կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 11:46
Իրավական

Ոստիկաններն առանց փրկարարների են փնտրում Մոսոյի ենթադրյալ դին

Ոստիկաններն առանց փրկարարների են փնտրում  Մոսոյի ենթադրյալ դին

Արդեն մի քանի օր է, ինչ ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները չեն մասնակցում Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի դիակի որոնման աշխատանքներին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց որոնողական աշխատանքներում ներգրավված փրկարարների աշխատանքները համակարգող` ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Նա նշեց, որ, եթե համապատասխան մարմինները դիմեն, իրենք պատրաստ են աջակցել:

 

Շուրջ մեկ ամիս է` ընթանում են դիակի որոնողական աշխատանքները և, հաշվի առնելով ոստիկանության տարածած այն տեղեկությունը, որ Մովսես Ներսիսյանը սպանվել է Արթուր Սաֆարյանի սպանությունից` հունվարի 27-ից հետո, ստացվում է, որ դիակը թաքցնելու դեպքից անցել է մոտ 50 օր, ինչը բավարար ժամանակահատված էր, որպեսզի դիակը քայքայվեր: Սակայն, չնայած դրան, ոստիկանությունը չի դադարեցնում որոնողական աշխատանքները, քանի որ, առանց սպանության ապացույց հանդիսացող դիակի հայտնաբերման, իրենց բացահայտումները «ջուրը կլցվեն»:

 

Հարց է առաջանում` նման պարագայում ինչո՞ւ գործով կալանավորված Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքներից չի հանվում 104-րդ` սպանության հոդվածը: Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանի խոսքով` հնարավոր է, որ Մովսես Ներսիսյանը կենդանի է, և գործում չկա մի ապացույց, որը փաստի, որ նրան սպանել է իր պաշտպանյալը: Մոսոյի ողջ լինելու մասին կասկածներ է հայտնել նաև Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նշենք, որ նա միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին իր պաշտպանյալի մասով գործը կարճելու վերաբերյալ:

 

Գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության հատկապես կարևոր գործերով վարչությունը: Քննչական խմբի ղեկավարն է վարչության քննիչ Հովիկ Պողոսյանը: