կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-17 15:11
Քաղաքական

Միակ մարդը, ով այս փոփոխություններից տուժել է, Գալուստ Գրիգորիչն է. Մարուքյանը՝ Սարգսյանին

Միակ մարդը, ով այս փոփոխություններից տուժել է, Գալուստ Գրիգորիչն է. Մարուքյանը՝ Սարգսյանին

Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես շատ եմ քննադատել սահմանադրական բարեփոխումները, բայց պարզվեց` այդ բարեփոխումները մի շատ լավ կողմ ունեն: 6 տարվա մեջ առաջին անգամ, ինչ ես ԱԺ պատգամավոր եմ, վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը, և մենք կարող ենք նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ: Մենք վերջապես կարող ենք պաշտոնյային ասել, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի ներկայիս կառավարման համակարգը կեղծ է: «Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս, ասում են` իրեն ասա: Սա է մեր երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք բարեփոխումների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ դուք ոչ մի բարեփոխում այլևս չանեք: Ինչքան դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս է եկել վատ բան»,- հայտարարեց Մարուքյանն ու իր դժգոհությունը հայտնեց նախարարների գործունեությունից:

«Պարո'ն Սարգսյան, Ձեր առողջապահության նախարարն ամեն օր անում այնպիսի բան է մտածում, որ մարդկանց համար անհարմար լինի, նա ձեզ զեկուցե՞լ է այդ մասին: Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է, ու ինքը պետք է դրանով զբաղվի: Որտեղի՞ց եք փնտրում այդ մարդկանց»,- ասաց նա, ապա անդրադարձ կատարեց հաճախ քննարկվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը. «Հյուսիս-հարավ ավտոճանապարհը չի վերջացել, դա սկսվել է այնտեղից, որտեղ ամենալավ ճանապարհն էր: Կարելի՞ էր, արդյոք, սկսել այնտեղից, որտեղ ամենալավն էր: 10 տարի է` Հյուսիս հարավից ենք խոսում: Հիմա վարկը կա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա»:

Մարուքյանի խոսքով` բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է համակարգում պահել նույն մարդկանց: «Միակ մարդը, ով այս փոփոխություններից տուժել է, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է, ոչ մի ուրիշ բան դուք չեք փոխում: Մարդիկ գիտեն, որ Դուք դառնաք վարչապետ, Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք Հայաստանի արտգործնախարար, մի մարդ, ով երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է»,- ասաց նա:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետին: «Իմ տպավորությամբ երկրում կա երկու աշխարհ` Ձեր աշխարհը և աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք` ինչ է տեղի ունենում: Ձեր աշխարհում շրջապատել եք Ձեզ մարդկանցով, ովքեր Ձեզ չեն ասում, թե ինչ է կատարվում երկրում: Պարո'ն Սարգսյան, մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ է»,- նշեց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև փողոցներում տեղի ունեցող` անհնազանդության գործողություններին: «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, ու ժամեր անց, երբ Դուք դառնաք Հայաստանի Հանրապետության վարչարպետ, ձեզ են մեղադրելու, եթե որևիցե մեկի քթից արյուն եկավ, որովհետև, ձեր ձևավորած Սահմանադրության համաձայն, ոստիկանապետը ենթարկվում է Ձեզ»,- ասաց նա` նշելով, որ իրենց թիվ մեկ խնդիրն է` թույլ չտալ, որ ուժ կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ:

«Բարի գալուստ լուսավոր Հայաստան: Դուք գալու եք էստեղ, և այդ հարցերը մենք ձեզ տալու ենք»,- եզրափակեց Մարուքյանը: