կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 17:48
Իրավական

ՄԻ պաշտպանը մտահոգված է...

ՄԻ պաշտպանը մտահոգված է...

Հոկտեմբերի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել երեք քաղաքացիներից` Էջմիածին-Երևան և Աբովյան-Երևան ուղղություններով ուղևորափոխադրումների դադարեցման վերաբերյալ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Կարեն Անդրեասյանն անմիջապես պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Նա պահանջել է ուսումնասիրել քաղաքացիների ներկայացրած տեղեկությունները եւ դրանք հիմնավորվելու դեպքում` հաստատված չվացուցակների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ միջոցառումներ:

 

Պաշտպանի գրությանն ի պատասխան` նախարարի կողմից հաստատվել է ուղևորափոխադրումների չկատարման փաստը, որի հետևանքով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախազգուշացվել են բոլոր (այդ թվում` Էջմիածին և Աբովյան քաղաքները սպասարկող) փոխադրող կազմակերպությունները: Հայտարարվել է, որ նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:

 

Դրական գնահատելով նման արձագանքը` Անդրեասյանը, այնուամենայնիվ, մտահոգված է հանրապետական երթուղիներում հանրային տրանսպորտի աշխատանքի խափանման և ուղևորափոխադրումների խոչընդոտման նման դրսևորումներով և առաջարկում է բոլոր փոխադրող կազմակերպություններին զերծ մնալ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը խոչընդոտելու ցանկացած փորձից և օրենքով սահմանված պահանջների խախտումներից:

 

Պաշտպանը հիշեցնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը և թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ: