կարևոր
241 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-23 20:16
Քաղաքական

Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան

Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ»,- նշեց նա։

Նախարարը հայտարարեց նաև, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել կապերը Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ։

«Պատճառները շատ պարզ են. սրանք այն երկրներն են, որտեղ ժողովրդավարական արժեքներն ամենաուժեղն են, որտեղ մարդու իրավունքները լավ պաշտպանված են և որտեղ հասկացվում են համաշխարհային ժողովրդավարության առջև ծառացած ռիսկերը: Ավելին, այս երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանային գործընկերության լավագույն օրինակն է։

Մեր հասարակությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, հենց ժողովրդավարությունն էր պաշտպանում մեր երկիրը։

2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո, հաշվի առնելով ներքաղաքական ճգնաժամը, արտաքին ազդեցությունը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման փորձից հետո, Հայաստանի իշխանությունները որոշեցին ընտրություններ անցկացնել, այսինքն՝ կիրառվեց ժողովրդավարության հիմնական գործիքը։ Իշխանությունները ժողովրդին առաջարկեցին խաղաղության և ժողովրդավարության օրակարգ, և ժողովուրդն ընտրեց այս օրակարգը»,- եզրափակեց Միրզոյանը։