Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց ուսանողական աշխատաժողովով. հայաստանյան բուհերի ուսանողները քննարկեցին իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ազդարարելով որակի շաբաթվա մեկնարկը, նշեց, որ ՈԱԱԿ-ը կարևորել ու կարևորում է ուսանողակենտրոն կրթությունը, և պատահական չէ, որ մեկշաբաթյա միջոցառումները մեկնարկում են ուսանողների խնդիրների քննարկմամբ:
Պարոն Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի շաբաթն առանձնահատուկ է, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու, գնահատման սովորեցնող լինելու հանգամանքները և այլն:
Աշխատաժողովի ընթացքում ուսանողները քննարկեցին, թե ինչպիսի ուսուցում են ակնկալում ուսումնական հաստատություններից: Գերակշռում էր տեսակետը, որ համալսարանում ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիքներ, որ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե լեկցիաներ թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու ստացած տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով:
Կրթական գործընթացներում գործատուների ներգրավվածության հարցը քննարկելիս շեշտադրվեց, որ բուհն ինքը պետք է նախաձեռնի գործատուների հետ կապի հաստատումը: Միջոցառման մասնակիցների կարծիքով դասախոսների թվում զգալի տոկոս պետք է կազմեն գործատուները, որոնք աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ:
Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթության բացերը: Կարևորվեց, որ մագիստրատուրայում սովորողը դիտվի նաև պոտենցիալ աշխատուժ և համալսարանն ավարտելիս ունենա որոշակիորեն մշակված առաջարկներ կամ նախագծեր, որոնք կյանքի կկոչի ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համագործակցությամբ:
Ուսանողներին ներկայացվեց նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը, որն աջակցում է ուսանողներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչպես նաև պատրաստում է ուսանող-փորձագետներ հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար: Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին կրթության որակի ապահովման գործընթացների մասնակից լինելու հնարավորությունը:
«Փոփոխությունները սկսվում են, երբ մարդիկ խոսում են: Եվ շատ կարևոր է, երբ ուսանողների ձայնն է լսելի, երբ նրանք բարձրաձայնում են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, քանի որ կրթության հիմնական շահառուն հենց ուսանողներն են»:
Աշխատաժողովը եզրափակվեց մոտիվացիոն ելույթներով. հաջողության իրենց փորձով կիսվեցին Պարարվեստի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը, Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ի հիմնադիր Արմենակ Մինասյանցը և Ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 21-ին կքննարկվեն երիտասարդ դասախոսների խնդիրները, փետրվարի 22-ին՝ մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությունը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին: