կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 13:08
Քաղաքական

Օրենքները թույլ են տալիս ձևավորել իշխանություն՝ առանց որևէ հեղափոխության. Արարատ Զուրաբյան

Օրենքները թույլ են տալիս ձևավորել իշխանություն՝ առանց որևէ հեղափոխության. Արարատ Զուրաբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Արարատ Զուրաբյանը, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, նշեց, թե ինչու նախընտրեց «Ծառուկյան» դաշինքը: Նրա խոսքով` ոչ վաղ անցյալում եղան սահմանադրական փոփոխություններ, որոնք ստեղծեցին նոր իրողություններ: Քաղաքական ուժերը սկսեցին տարաբնույթ բանակցություններ ու քննարկումներ միմյանց հետ: Այդ պրոցեսին մասնակցել է նաև ՀՀՇ-ն, և, բանակցելով Գագիկ Ծառուկյանի հետ, տեսել են, որ ունեն որոշակի մոտեցումների ընդհանրություն:

«Գագիկ Ծառուկյանի շուրջ ոչ վաղ անցյալում գործընթացներ էին ծավալվել, մենք գնահատեցինք նրա վերադարձը քաղաքականություն և որոշեցինք համատեղ հանդես գալ»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Նրա կարծիքով` մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը պատկառելի ներկայացվածություն կունենա խորհրդարանում:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀՇ-ն ժամանակին քննադատում էր ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ նա առաջ էր քաշել Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ հանդես գալու և բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու հնարավորությունը, իսկ հիմա դաշինք են կնքում Ծառուկյանի հետ, Զուրաբյանը նշեց. «Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները` գտնելով, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն անհեթեթ է: Այսօր ՀՀ օրենքները թույլ են տալիս քաղաքական ուժերին ձևավորել մեծամասնություն ու գալ իշխանության` առանց որևէ հեղափոխության»:

Ըստ Զուրաբյանի` «Ծառուկյան» դաշինքին միանալուց առաջ ՀՀՇ վարչության նիստ է գումարվել, բացակայել է միայն Ալեքսանդր Արզումանյանը, և բոլորը կողմ են եղել  այդ դաշինքին միանալուն և Արարատ Զուրաբյանի թեկնածությունը ռեյտինգային ցուցակով առաջադրելուն: Նա շեշտում է, որ ամեն համագործակցություն պետք է դիտարկել քաղաքական իրողությունների շրջանակում, քանի որ անհրաժեշտ են պրագմատիկ մոտեցումներ:

Ինչ վերաբերում է հարցին, թե չի՞ ափսոսում, որ այդ համագործակցության արդյունքում կորցրեցին այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին Ալեքսանդր Արզումանյանն է, ով հեռացավ ՀՀՇ-ից, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Հարգում եմ Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը: Նա եղել է և մնում է իմ ընկերը, բայց նա որոշել է դադարեցնել իր անդամակցումը ՀՀՇ-ին, ընդ որում` Ալեքսանդր Արզումանյանն այդ որոշումն ավելի վաղ է կայացրել, քան «Ծառուկյան» դաշինքին միանալու մեր որոշումը»: