կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 17:07
Առանց Կատեգորիա

Ի՞նչ սպասել սահմանադրական փոփոխություններից

Ի՞նչ սպասել սահմանադրական փոփոխություններից

Նոր Սահմանադրության առաջին յոթ գլուխների նախագծի նախնական տարբերակը հրապարակվեց: Չնայած թվում էր, թե խնդիր է դրված բարեփոխել գործող Սահմանադրությունը, սակայն հանրությանն է ներկայացվել է ամբողջապես նոր Սահմանադրության նախագիծ: Դա տրամաբանական է` անցում է կատարվում նոր` խորհրդարանական կառավարման մոդելի: Նախագահի ինստիտուտի թուլացման հաշվին ուժեղացվում են օրենսդիր և գործադիր իշխանության թևերը, որոշակիորեն բարձրացվում է դատական համակարգի ֆորմալ անկախության մակարդակը: Թե ինչպիսի՞ լուծումներով է դա ապահովվում, որքանո՞վ են այդ լուծումներն արդյունավետ, լուրջ քննարկման առարկա է:

Տվյալ պահին կարելի է կատարել մի քանի նախնական դիտարկում: Նախ` առաջարկվում է մեթոդաբանական, կառուցվածքային և բովանդակային առումով նոր Սահմանադրություն: Բավական է միայն նշել, որ նախագծի ներկայացված մասը բաղկացած է 171 հոդվածից, ինչը նշանակում է, որ ամբողջական տեքստում հոդվածների թիվը կարող է անցնել 200-ից: Մինչդեռ գործող Սահմանադրությունն ունի ընդամենը 117 հոդված:

Յուրաքանչյուր հոդված բաղկացած է մասերից, այսինքն` իրավակարգավորումները խիստ մանրամասնվել են և կոնկրետացվել: Խոսքը հատկապես վերաբերում է Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների գլխին: Ավելացվել է փաստացի մի նոր գլուխ` «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետական քաղաքականության հիմնական նպատակները»: Այն առավելաբար պարունակում է ոչ թե իրավանորմեր, այլ ծրագրային հիմնադրույթներ նշված ոլորտներում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբեյալ: Դա փոխում է Սահմանադրության մասին` մեզանում առկա պատկերացումները:

Թեև նախագահի գործառույթներն ու իրավասությունները զգալիորեն նվազում են, իրականում նախագահը չի վերածվում «անգլիական թագուհու», ինչպես ենթադրում է դասական խորհրդարանական համակարգը: Նախագահը միջնորդավորված ակտիվ դերակատարություն է ունենալու բոլոր երեք իշխանական թևերի գործունեության մեջ` ոչ միայն զուտ արարողակարգային հարցերում, այլ նաև քաղաքական որոշումների կայացման և հատկապես` կադրային քաղաքականության: Մասնավորապես` նա ունենալու է առանձին դեպքերում միջազգային պայմանագրեր վավերացնելու, դատավորներ նշանակելու, կառավարության կազմում փոփոխություններ կատարելու,  զինված ուժերի և այլ զորքերի բարձրաստիճան հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու և այլ լիազորություններ: Թեև այդ լիազորությունները միջնորդավորված են կա\'մ վարչապետի, կա\'մ խորհրդարանի, կա\'մ բարձրագույն դատական խորհրդի կողմից, սակայն ֆորմալ մասնակցությունն ամրագրում է նրա առարկայական պատասխանատվությունը:  

Նման մոտեցումը պատահական չէ: Հայաստանում քաղաքական և վարչաիրավական իշխանությունները միշտ չէ, որ նույնական են: Սահմանադրությունը կարող է իշխանությունը կենտրոնացնել վարչապետի ձեռքում, բայց բուն քաղաքական իշխանությունը շարունակի մնալ, օրինակ, նախագահի ձեռքում: Եվ այս պարագայում վարչապետի կողմից ներկայացված փաստաթղթերը նախագահի կողմից ստորագրելը կամ չստորագրելը դառնում է շատ ավելի որոշիչ, քան այդ ակտերը նրան ներկայացնելը: Այսինքն` սա մի մեխանիզմ է, որը թույլ է տալիս քաղաքական մեծամասնություն ունեցող ուժին և նրա ղեկավարին մանևրել քաղաքական իշխանությունը պետական իշխանության տարբեր օղակների միջոցով իրացնելու, այդ քաղաքական իշխանության շարունակականությունն ապահովելու համար: Խնդիրը ոչ թե իշխանության թևերի հարաբերակցության մեջ է, այլ այն բանի, թե ինչպես է իշխանությունը ձևավորվում, որքանով է ընտրական համակարգը սահմանափակում իշխանության` վերարտադրվելու, մենիշխանություն կամ կուսակցապետություն հաստատելու հնարավորությունը:

Իսկ Սահմանադրության այս նախագծով ընտրական համակարգը ԱԺ-ի և նախագահի ընտրությունների մասով դառնում է բազմաստիճան: Ներդրվում է ԱԺ ընտրությունների երկաստիճան համակարգ: Եթե առաջին փուլում որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմում, առավելագույն ձայներ ստացած երկու ուժերի միջև անցկացվում է նոր ընտրություն: Այս մեխանիզմն ընտրվել է` ընտրությունների արդյունքներով պայմանավորված քաղաքական ճգնաժամերը երկրում բացառելու համար: Թերևս սա է համարվել խորհրդարանական համակարգին անցնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանի արտահայտած` «կառավարման համակարգի կայունության» ապահովման մտահոգությունը փարատելու միջոցը:

Իսկ նախագահն ընտրվելու է անուղղակի` պատգամավորների և նրանց թվին հավասարեցված թվով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից կազմված ընտրիչների կողմից: Սա ենթադրում է, որ նախքան նախագահի ընտրությունը պետք է նախ տեղի ունենա ընտրիչների ընտրություն: Հայաստանի ներկայիս քաղաքական կոնյունկտուրայի շրջանակում, որտեղ գրեթե բոլոր ՏԻՄ ղեկավար մարմինները ներկայացնում են գործող քաղաքական մեծամասնությունը, առաջանում է ռիսկ, որ նախագահը լինելու է ոչ այնքան ազգային միասնության մարմնավորում, ինչպես սահմանվում է այս նախագծով, որքան` տվյալ պահի քաղաքական իշխանության ամբողջատիրական հավակնությունների: Այսինքն` ինչպես էլ պտտվում ենք, կանգնում ենք նախևառաջ լիարժեք գործի ընտրական համակարգ ունենալու հրամայականի առաջ:

Գևորգ Դարբինյան                 :