Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա դժգոհեց, որ քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել «Ծառուկյան» դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։
«Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու, ու այնտեղ այն կներառեք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ համաձայն չէ օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, որ անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն ապացուցվի, որ դա կարող է օգտագործվել իր դեմ։
«Ո՞վ է այդ ողջամտորենն ապացուցողը։ Եթե չապացուցվի, ուրեմն անձը պետք է ցուցմունք տա իր մերձավորի դեմ։ «Ողջամտորեն» բառը սարքել եք մանտրա միայն նրա համար, որ կոնկրետ կալանավորի վերաբերյալ, կոնկրետ քաղաքական դրդապատճառներից ելնելով, ոնց ուզեք այդ բառը շահարկեք»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցով հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ապացույցների տեսաձայնագրումով հավաքագրումը կդիտվի որպես ապօրինի ու ոչ իրավաչափ։
Ինչ վերաբերում է ցուցմունք տալու ողջամտությանը, ապա փոխնախարարը նշեց. «Անձն ինքն է ենթադրելու` այդ ցուցմունքը հետագայում իր մերձավորի դեմ օգտագործվելու է, թե` ոչ, սակայն սա չի նշանակում, որ դա լինելու է բացարձակ իրավունք։ Եթե վկային կանչեն, ասեն` դու էիր այնտեղ նստած, տեսար Պողոսն էր և Պետրոսը, ո՞վ սպանեց Մարտիրոսին, կա'մ Պողոսն էր, կա'մ Պետրոսը, այդ դեպքում անձը չի կարող ասել՝ ոչ, ես կարծում եմ՝ սա իմ դեմ է օգտագործվելու, ոչինչ չեմ ասի։ Համաձայնեք, որ սա ողջամիտ չէ ու քրեական գործերը փակուղի կբերի։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կամ դատարանը գտնի, որ այստեղ ողջամտություն չկա, անձը կարող է պատասխանատվություն կրել ցուցմունք չտալու համար»։