Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ 4 ամիս տևած դադարից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննությունը: Նշենք, որ այս ընթացքում տարբեր պատճառներով դատական նիստեր չէին կայանում: Մինչ նիստի սկսվելը Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադևոս Ալեքսանյանը բարձրացրեց Մոսոյին պատկանող մեքենայի վերադարձման հարցը:
Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Ավտոմեքենան, որն այս գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել, ըստ պաշտպանի, 3 տարի է` արևի տակ կանգնեցված է: «Ի՞նչ է լինելու Մոսոյի մեքենան ի պահ հանձնելու հարցը»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան` նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ իրեղեն ապացույցների հարցին կանդրադառնա դատավճռով:
Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, իրեղեն ապացույցները և առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօրվա նիստին չէին ներկայացել երկու կարևորագույն վկաներ, որոնց դատարանը դեռևս նախորդ տարի էր ծանուցել: Հաշվի առնելով, որ վկաներից մեկը բացակայում է հանրապետությունից, իսկ մյուսին չի հաջողվել հայտնաբերել և բերման ենթարկել, դատարան որոշեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները: