կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 16:43
Իրավական

Մոսոյի դիակը հասել է Արա՞քս

Մոսոյի դիակը հասել է Արա՞քս

Այս պահին Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին շարունակվում են Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի (Մոսո) դիակի որոնողական աշխատանքները: Նշենք, որ, ըստ նախաքննության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Այսօր որոնողական աշխատանքներին ականատես եղավ նաև yerkir.am-ի լրագրողը:

 

Նշենք, որ դեպքի վայրում էին ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը, ԵՔՎ քրեական հետախուզության օպերատիվ խումբը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները: Որոնողական աշխատանքները, որոնք սկսվել էին փետրվարի 18-ից, ընթանում են ամեն օր` առավոտից մինչև մութն ընկնելը:

 

Կոյուղագործները, ովքեր շուրջ 50 դիտահոր են արդեն բացել, մեր այցելության ժամանակ հերթական հատվածն էին բացում: Նրանք սպասում էին ջրի քամվելուն, որից հետո միայն հնարավոր կլիներ շարունակել դիակի որոնումը: Մասնագետները հիմնականում բացում էին այն հատվածները, որտեղ հնարավոր էր կատարել աշխատանքները:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ընթերակա ներկայացած անձը նշեց, որ կոյուղաջուրը հնարավոր է դիակը տարած լինի: Նա միաժամանակ չբացառեց, որ դիակը հնարավոր է կոյուղու մի հատվածում խցանված լինի:

 

Նշենք, որ կոյուղաջուրը, որի մեջ ամբողջությամբ աղբ ու տիղմ էր, Չարենցավան քաղաքից հասնում է մինչև Աերացիա, որտեղ մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Այս պահին դեռևս դիակ չի հայտնաբերվել:

 

Yerkir.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են փնտրում Մոսոյի դին: