Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում երեկ երեկոյան ինքնասպանություն է գործել ամիսներ առաջ Մալաթիայում եղբորը կացնահարելու մեջ մեղադրվող՝ 36-ամյա Կարապետ Կարապետյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հոգեբուժարանից: Մեզ հայտնեցին, որ երիտասարդը կախվել է ծխասենյակի պատուհանի ճաղավանդակից՝ սավանի միջոցով:
«Մտել էր՝ ծխելու, մի քանի րոպե դուրս չի եկել, սանիտարն ասել է՝ դուրս արի, պատասխանել է՝ հլը չեմ վերջացրել, մի քանի րոպե հետո եկել, տեսել են՝ կախվել է: Անմիջապես կտրել են սավանը, իջեցրել են, արհեստական շնչառություն են տվել, շտապօգնության բրիգադի աշխատակիցներն էլ են նման փորձեր արել, բայց նա արդեն մահացած է եղել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի բժիշկը:
Նրա խոսքով՝ Կարապետն իրենց մոտ էր տեղափոխվել ծանր փսիխոզով: «Որոշակի առաջընթաց էր նկատվում մոտը, լարվածությունն անցել էր, պարզապես միշտ անտրամադիր էր»,- ասաց նա և հավելեց, որ Կարապետը երբևէ իր մտադրության մասին չի հայտնել, վարքից էլ չի զգացվել, որ հնարավոր է նման քայլի դիմի:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էր նույն տան բնակիչ՝ 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով: Նախաքննությամբ պարզվել էր, որ Վլ.Կարապետյանի գլխին կացնով հարվածներ էր հասցրել նրա եղբայրը՝ Կ.Կարապետյանը: Նա ինքնախոստովական ցուցմունք էր տվել և հայտնել, որ եղբայրը մշտապես ծաղրում էր իրեն, ընկերների մոտ ստորացնում: Օգոստոսի 20-ին Կ. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Մեր տեղեկություններով՝ Կարապետ Կարապետյանը հոգեկան խնդիրների պատճառով ժամանակին կիսատ էր թողել ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպանված երիտասարդին հայտնաբերել էր մայրը: Սպանված Վլադիմիր Կարապետյանն ամուսնացած չէր, նախկինում դատապարտված էր եղել, բնակվում էր եղբոր հետ: