կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 13:35
Քաղաքական

Դաշնակցության տեսակետը նույնն է. Դավիթ Իշխանյանը` Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին

Դաշնակցության տեսակետը նույնն է. Դավիթ Իշխանյանը` Արցախի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին

Արցախում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. Արցախի բնակչությունը որոշելու է կառավարման կիսանախագահական համակարգից անցնել լրիվ նախագահական համակարգի:

Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկ անգամ ևս հաստատեց ՀՅԴ կարծիքը, որ իրենք դեմ են այդ սահմանադրական փոփոխություններին և կողմնակից են, որ անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին:

Նա անհասկանալի համարեց այն պնդումները, թե  քանի որ Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում, ապա պետք է ունենա կառավարման նախագահական համակարգ: «Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծը փորձում են կապել պատերազմող Արցախի հետ և անհրաժեշտություն են համարում նախագահական կառավարման համակակարգը: Սա մի տեսակ անհասկանալի է. արդյո՞ք ՀՀ-ն հենց այդ նույն պատերազմական իրավիճակում չէ, իսկ ՀՀ-ում ընդունվեց կառավարման խորհրդարանական համակարգը: Արդեն իսկ ինչ-որ տեղ անհասկանալի և չբացատրվող կետեր կան»,- ասաց Իշխանյանը, ապա հավելեց. «Դաշնակցության տեսակետը նույնն է և նույնն  էլ կմնա: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էր ճիշտ ՀՅԴ որդեգրած գիծը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ  ժամը 12-ի դրությամբ ԿԸՀ-ն տվել է պաշտոնական տեղեկատվություն, որ կա մոտ 18% մասնակցություն: «Հատուկ աղաղակող երևույթներ չկան: Մենք մշտական կապի մեջ ենք շրջանային մեր շտաբների, ընտրական հանձնախմբի մեր անդամների հետ. որևէ առանձնակի մտահոգող փաստեր, գոնե այժմ, չկան»,- ասաց նա:

Ըստ Իշխանյանի` շատ կարևոր են դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող տարբեր երկրների ներկայացուցիչների տեսակետները, որոնք հանրաքվեի արդյունքներից հետո կներկայացվեն: «Նախքան այդ տեսակետների հրապարակումը` արդեն իսկ նրանց ներկայության փաստը պիտի արձանագրենք, որ շատ կարևոր է հատկապես վերջին շաբաթների` Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ»,- ասաց նա, ապա հավելեց.  «Դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող տարբեր երկրների ներկայացուցիչները մեկ անգամ ևս իրենց պատկերացումները, իրենց համոզումները կհստակեցնեն անկախ Արցախի Հանրապետության ներկայի, ինչու չէ` նաև ապագայի մասին»: