կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 17:53
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբորը «սպանած» Մոսոն անաղմո՞ւկ է սպանվել. դատարանում նոր հանգամանքներ են պարզվում

Կայարանցի Թևոսիկի եղբորը «սպանած» Մոսոն անաղմո՞ւկ է սպանվել. դատարանում նոր հանգամանքներ են պարզվում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին մի խումբ վկաներ, այդ թվում` նախաքննության ընթացքում որպես ընթերակա ներգրավված Սերժիկ Կիրակոսյանը: Նա, ով իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ՀՀ ոստիկանությունում նախորդ տարվա փետրվարին մասնակցել է մի անձի խուզարկության, ում անունը Իսրայել է եղել, դատարանում հայտնեց, որ չգիտի, թե ինչի համար են իրեն հրավիրել դատարան, ավելին` չի հիշում` իրեն ինչ-որ գործո՞վ կանչել են ոստիկանություն, թե՞ ոչ: Նա իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ խուզարկվողի մոտից հայտնաբերվել են դրամապանակ, հեռախոս, գոտկատեղին դրված ատրճանակ, հայտնաբերվածը փաթեթավորվել է, ինքը չի տեսել, որ Իսրայելի վրա ինչ-որ մեկն ատրճանակ դնի, այն եղել է նրա գոտկատեղին: Վկան դատարանում հաստատեց, որ գրվածն իր ձեռագիրն է, սակայն թե ի՞նչ հանգամանքներում է գրել և ե՞րբ, այդպես էլ չմտաբերեց:

Այս կապակցությամբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը նշեց, որ այս ամենը ոստիկանության սխալ աշխատանքի արդյունքն է: «Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է Մաշտոցի փողոցի շուկայի դիմացից, շատ ժամանակ անց միայն ընթերակա են բերում, ավելացնում»,- ասաց նա:

Վկաներից Վլադիմիր Ղազարյանն էլ հայտնեց, որ Իսրայելն իր տղայի հարսանիքի քավորն է, և ինքն ու Իսրայելին ճանաչողները չեն հավատում, որ նա նման բան արած լինի: Նա նշեց, որ ճանաչում է նաև Մովսես Ներսիսյանին, ում հետ, սակայն, սովորական հարաբերություններ է ունեցել և ճանաչել է` որպես համագյուղացու:

Ներսիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադևոս Ալեքսանյանի հարցին, թե տեղյա՞կ է, որտեղ է այժմ Մոսոն, վկան պատասխանեց՝ ոչ:

Վկաների թվում էին նաև «Մագնում» հյուրանոցի աշխատակիցները: Հիշեցնենք որ, ըստ նախաքննության տվյալների, Իսրայել Սարգսյանը Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին հենց այս հյուրանոցի համարներից մեկում էր իբր սպանել, ապա դիակը տեղափոխել ու նետել Քանաքեռ ավանի դիտահորը:

Գործով վկա` «Մագնում» հյուրանոցի մենեջեր Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ հյուրանոցի տարածքում տեսանկարահանող սարքեր չկան, և իրենց հյուրանոցն այնպես է կառուցված, որ իրենք իրենց հաճախորդներին չեն տեսնում, քանի որ նրանք մեքենաներով հյուրանոցի հետևի մուտքով են մտնում:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին, թե հնարավո՞ր է դեպք տեղի ունենա, օրինակ`  կրակոցի կամ ճչոցի ձայներ չլսվեն, մենեջերը պատասխանեց. «Բացառվում է, որ մեր մոտ կրակոց հնչած լինի կամ բարձր ճչոց, չլսենք»: Վկան նաև փաստեց, որ եթե սենյակում ինչ-որ դեպք տեղի ունեցած լիներ՝ առարկաներ կոտրված լինեին, հավաքարարները կնկատեին: Վկայի խոսքով՝ հետո հյուրանոց են եկել փորձագետներ և սենյակը զննելիս գետնին երկու սև կետեր հայտնաբերել, իսկ թե ի՞նչ կետեր էին դրանք, ինքը չգիտի:

Նշենք, որ, ըստ նախաքննական տվյալների, դրանք Մոսոյի արյան հետքերն էին:

Գործով վկա` «Մագնումի» հեռախոսավարուհին նույնպես փաստեց, որ եթե իրենց մոտ ինչ-որ բան եղած լիներ, կիմանային, իսկ դեպքի մասին ինքն իմացել է համացանցից:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 7-ին: