կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 20:37
Հասարակություն

«Կրկնուսույցներից կձերբազատվենք». դպրոցի տնօրենները գոհ են փոփոխություններից

«Կրկնուսույցներից կձերբազատվենք». դպրոցի տնօրենները գոհ են փոփոխություններից

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ ավագ դպրոցների ուսումնական ծրագրերը պետք է բեռնաթափել: Դրա հետ կապված` մի շարք փոփոխություններ կյանքի կոչվեցին, մասնավորապես` աշակերտներին հնարավորություն ընձեռվեց ավարտական քննությունները հանձնել մեկ կիսամյակ շուտ: Մի խումբ աշակերտներ արդեն իսկ հանձնել են իրենց քննությունները և այժմ միայն իրենց ընտրած երեք առարկաների ուսումնասիրմամբ են զբաղված: Yerkir.am-ը զրուցել է Երևանի և մարզերի դպրոցների տնօրենների հետ` փոփոխությունների վերաբերյալ նրանց տեսակետն իմանալու համար:

Երևանի թիվ 118 ավագ դպրոցի փոխտնօրեն Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ծրագրային փոփոխությունն, իր կարծիքով, դրական է, ավելին` աշակերտների շահերից կբխի, որ 11-րդ դասարանի վերջում հանձնեն քննությունները, որպեսզի 12-րդ դասարանում իրենց անհրաժեշտ առարկաները միայն ուսումնասիրեն: «Ճիշտ է, նոր է փոփոխությունը կյանքի է կոչվել, սակայն արդեն ակնհայտ է, որ այն դրական ուղղվածություն ունի: Եթե աշակերտները 11-րդ դասարանի վերջում հանձնեն քննությունները, վերջին 1 տարում կֆիքսվեն իրենց մասնագիտական առարկաների վրա»,- ասաց նա:

Երևանի թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանն էլ նշեց, որ չի կարող ասել, որ հիացած է նոր համակարգով, բայց վատ չէ: «Նորություն էր և ինչ-որ տեղ աշակերտի օգտին փոփոխություն: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այդ կերպ աշակերտին ժամանակ է տրվում, որ վերջին կիսամյակում կոնկրետ իր ընտրած երեք առարկաներով զբաղվի»,- նշեց նա:

Երևանի թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանը հավաստիացրեց, որ ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ տնօրեններն էլ առաջարկել են հաջորդ տարվանից ավելի բեռնաթափել 12-րդ դասարանը և քննությունները 11-րդի վերջում հանձնել, որպեսզի 12-ում աշակերտն ավելի ազատ լինի իր ընտրած առարկաների մեջ խորանալու համար: «Եթե 12-րդ դասարանը պետք է կրկնողության ծրագիր իրականացնի, ուրեմն արդյունավետ է` 11-ով ավարտենք: 12-րդ դասարանն առանց լարվածության պետք է ընթանա: Փոփոխությունները միշտ էլ պայմանավորում են որոշակի արդյունավետություն, բայց հիմա մի քիչ սպասել է պետք: Մենք առաջիկայում նորից հավաքվելու ենք նախարարի հետ և քննարկելու բոլոր հարցերը»,- ասաց տնօրենը:

Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանի կարծիքով` արդյունավետ կլինի, որ 11-րդ դասարանի վերջում հանձնեն քննությունները. կրկնողությունը 1 տարի կլինի և կրկնուսույցի կարիք ընդհանրապես չի զգացվի: «Մեր աշակերտներն, օրինակ, օրական 3 ժամ կենսաբանություն և քիմիա են անցնում, և ոչ մի կրկնուսույց ամեն օր այդքան ժամանակ չի տրամադրում մեկ առարկայի: Մենք չենք կարող երեխային արգելել կրկնուսույցի մոտ գնալ, բայց խելացի ծնողը կվստահի դպրոցին և արդյունք կունենա` առանց ավելորդ գումար ծախսելու, այսինքն` մենք կրկնուսույցներից ձերբազատվում ենք»,- ասաց Ազնավուրյանը:

Ճամբարակի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Մկրտչյանն առաջարկում է` նախ ուսուցիչներին վերապատրաստել, որպեսզի ավելի արդյունավետ լինեն արդյունքները: «Առաջին կիսամյակի ավարտին քննություն հանձնելը մի քանի խնդիր է լուծում` երեխան կրկնուսույցի մոտ չի գնում և ազատ ժամանակն էլ փողոցներում չի անցկացնում, դպրոցում պարապում է` մեր վերահսկողությամբ: Բայց փոփոխության դրական կողմը նախ պետք է ծնողներին հասցնել, որ աշակերտներին այլևս չուղարկեն կրկնուսույցների մոտ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ, ԿԳ նախարարի խոսքով, ավագ դպրոցի ծրագրերի բեռնաթափումն անհրաժեշտություն է: Այդ տեսանկյունից` ավագ դպրոցի առջև երկու կարևոր խնդիր է դրվում: Առաջին՝ ավագ դպրոցը սովորողին պետք է ապահովի գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են նախընտրած  մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, երկրորդ՝ ավագ դպրոցում պիտի դաստիարակվի նաև քաղաքացի: