Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Երկրի հյուրասրահ»-ում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Զրույցն ընթացել է ՀՅԴ գործունեության երեք հիմնական ուղղությունների շուրջ` Արցախ, Հայաստան և Սփյուռք: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է Արցախ կատարած իր վերջին այցի, տեղի ունեցած հանդիպումների և Արցախում մեկնարկած նոր քաղաքական գործընթացների մասին: Նա վստահեցրել է, որ Արցախի խնդրի հետ կապված Դաշնակցության դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա, և ՀՅԴ-ն շարունակում է պայքարը հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի անկախության ճանաչման:
Խոսելով Արցախում տեղի ունեցող վերջին կադրային փոփոխությունների մասին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ ՀՅԴ-ն ողջունում է դրանք և լիահույս է, որ նորանշանակ պաշտոնյաներն իրենց հայրենասիրության ու նվիրումի շնորհիվ կկարողանան շտկել ստեղծված իրավիճակն ու աշխուժացնել հասարակական կյանքը:
«Մենք պետք է կարողանանք կրկին միջազգային օրակարգ բերել Արցախի հարցը և վերականգնել հարցի կարգավորման մինչ այս եղած ձևաչափերը` գործադրելով բարեկամ երկրների հետ մեր ունեցած բոլոր կապերը»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը և հավելել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Արցախի հարցը փակված լինելու և ՀՀ իշխանությունների՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու գնով խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին հայտարարությունները կեղծ օրակարգեր են և անընդունելի ՀՅԴ-ի համար:
Անդրադառնալով Սփյուռքի կացությանը` Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է, որ հակառակ վերջին տարիներին Սփյուռքում ՀՀ իշխանությունների պառակտիչ գործունեությանը, արտերկրում ազգային և համահայկական կառույցները կանգուն են և շարունակում են իրենց գործունեությունը ի նպաստատ Հայաստանի և Արցախի, ի նպաստ Հայ դատի աշխատանքների: Հակոբ Տեր Խաչատուրյանի խոսքով` Սփյուռքը գիտի ինքզինքը կազմակերպել և դժվարին կացություններում հայրենիքին նեցուկ կանգնելու հենարաններ ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է միասնություն: Այս ճգնաժամային օրերին մեզ անհրաժեշտ է ազգային առողջ գիտակցություն ունեցող ուժերի համախմբում:
Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին: Նա ճիշտ քայլ է որակել ընդդիմության վերադարձը խորհրդարանական աշխատանքներին` նշելով, որ դա պայքարը շարունակելու և «Դիմադրություն» շարժումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար լրացուցիչ գործիք կդառնա ընդդիմության ձեռքին:
Մանրամասները՝ տեսանյութում