ, լուրջ գործընթացներ, նա ստիպված էր անհատական լուրջ որոշում կայացնել, որն ինքը չի դատապարտում: Հիմա նա վախ չունի, որ ճգնաժամային իրավիճակում Գագիկ Ծառուկյանը հետնահանջ կկատարի:
Ըստ Արարատ Զուրաբյանի` գործող քաղաքական մեծամասնությունը չի կարող ապահովել այնպիսի իրականություն, որը հասարակության պահանջները կբավարարի, ուստի «Ծառուկյան» դաշինքը ներկայանում է որպես ՀՀԿ-ին այլընտրանք:
Հարցին, թե ինչն է ստիպում միավորվել «Ծառուկյան» դաշինքի շուրջ` Ծառուկյանի քաղաքական մտածողությո՞ւնը, նրա սկզբունքայնությո՞ւնը, թե՞ ունեցած ֆինանսական միջոցները, Արարատ Զուրաբյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձևավորել այլ բևեռ, որը որևէ այլ քաղաքական ուժի չի հաջողվել, նրան հաջողվել է նաև կառուցել քաղաքական թիմ: Ինչ վերաբերում է ֆինասնական միջոցների որոշիչ լինելուն, ապա Հայաստանում կա 20-30 մարդ, ովքեր նույնքան ֆինանսական միջոցներ ունեն, բայց նրանց շուրջ մարդիկ չեն միավորվում:
Հարցին, թե այդ դաշինքը ընդդիմադի՞ր է, Զուրաբյանը կրկին հստակ չպատասխանեց` ասելով այն ուժը, որը կառավարող ուժ չէ, ընդդիմադիր է:
Հարցին, թե ո՞րն է այդ դեպքում «այլընտրանք»-ը, նա պատասխանեց. «Իսկ «այլընտրանք» բառը հայերեն բառ է, որը կարող եք փոխարինել «ընդդիմություն» բառով»:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, Արարատ Զուրաբյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը ՀՀ քաղաքացի է, ով իրավունք ունի զբաղվելու քաղաքական գործունեությամբ:
«Ցավում եմ մի բանի համար, որ նա, լինելով զինվորական, փառապանծ ճանապարհ անցած գեներալ-գնդապետ, երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, իր համար դա մի քիչ օտար գործառույթ է եղել: Ես դա զգացել եմ, երբ զրուցել եմ Սեյրան Օհանյանի հետ: Ինչևէ, դա նրա առաջին փորձն է: «Համախմբում» դաշինքում մարդիկ են, ովքեր ունեն մեծ քաղաքական փորձ: Հհաջողություն եմ մաղթում նրանց, թեև, իմ կարծիքով, նրանք մեծ արդյունքներ չեն գրանցի»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Նա չբացառեց հետընտրական զարգացումներում կոալիցիայի հնարավորությունը որևէ ուժի հետ` ավելի հավանական համարելով համագործակցությունը ընդդիմադիր դաշտի հետ:
«Անհնարին է, որ Հանրապետականը առաջին փուլում կայուն մեծամասնություն կազմի: Նախ` նման նախադեպ չի եղել: Եթե վերցնենք նախագահական ընտրությունները, անկախ ընտրակեղծարարության ծավալից, ճնշումներից, Հանրապետականի առավելագույն ցուցանիշը կազմել է 51-52 տոկոսը, այսինքն` մարդկանց 48 տոկոսը դեմ է Հանրապետականին»,- ասաց նա:
Ըստ Զուրաբյանի` Ծառուկյանը պաշտոնների չի ձգտում, այլ ցանկանում է փոփոխություններ կատարել: