Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն»-ը հաղորդում է. «Այսօր տեղի կունենա ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա պատանու հուղարկավորությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը: Սմբատ Ցականյանին հողին կհանձնեն Նոր Էրքեջի հարևանությամբ գտնվող Չարեք Տար գյուղում, այնտեղ Ցականյանների ընտանեկան գերեզմանատունն է:
Նշենք, որ հուլիսի 4-ից անհետ կորած 17-ամյա Սմբատի դին երեկ կեսօրին մոտ վերջապես հայտնաբերվեց: Երեկ պատանու դին տեղափոխել էին Ստեփանակերտ՝ փորձաքննության: Դեռևս պարզ չէ, թե քանի օր առաջ է սպանվել պատանին, սակայն գյուղապետի փոխանցմամբ՝ դիակի վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ այն արևի տակ մնացել է 6-7 օր: Նշենք, որ մոտակա գյուղերի բնակիչները, նաև Սմբատի հարազատները ավելի քան մեկ շաբաթ անարդյունք փնտրում էին տղային: Արա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նրա տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:
«Արդեն որ էդ թուրքերը կային՝ հիմնական կասկածը դրանց վրա էր», - փոխանցեց գյուղապետը՝ ի պատասխան «Ազատության» հարցի հաստատելով, որ հենց նրանք են ասել տեղը՝ հարցաքննության ժամանակ։ Նշենք, որ այսօր Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղարաբաղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սմբատ Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների Քարվաճառ ներթափանցմանը և պատանու սպանությանը՝ Նոր Էրքեջի գյուղապետն ասում է, թե չէին սպասում, որ կարող էր նման բան պատահել: Արա Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս դեպքը հաշվի առնելով՝ գյուղացիները այսուհետև ավելի զգոն պետք է լինեն, եթե տարածքում օտար մարդկանց են տեսնում, ապա անմիջապես պետք է ահազանգեն : «Մի քիչ շատ էինք մենք մեզ ազատ պահում, սրանից հետո պիտի մի քիչ զգույշ լինենք, էդ ա: Չէինք սպասում էն, ինչ կատարվեց։ Հիմա պետք է զգույշ լինենք, ուրիշ ոչ մի բան, որ սաղ ժողովուրդը զգույշ լինի, անծանոթ մարդ տեսնեն միանգամից հայտնեն՝ էս ամեն ինչը կկանխվի», - ասաց գյուղապետը»։